| |
|
| 08 Նոեմբեր [03:24] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Էջմիածնից մինչեւ Արտիմետ ճանապարհահատվածն ահավոր վիճակում է: Նման ճանապարհ մեկ էլ Ջավախքում եմ տեսել, որտեղ հայությանը պահում են շատ վատ վիճակում: Նույնն այսօր կատարվում է մեր երկրում: Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը գյուղապետ Զավեն Միրզախանյանի հետ բանավեճի ընթացքում ասել էր. "Գնացեք, թող ձերոնք անեն": Գյուղապետն էլ պատասխանել էր. "Մերոնք-ձերոնք չկան: Այդպիսին ես միայն մեզ եւ թուրքերին գիտեմ: Մեր հայ ազգի կամ կուսակցությունների մեջ մերոնք-ձերոնք չկան": Այժմյան մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարծես շարունակում է նույն քաղաքականությունը, որովհետեւ մինչ այժմ այդ ճանապարհը շարունակում է մնալ նույն վիճակում: Եւ դա այն ճանապարհն է, որը 5 գյուղեր միացնում է իրար: Սա ինձ հիշեցնում է փակուղու մեջ դրված մեր ջավախահայ ժողովրդին:
Արտիմետ գյուղի բնակիչ Կարեն Հովհաննիսյան |
|
|
| 07 Նոեմբեր [03:21] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Ինչո՞վ է տարբերվում կայացած տղամարդը չկայացածից: Կայացած տղամարդը հաստատ գիտի` ինքն ինչ է ուզում, չկայացած տղամարդը ողջ կյանքում փնտրտուքի մեջ է: Կայացած տղամարդը գնահատել, սիրել գիտի, չի վախենում իր զգացմունքներն արտահայտելուց: Չկայացած տղամարդու միակ նպատակն իրեն սիրել տալն է. նրա կինն անընդհատ պետք է ծառայի, խնամի, ապացուցի, որ սիրում է եւ սիրելու է մինչեւ վերջին շունչը: Չկայացած տղամարդն անընդհատ խանդում է, կասկածում, ամեն ինչի մեջ կեղտ է ման գալիս, անընդհատ կնոջ անմեղության ապացույցներ է փնտրում: Կայացած տղամարդը մեծահոգի է, շռայլ, ներողամիտ, ըմբռնող: Չկայացած տղամարդու համար գլխավորն իր զգացմունքներն են, իր զգացողությունը, իր հոգեվիճակը: Կայացած տղամարդը հոգ է տանում կնոջ մասին: Չկայացած տղամարդը էգոիստ է, ինքնասիրահարված: Կայացած տղամարդը ոչ միայն գիտի իր թերությունները, այլեւ դրանց հումորով է վերաբերվում: Չկայացած տղամարդը չի կարող պատկերացնել, որ կինն աշխատավայրում խնդիրներ ունի, եւ վատ տրամադրությունը դրանով է պայմանավորված: Կայացած տղամարդը մի հայացքից հասկանում է կնոջ վիճակը եւ ամեն ինչ անում է` նրան անկեղծ խոսակցության մղելու, հանգստացնելու, մխիթարելու համար: Չկայացած տղամարդուն չես կարող ասել՝ հոգնած եմ կամ "կրիտիկական օրերս են". նա քո ֆիզիկական թուլությունը կընկալի որպես իր դեմ ուղղված ակցիա: Կայացած տղամարդը սիրում է անակնկալներ մատուցել, առանց առիթի նվիրել եւ դրա դիմաց ոչինչ չի պահանջում: Չկայացած տղամարդը շարունակ առեւտրի մեջ է. ես քո ծննդյան օրը` ծաղիկ, դու ինձ՝ սեր ու ծառայություններ: Չկայացած տղամարդու հետ դու շարունակ լարված ես՝ ասածս ճիշտ չի հասկանա, ենթատեքստ կտեսնի: Կայացած տղամարդու համար կարեւորը քո անձն է, քո արժանիքները, ձեր մտերմությունը: Կայացած տղամարդուն դու հանգիստ կարող ես ասել՝ այսօր որոշել եմ քեզ հետ անցկացնել. ուր գնաս, հետդ գալու եմ: Չկայացած տղամարդը նման արտահայտությունը կարող է ընկալել որպես ոտնձգություն իր անկախության դեմ: Կայացած տղամարդու հետ կարելի է ամենուր գնալ, չկայացածի հետ՝ խաշ ուտել էլ չարժի: Նա անպայման ընկերների մոտ կպատմի, որ խաշը երեք "կ" չի հանդուրժում՝ կոնյակ, կենաց եւ կին՝ այն դեպքում, երբ սեղանի մոտ միակ կինը դու ես: Կայացած տղամարդը ցանկացած վեճ բաժանվելու պատճառ չի համարի, չկայացածն ամեն վեճից հետո մտքով "ապահարզանի" դիմում է գրում եւ ուրիշի հետ ամուսնանում: Կայացած տղամարդն անգամ եթե դավաճանում է իր կնոջը, դրան լուրջ չի վերաբերվում: Չկայացած տղամարդը հպարտանում է իր դավաճանությամբ եւ ամեն ինչ անում է, որ կինն այդ մասին իմանա ու տառապի:
Սոնա ԱՄԱՏՈւՆԻ |
|
|
| 07 Նոեմբեր [03:20] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Ժողովրդի վստահության քվեն չստացած, բռնությամբ եւ արյունով իշխանության եկած, հայության հետ ոչ հոգեւոր եւ ոչ էլ բարոյական առումով որեւէ կապ չունեցող հանցագործ վարչախմբի պարագլուխ Սերժիկ Սարգսյանը Մոսկվայում վավերացրեց մի փաստաթուղթ, որի իրավունքը նա չուներ:
Շուրջ ինը տարի Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանը, այնուհետեւ Սերժիկ Սարգսյանը, Արցախի, Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերը ստորադասելով իրենց անձնական շահերին, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատրաստ` ազատագրված տարածքները զիջելու, քայլ առ քայլ մոտեցնում են մարտի դաշտում ձեռք բերած հաղթանակը դիվանագիտական պարտության:
Արցախի ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը սահմանում կանգնած հայ զինվորն է: Որեւէ այլ երաշխիք` տրված միջազգային հանրության, կազմակերպությունների, տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների կողմից, խաղաղապահ ուժերի միջոցով հակամարտության գոտում հաստատել խաղաղություն, դատապարտված են ձախողման: Վկան` Հարավային Օսիայի ազգաբնակչության նկատմամբ Վրաստանի կողմից ցեղասպանության իրականացման փորձը: Ազատագրված տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերումը հղի է նման սցենարի կրկնությամբ:
Խաղաղապահ զինված ուժերն ապահովում են տվյալ երկրի զինական ներկայությունը հակամարտության գոտում եւ պաշտպանում իր երկրի շահերը, եւ ոչ ավելին:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կազմակերպությունները, միջազգային հանրությունը պարտավորված են գիտակցելու, որ իրենք բանակցում են մի մարդու հետ, որը չի ներկայացնում ոչ հայությունը եւ ոչ էլ Հայաստանը:
Այսօր կրկին անգամ հիշեցնում եւ զգուշացնում ենք Ձեզ:
Վաղ թե ուշ` չընտրված նախագահը լքելու է Հայաստանի Հանրապետությունը եւ փորձելու է ծվարել իր տերերից մեկի տանիքի ներքո, եւ Դուք ստիպված կլինեք հակամարտության կարգավորումն սկսել սկզբից:
Հայ ժողովուրդը եւ իր ընտրած իշխանությունները Ադրբեջանի հետ տարածքների խնդրով բանակցելու են միայն առայսօր Ադրբեջանի զինված ուժերի եւ ժողովրդի կողմից բռնազավթած եւ հայաթափված Հյուսիսային Արցախի (Շահումյանի շրջան, Գետաշեն, Մարտունաշեն...), Գանձակի եւ Նախիջեւանի շուրջ:
Սիրելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետության այսօրվա ռեժիմի պարտվողական քաղաքականության գործնական քայլերի սկիզբը դրվեց Մոսկվայում, այն շարունակվում է եւրոպաներում, եւ վերջակետը դրվելու է Վաշինգտոնում:
Իրականացվել է հանցագործ վարչախմբի պարտվողական քաղաքականության` կապիտուլյացիայի առաջին փուլը:
Կանխարգելենք եւ վիժեցնենք այն այսօր, որ վաղը ուշ չլինի:
Այս հանցագործները, իրենց իշխանությունը պահպանելու, կատարած ապօրինություններն ու թալանը թաքցնելու, հայ ժողովրդի վրա կրակելու հրամանից հրաժարվելու համար, փորձում են աճուրդի հանել ամենասրբազանը` լավագույն զավակների թափված արյունը եւ հող Հայրենին:
Թույլ չենք տա:
Ստրկամտությունը, վախն ու նենգությունը, ծախվածությունն ու դաժանությունը, որոնք հանցավոր ռեժիմի զենքերն են եղել իշխանությանը տիրանալու եւ այն պահելու համար, անզոր են մեր` համաժողովրդական ընդվզման, մեր զոհված ընկերների հիշատակի, մեր կամքի, ոգու եւ վճռականության հանդեպ:
Հաղթանակը մերն է:
"Հայ կամավորականների համախմբում" ազգային-քաղաքական նախաձեռնություն
6 նոյեմբերի 2008թ. ք. Երեւան |
|
|
| 07 Նոեմբեր [03:19] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |

Բաց նամակ Հայաստանի իշխանություններին, մամուլին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանություններին եւ միջազգային կառույցներին
