| |
|
| 29 Հունիս [19:29] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Սկզբում՝ սովետի տարիներին, Բազազը գողական դառնալու հավակնություններով մանր գող էր, հետո տեսավ բան դուրս չի գալիս, ու ավտարիտետով գողականի կարիերա երբեք չի կարող անել, մտավ ոստիկանություն ու մանր գողից հասավ մինչեւ միլպետի պաշտոնի: Վատ գողացող չէր եղել Բազազը ու միլպետի պաշտոնում էլ վատ չէր "աշխատել", բայց եթե ճիշտն ասենք՝ միշտ էլ նրա հոգուն ավելի հարազատ էր եղել առեւտուրը՝ բիզնեսը: Էն տարիներին, երբ գողությամբ էր զբաղվում, նրա մոտ ավելի հաջող էր ստացվում գողացածը սաղացնելը, եւ ապրանքը ծախելուց է՛լ ավելի մեծ հաճույք էր ստանում, քան թե բուն գողությունից: Իզուր չի, որ Բազազ մականունը նրան այն ժամանակ էին տվել, երբ նա ոչ միայն հարուստ չէր, այլեւ սոված-ծարավ չափչփում էր փողոցները, որ մի անուշադիր մարդ, մի անտեր ապրանք տեսնի` թռցնի: Թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչությունում աշխատելու տարիներին Բազազը Հայաստանում թմրանյութերի սեւ բիզնեսի գերակշիռ մասը իր ձեռքի տակ էր վերցրել: Թմրանյութն իր մարդկանց միջոցով վաճառում էր Բազազը, հետո իր գնորդներին բռնում եւ մեծ փողերի դիմաց բաց թողնում: Մի ձեռով երկու ձմերուկ էր բռնում՝ կրկնակի եկամուտ էր ստանում: Այդ տարիներին նա սկսեց նաեւ Թուրքիայից ապրանք ներկրել Հայաստան: Նրա "ուդոն" եւ ուսադիրների աստղերն ամեն տեղ կանաչ լույս էին վառում նրա համար, լիներ դա տոնավաճառների տերերի, թե հարկայինի տղաների մոտ: Միլպետ եղած ժամանակ Բազազը լրիվ հաբռգեց, աջ ու ձախ նրա թուրը կտրում էր անպատիժ: Նա չափ ու սահմանը անցել էր, կորցրել ամեն զգուշավորություն: Միլպետ եղած ժամանակ, նույնիսկ, Բազազն ավելի շատ գործարար էր քան թե օրենքի պաշտպան՝ քրեական գործեր էր, որ արարում էր անմեղ մարդկանց գլխին եւ այդ գործերը կարճելու դիմաց խոշոր գումարներ վերցնում: Մեկ անգամ սխալվեց Բազազը, երբ այդ ժամանակվա ոստիկանապետի շահերին հակասող քայլեր արեց (այդ պատմության մանրամասները մութ մնացին), բայց այդ մեկ անգամը հերիք էր, որ նրան թոշակի ուղարկեն: Միլիցիայի գեներալ եւ ոստիկանապետ դառնալու նրա երազանքը մնաց անկատար, բայց Բազազը այն մարդկանցից չէր, որոնք շուտ հուսահատվում են: Նա իրեն ամբողջությամբ նվիրեց ստվերային բիզնեսին եւ սկսեց բարգավաճել: Ուկրաինայից ներկրված ու ստրկացված պարուհիներով երկու գիշերային ակումբ, մանր ու մեծ խանութներ, կոշիկի արտադրամաս, վատորակ սպիրտով "ընդհատակյա" օղու եւ լիմոնադի արտադրամաս, բենզալցակայան, սրճարան, Թուրքիայից ներկրվող ապրանքներ՝ ահա նրա բիզնեսների համառոտ ցանկը: Հետո գործերն ավելի լավ գնացին, եւ Բազազը նույնիսկ իր մի քանի բիզնեսները օրինական դաշտ բերեց ու սկսեց հարկեր վճարել, որ շատ աչքի չընկնի: Կարճ ժամանակում Բազազը խոշոր բիզնեսմեն դարձավ, եւ որոշեց, որ եկել է ժամանակը Ազգային Ժողով մտնելու եւ պատգամավորական տանիք ունենալու: Քանի որ Բազազի երիտասարդությունը երրորդ մասում էր անցել, իսկ երրորդ մասի հրապարակը Գարեգին Նժդեհի անունն է կրում, եւ քանի որ ՆԺդեհի ցեղակրոն ուսմունքի հավատարիմ հետեւորդն էր, նա որոշեց անդամագրվել Հանրապետականի շարքերը: Այո, մի զարմացեք, Բազազը միշտ էլ ցեղակրոն ուսմունքի հետեւորդ է եղել, նրա կրոնը իր ցեղն է եղել, իր ազգուտակը ու բարեկամությունը, որոնց համար միլպետ եղած տարիներին շատ բան էր արել: Իսկ եթե լուրջ, Բազազը լուրջ երկնտրանքի առջեւ էր կանգնած եղել՝ ՀՀԿ, թե ԲՀԿ: Ի վերջո տեսնելով, որ ՀՀԿ-ում իր նախընտրած ընտրատեղամասը աչքադրած ուրիշ մեկը չկա` Բազազը ընտրել էր ՀՀԿ-ն:
Բոյ-ԲՈՒՍԱԹՈՎ
|
|
|
| 29 Հունիս [19:29] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Բեռլինում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ներկայացնելով իրենց զրույցի մանրամասները Թուքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ` Մերկելն ասել է, որ "ցավոք, երկկողմ հարաբերությունների գործընթացը հետաձգվեց, վերացավ, բայց վստահաբար այդ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ ԼՂՀ խնդիրը լուծված կլինի": Ցավոք, մամուլն Անգելա Մերկելի խոսքերի այս հատվածին չի անդրադարձել, թեեւ այն ամենակարեւորն է: Մնացյալ խնդիրների մասին խոսակցությունն ու հրապարակավ հայտարարությունները նորություն