Ես արդեն 71 տարեկան եմ: Իմ ապրած տարիների ընթացքում շատ փորձությունների միջով եմ անցել, շատ դառը բաներ եմ տեսել, բայց իմ չորս որդիներին դաստիարակել եմ աշխատելու եւ բարիքներ ստեղծելու ոգով: Նրանց բոլոր գործերը հաջողությամբ էին պսակվում` աշխատասիրության, համերաշխության եւ եղբայրասիրության շնորհիվ: Դա է մեր ընտանիքի հաջողությունների հիմքը, որի արդյունքում ստեղծել ենք ամուր տնտեսական կառույցներ եւ հազարավոր աշխատատեղեր: Իմ ավագ որդին` ՀՀ Ազգային ժողովի երեք գումարման պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, համարձակություն ունեցավ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին ներկա լինել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած ընդունելությանը, իսկ հետագայում հայտարարեց նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Այդ օրերից սկսվեց իշխանությունների մի վայրագ, անօրինական եւ ամոթալի արշավ մեր ընտանիքի եւ նրան մոտ կանգնած մարդկանց ու կազմակերպությունների դեմ:
Բերեմ մի քանի օրինակ: 2007 թ. վերջում հարկային տեսչության ծառայողները ոստիկանության հետ համատեղ ներխուժեցին "Պիցցա Դի Ռոմա" ընկերության հասարակական սննդի օբյեկտները, ահաբեկեցին, բերման ենթարկեցին ընկերության բազմաթիվ աշխատակիցների, կալանավորեցին ընկերության տնօրենին: Հետագայում կալանավորեցին նաեւ Պիցցա Դի Ռոմա"-ի երկու կին աշխատակիցների, որոնք արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում են քննչական մեկուսարանում: Հաջորդ թիրախը "Բջնի" հանքային ջրերի գործարանն էր: Հետո հերթը հասավ "Ֆիլիպ Մորիսի" ապրանքները Հայաստան ներկրող "Պարես Արմենիա" ընկերությանը: Մաքսային ծառայությունն անհեթեթ մի որոշում կայացրեց` արգելակել մեծ քանակի ապրանքների ներմուծումը: Իսկ իշխանություններին մոտ կանգնած մարդիկ (այդ թվում` գործող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան) բանակցություններ սկսեցին "Ֆիլիպ Մորիսի" հետ` Հայաստանում գործընկերոջը փոխելու առաջարկով: Այսինքն, օգտագործելով պետության բոլոր հնարավորությունը, փորձում են խլել կայացած բիզնեսը: Այլ օրինակներ չբերեմ: ...Որպես քաղաքացի, ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր ընտրություններին սատարել են Սերժ Սարգսյանին, դա ցանկացած մարդու ընտրությունն է եւ իրավունքը: Բայց ո՞րն է իմ որդու՝ Խաչատուրի մեղքը: Այն, որ կանգնել է իր ավագ ընկերոջ կողքի՞ն: Դա էլ որդուս քաղաքական իրավունքն է, որը պետք է հարգի եւ Սերժ Սարգսյանը, եւ նրա քաղաքական թիմի ցանկացած անդամ: Տեսեք, մեր երկիրն այսօր ողողված է սպանություններով, ծանր այլ հանցագործություններով, հաշվեհարդարներով: Դա խոսում է նաեւ այն մասին, որ արդարադատությունը կախել է գլուխը, եւ մարդիկ փորձում են ծագած հարցերը, վեճերը լուծել իրենց ձեւով:
Ես արդեն դժվարանում եմ մեղադրել այդ մարդկանց: Հայրը, որը չի կարողանում պետության միջոցով պաշտպանել իր որդու անմեղությունը, իսկ որդին` հոր պատիվը, ստիպված են լինելու իրենց իրավունքների պաշտպանության այլ ճանապարհներ փնտրել: Մի բան է միայն ինձ մխիթարում` հասարակության վերաբերմունքը: Որքան փորձում են "վերեւներից" ոչնչացնել "Բջնին", այնքան ավելանում են ընկերության ապրանքների վաճառքի ծավալները: Ես քաջ գիտակցում եմ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ նպատակ ունեն վերաբաժանել, խլել մեր քրտնաջան աշխատանքով վաստակած ունեցվածքը: Եւ այս ամենը կատարվում է օրը ցերեկով եւ մի ընտանիքի նկատմամբ, որն ունի մեծ հեղինակություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում եւ որը բարեխիղճ եւ շատ խոշոր հարկատու է: Պատկերացրեք` ինչքան մարդ է հույսը կորցրել պետությունից, եւ իրենց հարցերը փորձում են լուծել այլ` անօրինական ճանապարհներով: Այս ամենին վերջ տալու համար քաղաքական կամք է հարկավոր:
Կոչ եմ անում Ձեզ, հորդորեք ներկայիս իշխանությանը` մտածել ոչ միայն այսօրվա իրենց անձնական շահերի մասին, հակառակ դեպքում ատելությունն էլ ավելի է խորանալու, իսկ ատելությամբ երկիր չեն կառավարում: |
|
|
| 06 Նոեմբեր [04:25] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Սերիալները միշտ էլ եղել եւ մնում են խոսակցությունների թեմա, իսկ հայկական, հայրենական սերիալներն այդ շարքում մի առանձին տեղ ունեն: Բոլորս էլ շատ լավ հիշում ենք` ոչ հեռավոր անցյալում ինչպիսի ցավով, ափսոսանքով էին խոսում այն մասին, որ չկան հայրենական սերիալներ, որ ամբողջ հեռուստատեսությունը ողողված է արտասահմանյան սերիալներով, որոնց գերակշիռ մասը, իհարկե, ահավոր ցածրաճաշակ ու անմակարդակ է: Ինչպես ասում են, այսօր ուրիշ է կարգը. ես եմ մաքրել հատակը, ոչ ոք ուժեղ թող չշնչի, թե չէ փայլը կկորչի: Այսօր ստեղծեցինք այդ երկար սպասված սերիալները: Եւ այսօր ոչ թե ուզում ենք ուժեղ չշնչել, անգամ ուզում ենք ցեխոտ ոտքերով տրորել այն: Միայն խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, ես սերիալների մոլի ջատագով չեմ: Նույնիսկ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում "կցվել" նրանց: Պարզապես որպես հասարակ քաղաքացի (բայց ոչ անտարբեր) եւ որպես հեռուստադիտող (բառի լայն իմաստով) լսում ես ու զարմանում, զարմանում ու միտք ես անում մի շարք անհասկանալի հարցադրումների վրա եւ առավելապես` շեշտադրումների վրա: Աղմուկը, իհարկե, կրիմինալ սերիալների շուրջ է: Մեր "հարգարժան" պատգամավորներից մեկը, որը, ի դեպ, ցանկացած հարցի շուրջ բանավիճելուց ինքնագոհ ու ինքնաբավարարված կեցվածք է ընդունում, այնպես մտահոգված էր խոսում սերունդներին այդ սերիալներով կրթելու մասին: Ակամայից զարմանում ես, որ այդ խորաթափանց մարդը չի տեսնում այն հակասությունը, որ կա նրա մտահոգության եւ մտահոգության առարկայի միջեւ: Մի կողմից` նա ընդունում է, որ այդ սերիալներն արտացոլում են այսօրվա իրականությունը, մյուս կողմից վախենում սերունդների վրա նրանց ազդեցությունից: Այդ դեպքում հարց է ծագում, իսկ այսօրվա սերունդն այդ ի՞նչ կախարդական փայտիկի շնորհիվ դարձավ այդպիսին: Այդ ինչպե՞ս եղավ, որ մեր բառապաշարում այսօր տեղ գտան "օլիգարխներ", "մեծահարուստներ" բառերն ու սովորական դարձան այդ արատավոր երեւույթները, որոնք այսօր տեսնում ենք էկրաններից: Կարծես նրանց ժամանակ չկային այդ անմեղ եւ մեղավոր սերիալները: Անգամ վատ հիշողության տեր մարդիկ էլ կհիշեն այն, այսպես կոչված, մութ ու խավար տարիները, որոնք մեր այսօրվա "ոսկե երիտասարդության" ոչ հեռավոր անցյալի մասն են կազմում: Այդ ովքե՞ր այդպես արագ երկիրը հանեցին այդ ճգնաժամային վիճակից, ծաղկեցրին այն` ամենուր ցանելով հանրապետականների բեղմնավոր սերմերը: Եւ, ինչպես ասում են, այսօր ունենք այն, ինչ ունենք: Ճշմարտությունն աչք է ծակում: Հարգելի պատգամավոր, Ձեզ զայրացնո՞ւմ է Ձեզ շրջապատող մարդկանց նիստուկացն էկրան բարձրացնելու երեւույթը: Ես, իհարկե, կուզեի, որ հանուն արդարության, Դուք, հարգելի պրն Աշոտյան, գոնե նկատեիք, որ այդ սերիալներում կան նաեւ դաստիարակչական բաներ: Չէ որ այդ շատ արդիական կերպարներում կան նաեւ իրենց կյանքը սխալ ապրած, շատ ու շատ արժեքներ կորցրած մարդիկ, որոնք իրենց օրինակով ցույց են տալիս, որ ամեն ոք հասնելու է իր ֆինալին, եւ շատ հաճախ դաժան, մութ ու խավար ֆինալին: Եւ այնտեղ փողը լույս չի տալիս: Նրանք ունեն բոլորովին ուրիշ լույսի կարիք:
Լույս, լույս զվարթ...
Եւ ոչ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
Այլ լույս զվարթ, արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի...
(Պ. Սեւակ)
Ջեմմա ՍԱՐԳՍՅԱՆ |
|
|
| 06 Նոեմբեր [04:24] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Այնպես եղավ, որ "երկու երնեկը մի տեղ չի լինում" խոսքը խիստ արդիական դարձավ Հայաստանում` տղամարդկանց "տեսակետից": Հայաստանում կա փող ունեցող տղամարդ, որից շատ չի, եւ կան, այսպես ասած` արժանապատվություն եւ դատարկ գրպան ունեցող տղամարդիկ: Փող եւ մանավանդ շատ փող ունեցող տղամարդը, ըստ էության, եթե նույնիսկ նվիրված է իր կնոջը, ապա խաբում է ուրիշ կանանց. քիչ աշխատավարձ է տալիս, ստորացնում է կամ փորձում է ստորացնել ուրիշ կանանց ամուսիններին եւ, ըստ էության, խաբեբա է: Իսկ խաբեբան վախեցած է լինում, կասկածամիտ, նրան զանազան մտքեր են տանջում, նա վախենում է իր խաբեբայական դիրքը կորցնելուց, իր վախի ու անհանգստության "մուռը" հանում է ընտանիքից, կնոջից, անսեր սիրուհիներ է պահում, խաբում է եւ կնոջը, եւ սիրուհուն: Այս ընտանիքներում թեեւ փող կա, բայց դրանով չեն բավարարվում, ուրիշ հաճույքներ են փնտրում ու փողից հաբռգած` իրենց պատեպատ են տալիս: Հազիվ ծայրը ծայրին հասցնող ընտանիքների տղամարդկանց լավագույն մասը, ի արդարացում իրենց, գնում են միտինգների, որպեսզի ցույց տան, որ իրենք, ակամայից մեղավոր լինելով, որ իրենց կանանց զրկել են բարեկեցիկ կյանքից, գոնե պայքարում են հանուն լավ երկրի ու լավ կյանքի: Աշխատավարձի մինիմալն ստացող տղամարդը ամաչում է սեփական կնոջից. նրան աղքատության դատապարտելու համար եւ փողի չգոյության դիմաց պատրաստ է հերոս լինել: Աղքատ մտավորական տղամարդը, ի տարբերություն մեր ժամանակների հարուստների, չի խաբում ուրիշ կանանց, չի վախենում, վախենալու տեղ արդեն չունի, վախի տեղը լցված է խելագարությամբ: Երբ Ռոբերտ Քոչարյանն իրեն հռչակեց միակ տղամարդ, շատերը հասկացան, որ նա իրականացնելու է իր գերագույն ցանկությունը` զրկել- մեղսավորել-փչացնել-ստորացնել-ոչնչացնել մնացած տղամարդկանց, որ ինքը միակը մնա: Մյուս տղամարդիկ կամ հեռացան երկրից, կամ նրա հպատակը դարձան, կամ էլ ապրեցին ազատ ու աղքատ: Նրա կին Բելլա Քոչարյանը, փաստորեն, բախտ ունեցավ լինելու Հայաստանի միակ տղամարդու կինը. նա` արքա, ինքը` թագուհի, որը փորձում էր իրեն բարձրաշխարհիկ տիկին պահել, Սպիվակովի համերգներին էր գնում, հանճարեղ երեխաների պաշտպանության ֆոնդեր էր ստեղծում, նազանի հայ կին էր փորձում երեւալ, Ժակ Շիրակի կնոջ կողքին էր կանգնում, բայց մենք հո գիտեինք, որ Բելլան ընդամենը խեղճ կարիերիստ կոմսոմոլի եւ Նազարի բախտով իշխանության եկած հանցագործի կին է եւ պառկում է խեղճ, իր ահից գազան դարձածի հետ...
Զաբել ԴԵՐՁԱԿՅԱՆ |
|
|
| 06 Նոեմբեր [04:22] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |

Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ստորագրեցին հռչակագիր, որով պարտավորություններ ստանձնեցին շարունակել ուղիղ երկխոսությունը Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը կարգավորելու ուղղությամբ:
Հռչակագիրը 1994թ. զինադադարից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ ստորագրած առաջին փաստաթուղթն է, որը միջնորդավորված փորձ է՝ Արցախ-ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով:
Հայաստանում տեսակետներ կան, թե սա եզակի փաստաթուղթ է, որում ոչ մի տողով նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Եւ կարեւորվում է, որ երկու երկրների նախագահները համաձայնել են առաջնորդվել միջազգային օրենքներով, առանց պատերազմի վերսկսման: Իսկ Ադրբեջանում հատկապես կարեւորում են, որ Արցախ-ԼՂՀ-ն այս անգամ էլ դուրս մնաց բանակցություններին մասնակցելուց:
Մենք կարծում ենք, որ ադրբեջանական կողմի ոգեւորությունն առավել շոշափելի է, քանզի Ստեփանակերտի հերթական դուրսմղումը բանակցություններից թույլ է տալիս շարունակել պարտադրանքները Հայաստանի նկատմամբ: Իսկ հռչակագրի ձեւակերպումներն այլ առկա փաստաթղթերի բովանդակության հերթական կրկնություններն են պարզապես: Նման կարծիք է հայտնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան՝ ավելացնելով, թե Մոսկվան մեկ անգամ եւս ցույց տվեց, որ այդ խմբում առաջնորդը, քաշող ուժը եւ տարածաշրջանում ամենամեծ հնարավորություն ունեցողը ինքն է: Ուստի, կարիք չկա, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում վերլուծաբանները դարակազմիկ տողեր վերծանեն:
Այս համապատկերում հասկանալի է նաեւ ՀՀ նախագահի այցը Փարիզ, որտեղ նա կփորձի Ֆրանսիայի նախագահի հետ համադրել մոսկովյան հռչակագիրը: Այցի ընթացքում ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին՝ Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության համար, ինչը կարծես փորձ է ռուսաստանյան ԱՊՀ-ին համադրել ֆրանսիական "ԱՊՀ"-ն:
Հասկանալի է նաեւ նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեւանյան հանդիպումն ԱՄՆ դեսպանի՝ Մարի Յովանովիչի հետ, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական, ինչպես նաեւ Արցախ-ԼՂՀ-ի խնդրի կարգավորման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, որը կկանխորոշի նաեւ ընդդիմության հետագա քաղաքականությունը:
Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը հնարավոր նոր զարգացումների կարող է հանդիպել նաեւ ԱՄՆ նորընտիր նախագահ՝ դեմոկրատ Բարաք Օբամայի տված հայանպաստ խոստումների ու նախաձեռնությունների իրականացումից կախված:
Ուստի, Հայ արիական միաբանությունը ՀՀ նախագահին կոչ է անում կամ ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի` Հայաստանին վերամիավորվելու նախկինում ընդունած երկկողմանի պետական որոշումները եւ վերամիավորված Հայաստանի Հանրապետությամբ շարունակել բանակցությունները, կամ դուրս գալ բանակցային գործընթացից՝ այդ խնդիրը հանձնելով արցախյան իշխանություններին:
Հայ արիական միաբանության
Գերագույն խորհուրդ
05.10.2008թ. |
|
|
| 05 Նոեմբեր [04:51] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Գեղեցիկ կանանց, որպես կանոն, հետաքրքիր ճակատագիր է բաժին ընկնում (հետաքրքիր, բայց ոչ անպայման երջանիկ): Նրանք միշտ ուշադրության կենտրոնում են: Այն, ինչ նրանց հեշտ է տրվում, մյուսներին տրվում է ջանքերի ու աշխատանքի շնորհիվ: Վաղուց էր՝ փորձում էի աշխատանք գտնել: Աշխատանքային կենսագրություն՝ զրո, փորձ՝ զրո, օգտակար գիտելիքներ՝ զրո: Ընդամենը ոչ մեկի պետք չեկող համալսարանական դիպլոմ եւ երիտասարդություն ու հմայք, որի ոչ արժեքը գիտես, ոչ դրանից օգտվելու շնորհք ունես: Հորեղբայրս, որ լրագրողական աշխարհում ճանաչում ուներ, բարեխոսեց լրատվական մի "գիգանտի" մոտ, որ բախտս փորձեմ իր ղեկավարած օրգանում: "Գիգանտն" իմ երեք տարիքին էր, ինձ "բալիկ ջան"-ով էր դիմում, հորեղբորս անվանում էր իր ընկերը: Անմիջապես հանձնարարություն տվեց ու կարգադրեց, պատրաստ լինելուն պես, "նյութով հանդերձ" ներկայանալ իրեն: Ես չափազանց լուրջ վերաբերվեցի հանձնարարությանը եւ, շրջապատում բոլորին խառնելով ու մոբիլիզացնելով, մի 10 օրում կատարեցի այն: Ինքս ինձնից գոհ` ներկայացա "գիգանտին": 10 րոպեանոց հարցուփորձից, հոդվածս կարդալուց հետո "գիգանտը" գովեց ինձ ու սկսեց տարօրինակ հայացքներ նետել իմ ուղղությամբ: Հետո առաջարկեց տեղափոխվել բազմոց-բազկաթոռային հատված, խմիչք բերեց՝ "նշելու առաջին հոդվածս", հանկարծ ինչ-որ տեղից մեղմ երաժշտություն միացավ, սկսվեց մտերմիկ զրույցը: Իսկ երկու բաժակ կոնյակից հետո ձեռքիցս բռնեց ու տարավ պարելու: Ես դիսկոմֆորտից ու անելիքս չիմանալուց կարկամել էի: Չգիտեի` ինչպես հասկացնեմ "գիգանտին", որ "իրա իմացածներից չեմ", մյուս կողմից՝ վախենում էի հետամնաց ու գավառական երեւալ եւ վաղուց երազած աշխատանքը դեռ չգտած կորցնել: Մի խոսքով՝ սարսափի, ամոթի ու տարբեր այլ զգացումներ խառնած` դիմանում էի: Մինչեւ այն պահը, երբ "գիգանտը" որոշեց, որ պահը հասունացել է, եւ կարող է անցնել վճռական գործողությունների: Ու սկսեց համբուրել ինձ: Նամուսի մեռած, բարոյական կանայք այս պահին երեւի "որակեցին" ինձ, բայց մի շտապեք դատել: Աշխատանքի տեղավորվելու բուռն ցանկությունը, "գիգանտի" նկատմամբ համընդհանուր ակնածանքը, իրավիճակի անսպասելիությունն իրենց դերը խաղացին: Խիստ բարոյականներին հանգստացնեմ. բանը համբույրից այն կողմ չանցավ, բայց ես սթրես ապրեցի ու մի քանի օր մթագնած ուղեղով էի քայլում: Հետագայում "գիգանտը" փորձում էր կրկնել ստացված փորձը, բայց ես այլեւս զգույշ էի եւ հետագայում աշխատելիս մենակ նրա կաբինետ չէի մտնում: Մյուս կողմից՝ այդ փորձը ինձ էլ էր հարկավոր. հասկացա, որ կանացի հմայքը զորեղ բան է, այն հարկավոր է ճիշտ օգտագործել:
Սոնա ԱՄԱՏՈւՆԻ |
|
|
| 05 Նոեմբեր [04:51] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Այս հոդվածը գրելու անհրաժեշտություն չէր առաջանա, եթե մեկ ամիս առաջ "Հրապարակ" թերթի "Ազատ խոսքի հրապարակ" էջում չհայտնվեր "Հաղպատն ու Ավարա Ռուբոն" վերնագրով "սրտակեղեք" նյութը (Հաղպատ գյուղի գյուղապետ Ռուբեն Վարոսյանը ՏԻՄ ընտրություններում պարտվեց, նրա գործունեությունն այժմ ստուգում են իրավապահ մարմինները՝ խմբ. կողմից):
Չէինք կարողանում հասկանալ, թե ի՞նչն էր ստիպել մեր մի շարք համագյուղացիներին սեւացնել Ռուբոյին եւ ուրանալ նրա գործունեությունը` հանուն իր գյուղի: Մենք չենք փորձի նույն կերպ խեղաթյուրել իրականությունը, այլ կփորձենք ներկայացնել փաստերը` հետեւություններն ու եզրահանգումները թողնելով ընթերցողներին: "Վու՜յ, աման, վո՜ւյ, աման, վո՜ւյ, աման: Թագավոր լինելուց լավ բան, Կե՜ր, խմի, քեֆ արա, Սերգո ջան, աշխարհը խալի է ոտիդ տակ...": Արամայիս Սահակյանի այս գեղեցիկ տողերով գրված երգն էր տարիներ շարունակ հնչում նորից հարստանալու մոլուցքով տառապող Սերգո Քաոսյանի (նորընտիր գյուղապետի) ուղեղում: Նա Հաղպատի գյուղապետի ընտրություններում դրեց իր թեկնածությունն ու դարձավ գյուղապետ: Ահա այս փաստը մեզ` բազմաթիվ գյուղացիներիս ցնցեց: Ճիշտ է, մենք անընդհատ տեսնում ենք Սերգոյի "անհանգստությունը", զգում ենք գյուղապետ Ռուբոյի դեմ նրա դավադրությունը, սակայն չէինք պատկերացնում, թե այս կեղտոտ "խաղերով" նա կհասներ իր երազած բարձունքին: Բայց դա ի՞նչ էր նախկինում գյուղսովետի նախագահ աշխատած Սերգոյի համար: Նա այնպես թալանեց սովխոզն իր ղեկավարելու տարիներին, որ չէինք հասցնում հաշվել ունեցվածքի չափը: Երեւան քաղաքում առաջին հերթին գնեց առանձնատուն ու բնակարան (վատ տարիներից սկսած` մինչեւ այսօր տրված են վարձով), գնեց մեքենա եւ այլն: Այսինքն, նա շատ լավ գիտեր իր ավարը տեղավորելու ձեւերը: Մեր աչքերի առաջ կործանվում էր առանց այդ էլ քայքայված գյուղը: Երազում էինք այդ թալանչուց ազատվելու մասին, արդյոք կգա՞ր այն օրը, որ գյուղը փրկենք նրա ճանկերից: Եւ, հուրախություն մեզ, կատարվեց անսպասելին: Գյուղում եղավ գյուղապետի ընտրություն, եւ բոլորս միաձայն ընտրեցինք Վարոսյան Ռուբոյին: Վերջինս իր խստապահությամբ լավ-լավ գործեր արեց գյուղի համար: Տարիներով երազած ջուրը մտավ գյուղ, կառուցվեց առաջնակարգ գյուղին վայել գյուղապետարան, դպրոցը դրվեց բարձր մակարդակի վրա: Ռուբոն աշխատում էր այնպես անել, որ գյուղում ուսում ստացած աշակերտն իր գիտելիքներով չզիջի քաղաքի աշակերտներին: Եկեղեցուն կից կառուցեց փոքր թանգարան (որը դարձավ շահարկելու պատճառ), որպեսզի դարերի պատմություն ունեցող եկեղեցու այցելուները հնարավորություն ունենան տեսնել հայ գյուղացու արհեստն ու արվեստը:
Այս ամենը կողքից դիտում էր Սերգոն ու մտքում կատաղում: Նա, բնակվելով Ալավերդում, սուրբ եկեղեցու կողքին ուներ հայրական տուն: Տան մեջ ու բակում նա բացեց խանութ-սրճարան: Ամառային շոգ օրերին գյուղ ժամանած զբոսաշրջիկներն ու բազմաթիվ այցելուներն իրենց առեւտրով շահութաբեր էին Սերգոյի համար: Նրա կինը` Ֆոլոն, այդ շահույթից ցնծության մեջ էր: Դա տեւեց այնքան, մինչեւ իր տան կողքին հայտնվեց գյուղապետի զոքանչի կրպակը: Գիշեր-ցերեկ ամուսիններին հանգիստ չէր տալիս այդ անսպասելի "մրցակցությունը": Ինչպե՞ս թե, մերը պակասի՞... Եւ ի՞նչ: Սերգոն ու Ֆոլոն գործի դրեցին իրենց բոլոր կեղտոտ խաղերը: Երկար մտածեցին, խորհեցին ու սկսեցին գործել: Կեղծ նամակներ ուղարկեցին համապատասխան ատյաններին: Իրար հետեւից գյուղ էին գալիս ստուգող հանձնաժողովները: Հետո Սերգոն առաջադրեց գյուղապետի իր թեկնածությունը: Ինչու՞ չտիրանալ գյուղապետ Ռուբոյի այն ձեռքբերումներին, որոնց նա հասել էր տասը տարվա ընթացքում: Պատմության ուսուցչուհի Ֆոլոն իր "մասնագիտական" գրքերից մի երկու բան անգիր արած բառապաշարով նամակներ էր հղում թերթերին` պախարակելով Ռուբոյին: Ֆոլոն այդ թերթերով ու նախընտրական կաշառքներով մտնում էր տնետուն ու իր քարոզչությամբ հրապուրում գյուղացիներից շատերին: Ֆոլոյի "հանճարեղ" ուղեղում պտտվում էին մեծն Իսահակյանի իմաստուն