չեն: Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների, տնտեսական զարգացումների, վիզաների հեշտացման եւ այլ հարաբերությունների մասին բազմիցս խոսվել է: Իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ դրա փոխկապակցվածությանը ԼՂՀ խնդրի լուծման հետ, բացի Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններից, ոչ մի երկիր պաշտոնապես այդ թեմայով հանդես չի եկել եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չի պայմանավորել ԼՂՀ խնդրի լուծմամբ, ինչն արեց Գերմանիայի կանցլերը: Խնդիրն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը համաձայն չլիներ Մերկելի այդ գաղափարին, կարող էր տեղում ճշտում մտցնել եւ հերքել ասվածը: Չհերքեց:
Երկրորդ խնդիրը վերաբերում է օտարալեզու դպրոցներին: Սերժ Սարգսյանն ասում է, թե խոսքը մի քանի մասնավոր օտարալեզու դպրոցների մասին է: "Ամենից ավելի լավ ճանապարհն այն է, որ մենք կարողանանք կարճ ժամանակահատվածում բարձրացնել մեր բոլոր դպրոցների մակարդակը, որպեսզի այդ դպրոցներում մեր երեխաները կարողանան ստանալ ժամանակակից մրցունակ գիտելիք: Բայց դրա հետ զուգահեռ ինչո՞ւ պիտի բացառենք միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի մասնավոր դպրոցների առկայությունը",- ասել է նա Բեռլինում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Մանավանդ՝ խոսքը մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որտեղ մի քանի առարկաների ուսուցումը, ինչպիսիք են հայոց պատմությունը, կրոնի պատմությունը եւ այլն, պարտադիր է լինելու ՀՀ քաղաքացու համար: "Բայց եթե այդ դպրոցներում ուսանեն Ռուսաստանի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի քաղաքացիներ, արդյո՞ք մենք կարող ենք նրանց պարտադրել, որպեսզի նրանք անցնեն, ենթադրենք, ֆիզիկան, քիմիան հայերենով: Դա անհնարին մի բան է, չէ՞: Երեւանում գործում է Ամերիկյան համալսարանը, որտեղ ուսուցումն անգլերեն է, գործում է Հայ-Ռուսական համալասարանը, որտեղ ուսուցումը ռուսերեն է, որից Հայաստանին որեւէ վնաս չի հասցվել: Խոսքը, նորից եմ ասում, մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որոնց պետական բյուջեից մեկ դրամ էլ չենք հատկացնելու"-, մեկնաբանել է Սերժ Սարգսյանը: Նախ, ՀՀ նախագահը խոսում է "միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցների" մասին, այսինքն` դպրոցներ, որտեղ անկախ ազգությունից ուսում կստանան "միջազգային չափանիշներին համապատասխան", իսկ մնացած դպրոցների "մակարդակը բարձրացնել" որպեսզի մեր երեխաները կարողանան ստանալ ժամանակակից մրցունակ գիտելիք: Հարց է առաջանում, թե ի՞նչ է "միջազգային չափանիշներին համապատասխան" ուսումը, եւ ինչո՞վ է այն տարբերվում հայկական դպրոցների "ժամանակակից ուսում տալուց": Արդյո՞ք "ժամանակակից" ասելով նկատի չունեն "միջազգային չափանիշները": Եթե դա նկատի չունեն, ապա ի՞նչ են հասկանում՝ գուցե երեւանյան ժամանակո՞վ է դա չափորոշվում: Սերժ Սարգսյանն ասում է՝ մի քանի մասնավոր դպրոցի մասին է խոսքը, ի վերջո որոշեցին՝ 9-ը Երեւանի, 2-ը շրջանների համար: Փաստորեն, ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանում այնքան գերմանացի, ռուս եւ այլ երկրների աշակերտություն կա, որ Հայաստանի 11 դպրոց հազիվ բավարարեն այդ պահանջարկը: Երեւանում ինչքա՞ն օտարալեզու երեխաներ կան, որ 9-ը դպրոց պետք է հատկացվի նրանց:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ Հայաստանում կրթությանը հատկացնում էին երկրի ՀՆԱ-ի մեկ տոկոսը: Այսօր արդեն, 2010 թ. բյուջեով, կրթության ծախսերը մոտենում են 4 տոկոսի: "Սա մի քիչ ավելի է, քան մենք հատկացնում ենք մեր բանակին...": 2005 թ. տվյալներով Հայաստանի պաշտպանության բյուջեն կազմել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,6 տոկոսը, իսկ եթե հինգ տարի անց, այսինքն 2010 թ. Հայաստանի պաշտպանության բյուջեն մի քիչ է պակաս ԿԳ-ին տրամադրվողից, էլ ի՞նչ խոսք այն մասին, թե մեր բանակն այսօր ավելի է պատրաստված քան երբեւ:
Վերոնշյալ հակասական հայտարարությունները վկայում են այն մասին, որ մեր իշխանավորները կամ մեկը մյուսից լուր չունեն, կամ փորձում են մեկ մյուսի արարքը արդարացնել: Հայաստանի նախագահը Բեռլինում ուղղակի փորձեց խնդիրը այլ կերպ ներկայացնել՝ ժողովրդին հանգստացնելու համար, ինչպես դա անում էր "Ֆուտբոլային դիվանագիտության" ընթացքում՝ Թուրքիայի կողմից բացահայտ նախապայմանները նախապայմանների բացակայություն ներկայացնելով:
Երվանդ
ԽՈՍՐՈՎՅԱՆ
23 հունիսի 2010 թ. Գերմանիա
|
|
|
| 26 Հունիս [13:26] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Առավոտ ծեգին Գոքորն ու Համբոն ճանապարհ ընկան: Մի խաղաղ առավոտ էր. մի տխուր առավոտ: Տանեցիք եկան մինչեւ դարպասը, Գոքորի լիքը թշերը պաչեցին ու ճամփու դրին: Մայրը լաց էր լինում, քույրը՝ Զարինեն լաց էր լինում, իսկ փոքրիկ Զորիկը մոր գրկից ձայն էր տալիս. "Գոգոլ, Գոքոլ, էդ ուր ես գնում, հե՜ Գոքոլ":
Իջան Համբոն ու Գոքորը, եւ որովհետեւ գյուղից քաղաք գնացող ավտոբուսը շաբաթվա մեջ մի օր էր աշխատում եւ ոչ այդ օրը, քաղաք տանող ճամփի վրա կանգնեցին եւ սպասում էին, որ մի պատահական բարի վարորդ կվերցնի իրենց, մինչեւ քաղաք կտանի, իսկ այնտեղից էլ "Գազելով" մայրաքաղաք կգնան: Մեքենաներն անտարբեր արագությամբ անցնում էին նրանց կողքով՝ որի մեջ ազատ նստատեղ չկար, որի մեջ էլ կար, բայց վարորդն ուրիշի կարիքին անտարբեր էր: Ճամփի վրա երկար մնացին նրանք, մինչեւ մի սեւ ջիպ կանգնեց: Ավարա Մելիքի տղու՝ Անուշի զարմիկի մեքենան էր:
- Բարի լիս Համբո,- իր հորից մեծ Համբոյին անունով դիմեց Ավարի տղեն,- էս առավոտ-գիշերով, էս ո՞ւր եք գնում:
- Էրեւան ենք գնում, որդի ջան, տանում եմ Գոքորին գործի տամ, որ քո նման շնորհքով տղա դառնա, քաղաք տեսնի, էս կյանքում զուրկ ու խեղճ չլի,-ասաց Համբոն:
-Էնա, բախտդ բերել ա, ես էլ եմ Երեւան գնում, նստեք` կտանեմ:
Համբոն ու Գոքորը նստեցին մեքենան: Ավարի տղի կողքին՝ առջեւի նստատեղին, մի սիրուն, շիկահեր աղջիկ էր նստած՝ հագին կարճ փեշով ծաղկավոր շրջազգեստ: Գոքորին աղջկա շեկ մազերը դուր չեկան (Անուշը սեւահեր էր), բայց շրջազգեստը նա շատ հավանեց եւ որոշեց իր առաջին աշխատավարձի փողերով մի էդ տեսակ շոր առնել Անուշի համար ու գյուղ ուղարկել: Ավարի տղեն ռուսական "բլատնոյը" քոքեց ու գազ տալով տեղից թռցրեց մեքենան: Գոքորը նայում էր Ավարի տղի շարժուձեւին, հագուկապին եւ հասկանում էր, որ շատ պիտի աշխատի իր վրա ու նաեւ շատ փող պիտի աշխատի, որ կարողանա նրա հետ ոտ մեկնել: Գոքորն իր մտքում դրեց, որ անպայման էդ տեսակ ջիպը տակին պիտի վերադառնա գյուղ: Պատկերացրեց, թե ոնց է ինքը ջիպով գալիս-կանգնում Անուշենց դռանը, ոնց են Անուշի հայրն ու գյուղապետ հորեղբայրը ու նրա ավարա տղեն հարգալից խոսում իր ու իր հոր հետ:
- Համբո, էդ ի՞նչ գործ ես գտել Գոքորի համար,- հարցրեց Ավարի տղեն:
- Ախրանի գործ ա, մեր հեռու բարեկամն ա մի հարուստի մոտ սաբաբ էղել:
-Անունը ի՞նչ ա էդ հարուստի:
-Անունը մտահան եմ արել, բայց...,- Համբոն հասկացավ, որ ծաղրի առարկա է դառնալու:
-Բայց ի՞նչ,- հանգիստ չթողեց Ավարի տղեն:
- Բայց ավել անունը Բազազ ա:
Իր կյանքում մեկ- երկու հեքիաթից դենը բան չէր կարդացել Ավարի տղեն, բայց դե էդ ո՞ր լոռեցին չգիտի քորփա Գիքորի ու Բազազ Արտեմի պատմությունը:
-Էնա, ասա Գիքորին Բազազի ձեռն ես տանում գցես, էլի,- ծիծաղեց Ավարի տղեն,- զգույշ կլնես, արա, մրսես ոչ:
Բոյ-ԲՈՒՍԱԹՈՎ
|
|
|
| 26 Հունիս [13:26] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Սահմանված կարգի համաձայն, վերջին պետական միասնական քննությունից հետո, եռօրյա ժամկետում պատրաստ կլինեն ու կփակցվեն բողոքարկման արդյունքները: Երեկ փակցվել էին հայոց լեզու եւ գրականություն առարկայի բողոքարկման արդյունքները: Ընդհանրապես աղմուկն այս քննության ու բողոքարկման գործնթացի շուրջ չափազանց մեծ էր, բայց, զարմանալիորեն, բողոքարկման արդյունքներին ծանոթանալ շատերը չէին շտապում: Բողոքարկման արդյունքները փակցված էին հենց քննական կենտրոններում, որտեղ երբեմն-երբեմն ցուցակներին մոտենում էին դիմորդներ կամ ծնողներ ու փնտրում իրենց երեխայի անուն ազգանունը` ակնկալելով բարձրացած տեսնել գնահատականը: Մեզ հանդիպած դիմորդներից շատերի միավորը բարձրացվել էր 0,25-ով, մի քանիսինը` 0,5-ով: "Իմ աղջիկը ճիշտ էր պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք վիճահարույց էին համարվում, բայց նրա միավորը բարձրացվել է 0,25-ով: Ես շատ ուրախ եմ: Սա նշանակում է, որ այս երկրում գոնե ինչ-որ բան արվում է",-ասաց ծնողներից մեկը: Որոշ դիմորդներ էլ դժգոհում էին, որ իրենք բողոքարկել են, բայց իրենց միավորը նույնն է մնացել, չի բարձրացել: Մի ծնող էլ իր աղջկա հետ զարմանալիորեն ուրախացել էին: Նրանք չէին բողոքարկել, բայց իրենց միավորը բարձրացվել էր 0,75-ով. "Մենք շատ ուրախ ենք, չէինք սպասում: Մենք չէինք բողոքարկել, բայց արի ու տես, որ միավորը բարձրացվել է",- ուրախացած պատմում էին նրանք:
Ի դեպ ծնողներից շատերը դժգոհում էին, որ քննությունների ժամանակ պետք է լինեն տարբերակված թեստեր: Ասենք, տնտեսագիտական ու բանասիրական ֆակուլտետի դիմորդները չպետք է հանձնեն նույն բարդության քննություն:
Մեզ հանդիպած դիմորդների մեծ մասը դժգոհում էր հատկապես մաթեմատիկայի թեստերից. "Հայերենը ոչինչ, նորմալ էր, անգլերենը լավ էր, բայց մաթեմը շատ դժվար էր: Մի չորս հատ հարց լրիվ ծրագրից դուրս էր: Հարցեր էլ կային, որ անհասկանալի էին, մի երեք անգամ պիտի կարդայինք, որ հասկանայինք",- ասացին տնտեսագիտական համալսարան դիմած երկու տղաներ: Ի դեպ, նրանք մեզ պատմեցին, որ մաթեմատիկայի քննության ժամանակ իսկապես դիմորդներից թեստերը 15 րոպե շուտ են հավաքել: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին անցկացված մաթեմատիկայի քննության ժամանակ ճարտարագիտական համալսարանի շենքում տեղակայված քննակենտրոնում բանը հասել էր ձեռնակռվի՝ ծնողներն ու դիմորդները բողոքում էին, որ թեստերը 15 րոպե շուտ են հավաքել, իսկ քննության կազմակերպիչները եւ բողոքարկման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանը պնդում էին, որ այդպիսի բան չի եղել, թեստերը հավաքվել են ճիշտ ժամանակին: "Չէ, այդպիսի բան հաստատ եղել է, մեր դասընկերը հենց այդ քննակենտրոնում է քննություն հանձնել, ու թեստերը հաստատ ժամանակից շուտ են հավաքել, ավելի ճիշտ խլել են, ու նա չի հասցրել ավարտել: Հետո ասել էր, որ իր ձեւաթուղթը տան, որ ավարտի աշխատանքը, բայց չէին տվել: Նա էլ կարծեմ շշով խփել էր թեստ հավաքողին: Նրան դուրս էին տարել, հետո ծնողներն էին ներս մտել ու տենց կռիվ էր սկսվել",- պատմեցին տղաները: Հիշեցնենք, որ մյուս առարկաների բողոքարկման արդյունքները կհրապարակվեն մինչեւ հունիսի 26-ը:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱ
|
|
|
| 25 Հունիս [19:25] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Այո, սիրելի ընթերցողներ, թեեւ մեր Գոքորը քորփա էր ու մի քիչ էլ էրեխախելքի, նա էլ գիտեր, թե ինչ բան է սերը: Որ հարցնեիր, թե ինչ բան է, ինչ է ինքը զգում, կասեր. "Կարալ չեմ բացատրեմ, բայց գիտեմ": Գիտեր, զգում էր, ավելին՝ սիրած աղջիկ ուներ իր մտքում, բայց իր Երեւան գնալ- չգնալու հետ կապված ծնողների վեճից, թե ինչից, լրիվ մտահան էր արել նրան: Հիշեց Գոքորը, իր սիրո առաջ իրեն մեղավոր զգաց, նրան գոնե հեռվից տեսնելու անհաղթահարելի ցանկություն ունեցավ եւ առանց երկար-բարակ մտածելու բռնեց Անուշենց տուն տանող ճանապարհը, այնինչ մտածելու պատճառ կար, որովհետեւ Անուշի հորեղբայրը գյուղապետն էր՝ Ավարա Մելիքը, եւ Անուշի հայրն ու եղբայրներն էլ պակաս ավարա չէին:
Գոքորը բաց դարպասներից ներս մտավ ու տան բակում, գոմի մոտ կանգնած նայում էր Անուշի սենյակի պատուհանին՝ հուսալով, որ նրա անուշ պատկերը կտեսնի այնտեղ: Մեկ էլ ճանապարհի վրայից շնահաչի ձեն լսեց. Անուշի ֆիդայի հոր (նա կռվի ժամանակ մի քանի անգամ իր նիվայով Նոյեմբերյանի կողմերն էր գնացել) զույգ կատաղի շներն էին՝ Ալին ու Մուխտառը: Գոքորի հոտը առել էին, առաջ ընկած գալիս էին: Գոքորը հասկացավ, որ ծուղակի մեջ է, եւ վազեց մտավ գոմը: Ոչխարներն ու գառները օտար մարդու ներկայությունից անհանգստացան եւ սկսեցին բառաչել: Շները եկան գոմի դռան մոտ, ու հո չեն հաչում, հո չեն հաչում: Քիչ հետո լսվեց նաեւ Անուշի հարբած հոր հայհոյանքները: Գոքորն, Անուշի հոր ոտնաձայներն ու հայհոյանքները լսելով, պառկեց-թաքնվեց գառների ետեւում: Անուշի հայրն ավելի թունդ հայհոյեց շներին, Գոքորը լսեց ծանր հարվածի ձայնը, շան ոռնոցը ու մեկ էլ դռան բացվելու ճռոցը: Գոքորի սիրտը փորն ընկավ: Գառներն ու ոչխարները սկսեցին ավելի բարձր բառաչել, եւ որպեսզի իր լռությամբ չմատնի իրեն, Գոքորը ձայնակցեց նրանց:
-Բեեեեեեեեեեեեեեե,-բառաչում էին գառները:
-Բեեեեեեեեեեեեեեե,-ձայնակցում էր "գառ" Գոքորը:
Անուշի հայրը մի էլիտար, յոթհարգանի հայհոյանք էլ գառներին տվեց եւ դուռը փակեց: Մի քանի րոպե պառկած մնալուց հետո Գոքորը բարձրացավ եւ դուրս եկավ գոմից՝ նախապես համոզվելով, որ շները կապած են, ու վտանգը անցած: Երբ հասավ փայտաշեն զուգարանին, զուգարանի դուռը բացվեց, եւ այնտեղից դուրս եկավ Անուշը: Գոքորն ու Անուշը երկար նայեցին միմյանց, եւ Անուշի նայվածքից Գոքորը հասկացավ, որ ինքն էլ Անուշի սրտում տեղ ունի: Անհրաժեշտություն չկար, որ խոսեն, երկուսի համար էլ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի:
-Վաղը Երեւան եմ գնում,-ասաց Գոքորը:
-Գիտեմ,-ասաց Անուշը,-ես քեզ կսպասեմ:
Երեւան գնալու հետ կապված Գոքորի բոլոր կասկածները փարատվել էին: Հիմա նա գիտեր, որ Անուշն էլ իրեն է հավանում, հիմա նա մտածում էր, որ պետք է գնա Երեւան, կարեւոր մարդ դառնա, որ Անուշի ավարա հարազատներն իրեն մարդու տեղ դնեն:
շարունակելի
|
|
|
| 25 Հունիս [19:25] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Եւրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ երեկ մամլո հաղորդագրություն էր տարածել, որտեղ վերլուծել էր Արցախ-Ադրբեջան սահմանի վրա տեղի ունեցած հունիսյան միջադեպերը, որոշ տեղեկություններ եւ եզրահանգումներ հաղորդել:
"Նախ Զայլսբուրգում Թուրքիայի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչ Սուատ Կինիկլիուղլուն պաշտոնապես դիմեց ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին` խնդրել-հորդորելով, մեջբերում ենք. "չխանգարել, այլ օգնել ՀՀ նախագահին՝ կատարելու Վաշինգտոնում Օբամայի եւ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ունեցած պայմանավորվածությունը, այն է՝ կարճ ժամանակամիջոցում Ֆիզուլիի եւ Քելբաջարի շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված": Այս հաստատեց նաեւ Էրդողանն` ավելացնելով, որ 2 շրջանների հանձմանն անմիջապես կհաջորդի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ սահմանների ապաշրջափակումը Թուրքիայի ու նույնիսկ Ադրբեջանի կողմից: Այնուհետեւ, մայիսի վերջին Եվրոպայի գաղտնի ծառայությունների կողմից մեզ հաղորդվեց հետեւյալ տեղեկույթը. կա պայմանավորվածություն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ, որ ամռան ամիսներին արցախյան սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ պայմանավորված, որի արդյունքում սկզբում տրվելու են տասնյակ զոհեր, այնուհետեւ կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների: Պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, եւ վերը նշված շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր` Ֆիզուլի ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար` Ռուսաստանի: Այս տեղեկատվության իրավացիությանը կարելի է կասկածել, կարելի է մասամբ հավատալ եւ կարելի է ամբողջովին հավատալ: Եթե ելնենք հունիսին արդեն կայացած միջադեպերից եւ դրան տրված միջազգային հանրության արձագանքից, հատկապես Մինսկի խմբի համանախագահների ու ամերիկյան իշխանության կողմից տրված կողմնակալ եւ զսպված գնահատականներից, կարելի է այդ տեղեկատվությանը հավատալ: Տեղեկատվությանը հավատալուն տրամադրում է նաեւ ԱՄՆ-ի վարչակազմի՝ Իրանի ադրբեջանական սահմանագծին մոտ զորքեր մտցնելու հավաստի ցանկությունը: Մեզ համար շատ կասկածելի է այսպիսի պայմանավորվածությանը ՀՀ նախագահի մասնակցության տարբերակը: Այստեղ մենք ավելի շատ թուրքական սադրանքի հոտ ենք առնում` սփյուռքին ՀՀ նախագահի հետ հակադրելու միտումով, սակայն ոչինչ չբացառելու սկզբունքով քննարկման ենք ներկայացնում դեպքերի զարգացման բոլոր հնարավոր տարբերակները: Կարծում ենք, որ բոլորովին ավելորդ չի ողջ աշխարհի հայության ուշադրությունը բեւեռելու վերոհիշյալ տարբերակների վրա` Արցախի եւ Հայաստանի գլխին կախված արհավիրքից ազատվելու համար": Ապա այս տեղեկատվությունը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անհեթեթություն անվանեց: Ինչին ավելի ուշ հաջորդեց Ֆորումի արձագանքը. "ԵՀՄՖ-ը տվել էր տեղեկատվություն, որտեղ առանց սեփական կարծիքի եւ առավել եւս առանց պնդման ներկայացվել էր այն սցենարը, որը հնարավոր է արցախյան խնդրի հետ կապված զարգացում ունենա: ԵՀՄՖ-ի կողմից կարծիք է հայտնվել, որ ՀՀ նախագահի մասնակցությունն այս գործընթացում անհավատալի է ու անհնարին, եւ չի բացառվում, որ այս սցենարը նաեւ լինի սադրանք թուրքական ծառայությունների կողմից: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանին խորհուրդ ենք տալիս ավելի արհեստավարժ մոտեցում ցուցաբերել կարեւոր տեղեկատվության հետ ծանոթանալիս եւ, առավել եւս, զերծ մնալ ոչ դիվանագիտական գնահատականներ տալուց, մանավանդ, որ ԵՀՄՖ-ը եւ նրա նախագահը Հայաստանի արտաքին քաղաքականության համար աշխատում են շատ ավելի ակտիվ ու արդյունավետ, քան ԱԳՆ-ի մամլո քարտուղարը եւ շատ շատ նրա գործընկերներ: Իսկ ինչ վերաբերվում է մեր տեղեկատվությանն, ապա՝ մեջբերում ենք ."Կարծում ենք, որ բոլորովին ավելորդ չի ողջ աշխարհի հայության ուշադրությունը բեւեռելու վերոհիշյալ տարբերակների վրա` Արցախի եւ Հայաստանի գլխին կախված արհավիրքից ազատվելու համար": Չէ որ ցանկացած տեղեկույթի վերլուծությունը պետք է կատարվի ոչ միայն ՀՀ ԱԳՆ-ի, այլեւ ողջ աշխարհասփյուռ հայության կողմից, քանի որ Հայաստանի պրոբլեմների լուծմանն երկու տասնմամյակ է արդեն լծվել է ողջ համաշխարհային սփյուռքը":
|
|
|
| 24 Հունիս [20:24] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Երեք ոտնանի Չալանը (մի ոտքը գելի հետ կռվում կորցրել էր) պոչն ուրախ շարժելով մոտեցավ նրան ու սկսեց շուրջը պտիտ գալ: Թթենուց կապված Էշը զռռաց, գոմի դռանը պառկած Սիրուն կովը գլուխն իր կողմը թեքեց, իրեն տեսնելու ուրախությունից, թե ճանճերին քշելու համար անուշ բառաչեց ու պոչը կողերին խփեց: Գոմաղբի մեջ քուջուջ անող հավերը ձենները գլուխները գցեցին:
Վաղն առավոտ ծեգին ինքը Երեւան էր գնալու, վաղը ուրիշ աշխարհ էր բացվելու իր հմար, եւ ինքը ուզում էր ճանաչել էդ աշխարհը, բայց նաեւ անհանգիստ էր, որովետեւ չէր պատկերացնում իր կյանքը իրենց տանից դուրս՝ առանց ծնողների, առանց Զարինեի ու Զորիկի, առանց առվոտները քնահարամ անող էշի, առանց Չալանի ու Սիրունի:
Երբ Համբոն Երեւան գնալու մասին խոսք էր բացել, Գոքորը ուրախացել էր, որ վերջապես ազատվելու է գոմի, հանդի ու հողամասի գործերից, խոտհունձից, բայց որքան մոտեցել էր գնալու ժամանակը, այնքան պակաս ծանր էին թվացել այդ գործերը, իսկ հիմա, երբ հաշված ժամեր էին մնում մայրաքաղաք մեկնելուն, Գոքորին այդ գործերը դուրեկան էին թվում:
Մտածում էր Գոքորը, մտածում ու չէր կարողանում հասկանալ՝ ինքը իրոք ուզո՞ւմ է Երեւան գնալ, թե՞ հոր որոշման հետ հաշտվել է, եւ իրեն թվում է, թե ուզում է: Երեւանում նա մեկ անգամ էր եղել եւ այն էլ` երեխա ժամանակ, երբ հայրը ինչ-որ գործով մայրաքաղաք էր գնացել ու նրան հետը տարել էր: Թեեւ մի քանի օր քաղաքում մնացել էին, բայց այդ օրերից միայն մի կենտ հիշողություն էր պահպանվել՝ կապտագույն քաղցր բամբակը, որ հայրը փողոցում գնեց նրա համար: Գոքորը հիշում էր, թե ոնց էր ինքը հիացած հետեւում ձողի վրա հավաքվող բամբակի փաթիլներին, թե ինչպես բամբակի ձողից բռնել, զարմացած նայում էր փքուն զանգվածին, եւ ոչ մի կերպ չէր ուզում հավատալ, որ այն ուտելու համար է: Հայրը բացատրում էր, թե ինչպես պիտի ուտի, որ փաթիլները քթին չկպչեն, երեսը չշիրոտեն, բայց ինքը չէր ուտում: Ինքը ուզում էր բամբակը իր հետ բերել գյուղ եւ ընկերների համար բացահայտել քաղցր բամբակ կոչվող երեւույթը: Պատկերացնում էր, թե ոնց են գյուղի երեխաները խմբվելու իր կողքին ու զարմացած նայելու ձեռքի կապտագույն բամբակին:
Գյուղ վերադառնալուց հետո Գոքորը տարիներ շարունակ երազել էր նորից Երեւան գնալ, նորից ձեռքերի մեջ բռնել քաղցր բամբակի փքուն զանգվածը, մինչեւ այն օրը, երբ գյուղին մոտ քաղաքից քաղցր բամբակի փոքրիկ արտադրամասով մի "Երազ" եկավ գյուղ, եւ մայրաքաղաք Երեւանը Գոքորի համար այլեւս դադարեց գոյություն ունենալ որպես մի բացառիկ վայր, որտեղ քաղցր բամբակ են վաճառում: "Երազի" առաջին այցելության հետ Գոքորի մանկության երազը ավարտվեց, Երեւան գնալու ցանկությունը՝ նույնպես: Գյուղի հասակակից երեխաները շրջապատել էին "Երազը", իսկ ինքը հեռու կանգնած նայում էր նրանց ձեռքի կապույտ ու վարդագույն բամբակներին եւ իրեն խաբված ու կողոպտված էր զգում: Այն, ինչ ինքը երազել էր, այլեւս բոլորի սեփականությունն էր: "Երազը" բոլորի համար էր. ով երկու ձու, մի լիտր կաթ, մի բանկա մածուն կամ կես գլուխ պանիր տար, կարող էր վերցնել քաղցր բամբակը:
"Երազի" առաջին ազդանշանների հետ Երեւանը Գոքորի համար կորցրել էր իր քաղցրությունը:
Բոյ-Բուսաթով
|
|
|