խոսքերը, եւ նա գործի դրեց այդ սկզբունքը՝ "Ծանոթ շունը չի կծում, ծանոթ բարեկամն է կծում": Տիկին Ֆոլոն դպրոց ճանապարհվելիս` գյուղից քաղաք-Սանահին Սարահարթ, երթուղային տաքսու մեջ վճարում էր բոլորի փոխարեն, ու գյուղացիները մտածում էին՝ "200 դրամն էլ բան է", իսկ ամուսինը խոստանում էր փող, աշխատանք: Երկու տղաներն էլ ուժեղ թիկունք էին մարզպետարանում աշխատող հորը, նրանք էլ աշխատում էին երիտասարդների վրա: Այդպիսի ահռելի աշխատանքն ապարդյուն չանցավ: Սերգոն երեսուն ձայնով առավելություն ունեցավ: Նա նստելու է իր երազում անգամ չտեսած գյուղապետարանում, որը, ի դեպ, կառուցվել է Ռուբոյի ջանքերով: Մի անգամ գյուղը թալանած մարդու համար այնքան էլ դժվար չէ երկրորդ անգամ ավար անելը:
Մի խումբ գյուղացիներ
|
|
|
| 05 Նոեմբեր [04:49] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Վերլուծելով սույն թվականի նոյեմբերի 2-ին նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի` Մոսկվայում ստորագրած հռչակագիրը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, մեր մտահոգությունն ենք հայտնում հռչակագրում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ.
1. Հռչակագրի առաջին կետում մասնավորապես նշված է, որ "հակամարտության կարգավորումն իրականացվելու է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա":
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում ընդունվել էր թիվ 62/243 որոշումը ("Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում"), որով, մասնավորապես, ճանաչվել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում, ինչպես նաեւ պահանջ էր ներկայացվել հայկական ուժերի Ադրբեջանի Հանրապետությունից ամբողջական, անվերապահ եւ անհապաղ դուրսբերման մասին: Եւ եթե այժմ Սերժ Սարգսյանը մոսկովյան հռչակագրով համաձայնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը տեսնել մինչ այժմ ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող միջազգային փաստաթղթերի հիման վրա, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանն այժմ հնարավորություն է ստացել բանակցային գործընթացի հիմքում դնել նաեւ ՄԱԿ-ի վերը նշված որոշումը: Սա չի բխում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերից եւ կարող է նպաստել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառմանը:
2. Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի գործընթացի սկիզբ կդնի մոսկովյան հռչակագրի ստորագրումը, մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, վավերացրել է մի փաստաթուղթ, որտեղ բացակայում է Լեռնային Ղարաբաղի ներկայությունը՝ ի դեմս ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի ստորագրության:
Նկատենք, որ մինչ այժմ գոյություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հակամարտության կարգավորման որեւէ այլ փաստաթուղթ, որտեղ բացակայի ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի ստորագրությունը: Սա նշանակում է, որ ՀՀ ղեկավարությունը դե յուրե ընդունել է ԼՂՀ-ի` բանակցային գործընթացից դուրս մղվելու փաստը, եւ դրանով իսկ հետագայում բարդանալու է բանակցային որեւէ փուլում ԼՂՀ-ի ներգրավման գործընթացը: Ավելորդ չէ նշել, որ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չի ստորագրվել հակամարտությանը վերաբերող որեւէ փաստաթուղթ, որտեղ բացակայի ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը: Նրանց կողմից մշտապես հայտարարվել է, որ Հայաստանը չի գնա որեւէ համաձայնագրի ստորագրման, եթե այդտեղ բացակայի ԼՂՀ ժողովրդի կամքը: Այժմ արդեն, մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո, ադրբեջանական կողմը ձեռք է բերել մի փաստաթուղթ, որով չեզոքացվել է ՀՀ եւ ԼՂՀ նախկինում ձեռք բերված դիվանագիտական հաջողությունները:
Կոչ ենք անում ԼՂՀ խնդրով մտահոգ բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, ի վերջո` նաեւ մեր ողջ ժողովրդին՝ իրենց ուժերը համախմբել ազգային անվտանգության համակարգին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով:
"Պոլիտէկոնոմիա" քաղաքական, տնտեսական եւ իրավական հետազոտությունների
ինստիտուտ ՀԿ (նախագահ՝ Անդրանիկ Թեւանյան)
|
|
|
|
|