| 24 Հունիս [20:24] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Կառավարությունն այսօր արտագնա նիստ է անցկացնելու Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքում: Կառավարության այցը բավականին ոգեւորել է գավառցիներին, վերջիններս համոզված են, որ կառավարության ներկայացուցիչները վերջապես հնարավորություն կունենան մոտիկից տեսնելու, թե ինչ աղետալի վիճակում են գտնվում մարզկենտրոն կոչվող Գավառի ճանապարհները: Այս այցի հետ հատկապես մեծ հույսեր են կապում Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչները, որոնք մեր խմբագրություն էին զանգել՝ իրենց մտահոգությունները մեր թերթի միջոցով հայտնելու: Նրանց պատմելով` թաղամասը նախկինում գյուղ է եղել եւ շրջկենտրոնին է միացել 90-ականներին՝ Գավառը քաղաք դարձնելու համար, սակայն մինչ օրս ոչ ոք չի մտահոգվել քաղաքին մաս կազմող գյուղական թաղամասի խայտառակ ճանապարհներով: Բազմաթիվ մարզպետեր ու քաղաքապետեր են եկել-գնացել, սակայն ոչ մեկին այս խնդիրը չի հուզել: Նրանք իրենց որջից այն կողմ ոչինչ չեն տեսել, իսկ այս թաղամասի վիճակը տարեցտարի այնքան է վատացել, որ ըստ գավառցիների, կամ ամենահզոր ամենագնաց է հարկավոր Արծվաքար հասնելու համար, կամ՝ էշով սայլ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Արծվաքար թաղամասից Գավառի կենտրոն տանող ճանապարհին են գտնվում միակ հիվանդանոցն ու ծննդատունը, որտեղ հասնելու համար բավականին լուրջ դժվարություններ պետք է հաղթահարել: Աղետալի պատկերը ավելի պարզ նկարագրելու համար մեզ ասացին, որ վերջին անգամ չեն հիշում, թե երբ են շտապօգնություն կանչել, քանի որ մինչ շտապօգնության մեքենան տեղ կհասնի, արդեն կատաֆալկի կարիքը կզգացվի: Հիվանդանոցի ճանապարհն Արծվաքարի բնակիչների համար վերաիմաստավորվել է՝ որպես նոր կյանքի ճանապարհ. ավելի պարզ` անանցանելիության պատճառով այս ճանապարհին են լույս աշխարհ եկել բազում մանուկներ: Եթե նույնիսկ ծննդաբերության հարցն ինքնին լուծվում է՝ երբեմն առանց մանկաբարձի միջամտության, ապա ինչպե՞ս վարվեն ծանր վիճակում հայտնված բնակիչները, վատառողջները, որոնց հարկավոր է շտապ բժշկի հասցնել: Կարճ ասած, ամեն ինչ բախտի քմահաճույքին է թողնված: Չնայած այս գյուղը տարիներ առաջ դարձել է քաղաքի մաս, սակայն իր ողորմելի վիճակի պատճառով մինչ օրս գյուղ է կոչվում, ոչ ոք այն չի ընկալում որպես Գավառի մաս: Մարզային իշխանությունը թքած ունի գյուղացիների մտահոգություների էլ, ճանապարհների վրա էլ: Այս վիճակն այնքան է հուսահատեցրել նրանց, որ այնտեղ ապրելը բնորոշում են որպես անեծք, որից ոչ մի կերպ իրենց չեն ուզում ազատել տեղական իշխանությունները: Թե ինչպես կարձագանքի կառավարությունը, ի դեմս Տիգրան Սարգսյանի, քյավառցիների ահանզանգին, դժվար է ասել: Սակայն անկախ ամեն ինչից, Արծվաքարի բնակիչները մեր թերթի միջոցով խնդրում են կառավարությանը՝ չանտեսել իրենց մտահոգությունները, հարցին որեւէ լուծում տալ, նորածիններին ու հիվանդներին փրկել խրթին ճանապարհների պատճառով մահանալու վտանգից:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
|
|
| 23 Հունիս [19:23] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Անկեղծ ասած, այս ամիսների ընթացքում մտածում էի, որ սփյուռքից անհրաժեշտ չի լինի դիրքորոշում ցուցաբերել "Լեզվի մասին" օրենքի փոփոխությանը: Վերջերս թերթերից մեկում կարդալով նախագահի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագարությունը, որում խոսվում է` "սփյուռքահայերի ցանկությունից", մտածեցի, որ սփյուռքի կառույցները կցուցաբերեն իրենց դիրքորոշումը: Քանի որ մենք` սփյուռքահայերս (բացառելով այսպես կոչված ավանդական կուսակցություններին եւ նրանց կից միություններին, որոնք սփյուռքահայության նույնիսկ 10 տոկոսը չեն ներկայացնում), չէինք ուզենա քավության նոխազ դառնալ: Եթե մեր երեխաները ցանկանում են օտար լեզուներ սովորել, ավելի արդյունավետ եւ էժան կլինի անել դա մեր ապրած երկրներում, ոչ թե ուղարկել նրանց Հայաստան: Նախագահի մամուլի քարտուղարը կամ անգրագետ է, կամ էլ շառլատան: Մինչեւ Մելքոնյան վարժարանի ավերումն ու քայքայումը, շատ սփյուռքահայեր իրենց երեխաներին ուղարկում էին այնտեղ ոչ միայն ուսման բարձր մակարդակի, այլեւ հայեցի դաստիարակության համար: Մելքոնյան վարժարանի նման դպրոցներ եթե Հայաստանում ստեղծվեին, անշուշտ, շատ սփյուռքահայ երեխաներ կուղարկվեին հայրենիքում իրենց կրթությունը ստանալու, բայց փոխարեն հայկական դպրոցների մակարդակը, որակը բարձրացնելու` բացվելու են "էլիտար" մասնավոր օտարալեզու դպրոցներ, ինչը ոչ միայն վտանգում է եղած դպրոցները, այլեւ ստեղծում է դասակարգային "էլիտար" որջեր, որոնց շրջանավարտները ոչ մի կապ չեն ունենալու Հայաստանի հասարակության 80 տոկոսի հետ: Այս կապակցությամբ նույնիսկ սփյուռքահայ կապիտալ ներդրողների անուններ են հնչեցվել՝ ոմն Վարդանյան կամ Վ. Հովնանյան եւ այլն, որոնք պարզապես մտածում են իրենց բիզնեսի մասին եւ որեւիցե կապ չունեն սփյուռքահայերի ցանկությունների եւ իղձերի հետ: Եւ ոչ ոքի իրավունք չի վերապահվում, ելնելով իր գրպանի շահերից, ներկայացնել սփյուռքահայությանը. սփյուռքահայությունը ոչ մեկին այդպիսի լիազորություն չի տվել՝ ոչ միայն անհատներին, այլեւ Հայաստանի իշխանություններին: Դա արդեն իշխանությունները պետք է որ հասկացած լինեին՝ իրենց վարած ֆուտբոլային քաղաքականության արդյունքներից ելնելով, հատկապես այն կետերից, որոնք անմիջապես վերաբերում են սփյուռքահայությանը:
Ողջունում եմ բոլորիդ՝
Ձեր Վահագն ՀԱԿՈԲՅԱՆՑ
|
|
|
| 23 Հունիս [19:23] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ |
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասնյոթ տարեկան Գոքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնում:
- Չեմ ուզում, չեմ ուզում, իմ Գոքորին, իմ քորփա էրեխուն էն անիրավ աշխարհը մի գցի,-լալիս էր կինը:
Ամուսինների վեճի թունդ պահին տան դուռը բացվեց եւ դռան շեմին հայտնվեց "քորփա" Գոքորը: Գոքորի հասակը երկու մետրից մի քանի սանտիմետր էր պակաս, ուսերը լայն ու հզոր էին, թեւերը հաստ ու մկանուտ, գոնչո գլուխը գանգրահեր էր, լիքը թշերը կարմիր, եւ եթե նրա խոշոր, թախծոտ աչքերը չլինեին, դժվար էր նրա մեջ տեսնել "քորփա" Գոքորին. ջահել, առողջ ցլիկի էր նման Գոքորը:
- Սա ա՞ քյորփեն, հլա սրա վզի հաստությանը մտիկ արա, հլա սրա բիլակներին նայի,-համոզում էր Համբոն կնոջը,-ուզում չես մեր տղեն մարդ դառնա, հարգանք-պատիվ ունենա:
- Էս մի մատ էրեխեն մենակ ի՞նչ տի անի քաղաքում, ստի կարալ չի՞ մարդ դառնա, հարգանք-պատիվ վայելի,-չէր համոզվում կինը:
- Քեզ համար քո տղեն հիսուն տարեկանում էլ տի քորփա ըլի, մի մատ Գոքոր ըլի: Հրեն Ավարա Մելիքի երկու տղաները, Ղաչաղ Սամոյի տղեն քեզ օրինակ՝ գնացին քաղաք, մի քանի տարի հետո արդեն Հանրապետականի շտաբումն էին, էս վերջին ընտրություններին իրանց լավ դրսեւորեցին, հիմա ամեն մեկը մի ջիպ ա առել, իրա գործն ունի: Գիտես, թե ինչ հանգի մարդկանց հետ են նստում-վիկենում: Մեր տղեն նրանցի ինչո՞վ ա պակաս, որ նրան էս մեր չոլերին էս արժան համարում:
- Երեւի մոռացել ես,-հակադարձեց կինը,-Ավարա Մելիքը մեր գյուղապետն է, Ավարի բիձեն քաղաքում միլպետ է, Ղաչաղի քեռին էլ մարզպետի տեղակալ է:
- Դարդ մի անի, ես իմ անելիքը լավ գիտեմ,-պարծենում էր Համբոն,- թե նրանք էս մեր փոքր քաղաքում են իրանց որդկերանցը տեղավորել, ես մեր տղին Երեւան տեմ տանի, թե սրանք չորս-հինգ տարում են գործի տեր դարձել, մեր Գոքորը դրանցի շուտ տի մարդ դառնա:
Գոքորը մին ուզում էր ծնողների խոսքուզրույցին միջամտեր, ասեր՝ այ մեր, ինձ բան չի պատահիլ, այ հեր, էդ թեման փակի, մին էլ մտածեց, որ դա օգուտ չի տա, ու տնից դուրս եկավ: Քույրն ու եղբայրը դեզի մոտ խաղ էին անում եւ հենց որ նրան տեսան, վազեցին մոտը:
- Գոգոլ, Գոգոլ,-Գոքորի գիրկը նետվեց չորսամյա Զորիկը:
- Այ տա, քեզ քանի՜ հետ ասենք՝ Գո-գոլը ռուս գրող ա, ասա Գո-քոր, Գո-քոր:
- Գի-քոլ, Գի-քոլ,-ասաց Զորիկը ու ծիծաղեց՝ ոնց որ Գոքորի նյարդերի հետ խաղ անելիս լիներ:
- Թու հա, հմիկ էլ Գիքոր դարձանք, Զորիկ, էդ ո՞նց ա լինում, որ մենակ իմ անունը չես նորմալ արտասանում,- չորսամյա եղբոր վրա լրջորեն բարկացավ Գոքորը. թեեւ հասակը 194 սանտիմետր էր, քաշը 100 կիլոգրամ ու 17 էլ արդեն լրացել էր, Գոքորը դեռ երեխախելքի էր:
Զորիկից նեղացած Գոքորը նրան գրկից իջեցրեց, քրոջը՝ Զարինեին ասաց, որ երեխային տուն տանի, իսկ ինքը քայլեց դեպի գոմը: Ահա խոտի դեզը, որի վրա պառկած նա բազմաթիվ գիշերներ էր լուսացրել, ահա փայտաշեն զուգարանը (զուգարանի հետ կապված պատմությունը պատմելու բան չի), ահա եւ գոմը: Գոքորը կանգնեց եւ գլուխը տան կողմն արավ՝ այնտեղից նրան էր հասնում ծնողների վեճի ձայնը.
-Չեմ ուզում,-ասում էր մայրը,- էդ անիրավ աշխարհը նրա համար չի:
|
|
|
|
|