Մեր թատրոնը միակ խաղացանկային ոչ պետական թատրոնն է, եւ այդ տեսանկյունից բազմաթիվ դժվարություններ ունենք ներկայացում պատրաստելու, դերասաններին վճարելու հարցերում: Թատրոնը պետության կողմից չի ֆինանսավորվում, որեւէ առանձին ներկայացումների համար հնարավոր է մշակութային նախարարությունը որոշակի օգնություն ցույց տա: Երեխաների դաստիարակության հարցը պետությունը պետք է իր հոգածության տակ վերցնի, պետության հիմնախնդիրներից մեկը պետք է լինի, բայց դա այդպես չէ: Քիչ չեն այն արվեստագետները, որոնք երեխաների դաստիարակությամբ են զբաղվում, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ խնդիրը պետության հոգածության առարկա է: Փաստորեն, մանկական երեք թատրոն ունենք Երեւանում, մեկը Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն է, որը պետական օգնություն է ստանում կանոնավոր կերպով, երկրորդը Խամաճիկների թատրոնն է՝ նույնպես պետական եւ նույնպես պետությունից օգնություն է ստանում, եւ "Ագուլիս" թատրոնը, որը ոչ մի տեղից օգնություն չի ստանում: Սակայն դա էլ կապ չունի, երեք թատրոն է թե 13, մոտեցումն է կարեւոր: Ասում եմ՝ մատաղ սերնդի դաստիարակության խնդիրը պետության խնդիրը չէ: Պատահական ձեւով ինչ-որ որոշում են ընդունում, ինչ-որ բան են անում, ես չեմ ասում, թե ոչինչ չեն անում, բայց դա պետական ծրագիր չի ու հարցին լուրջ, հանգամանորեն մոտեցնում չի: Եթե թատրոնը պետության հոգատարությանը չի արժանանում, ուրեմն այդ պետությունը պարզապես պետություն չի, ադմինիստրացիա է, որը էս տարածքում ապրող մարդկանց ինչ-որ հարցեր է լուծում, հարկեր է հավաքում, բայց եթե դու քո ժողովրդի անցյալը, ապագան, ներկան չես համադրում եւ չես ուզում ուղղորդել քո ժողովրդին այսօրվա բարդ աշխարհում, դե ուրեմն դու պետություն չես: Սա վարչախումբ է, պետություն չէ: Պետությունը պետք է իր անցյալը դարձնի հիմնաքար եւ այդ հիմնաքարի վրա կառուցի իր ապագան: Այդ խնդիրը լավագույն ձեւով կարող է անել թատրոնը, որը բացարձակ անուշադրության է մատնված: Պարզապես մենք էլ էս պետության մեջ մեր գործը մի կերպ, մեծ չարչարանքով անում ենք, որ մեզ հասարակությունը ամոթանք չտա: Հեռուստաալիքներն էլ, ճիշտ է, որոշակի ժամեր ունեն երեխաների համար, բայց որեւէ ուղղորդված, ընդհանուր դաստիարակչական գաղափար չկա այդ հաղորդումներում: Ամեն մեկը տեղից վեր է կենում, ինչ-որ ծիծաղելի բաներ է անում: Խոխմաչ ժողովուրդ ենք դարձել: Բոլորը մտածում են ծիծաղեցնելու մասին, գերագույն խնդիր է դարձել հանաք անելը, ծիծաղեցնելը: Մեր ժողովուրդը այս մոլորակի վրա 4-5 հազար տարվա պատմություն ունի: Մենք այս տարի 4 հազար 500 ամյակն ենք նշելու Հայկի եւ Բելի պատերազմի: Բայց այդ զգացողությունը չունենք, որ մենք էս ժողովուրդն ենք, որ 4 հազար 500 տարի առաջ ենք դեռեւս հայտ ներկայացրել պետություն դառնալու: Հիմա "Ագուլիս" թատրոնը "Հայկ եւ Բել" ներկայացումն է պատրաստում, բայց աներեւակայելի աշխատանք է, աներեւակայելի չարչարանք: Սա աշխատանք չի, որ մենք ենք անում, առանց հովանավորության, ուղղակի ամեն մեկն իր հոգու պարտքն է համարում մի բան անել էս ժողովրդի համար, որ շատ թուք ու մուր չուտի:
Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ
դերասան
Բացել ԿԳԲ-ի արխիվները
09 Հուլիս [05:12] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ
Եթե մենք ուզում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, ամենագլոբալ խնդիրն անգամ՝ ղարաբաղյան խնդիրը լուծվի, ապա պետք է իշխանության որակներ փոխվեն եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում: Որակներ ասելով նկատի չունեմ միայն կրթությունը, որովհետեւ եթե մեզանում թերուս մեկն է նախագահի աթոռն զբաղեցնում, ապա Ադրբեջանում գոնե գիտենք, որ շատ բարձր կրթությամբ դոկտոր մարդ է Իլհամ Ալիեւը: Այսինքն միայն կրթության խնդիրը չէ, որը որակ է ապահովում, կարեւոր է, թե ինչ կապերով են նրանք հասել իշխանության: ԿԳԲ գեներալի որդի Իլհամ Ալիեւ, Սերժ Սարգսյանի, այսպես ասած, "տՏջօՉվՏռ" անունը՝ Նարիմանով, որ մամուլում շրջանառվեց բազմիցս... Եթե մենք ուզում ենք, որ խաղաղություն հաստատվի, ապա խաղաղություն հաստատողները պետք է լինեն ազատ մարդիկ, որոնք չեն գտնվում ԿԳԲ-ի սարդոստայնում: Դրա համար շատ պարզ բան է հարկավոր անել՝ բացել ԿԳԲ-ի արխիվները եւ հրապարակել ներքին գործակալական ցանցը: Ոչ թե արտաքին հետախուզական, որով մենք կարող ենք մեր փոքրիկ տեղով խառնաշփոթ ստեղծել գերտերությունների խաղերում, այլ պարզապես մեր ներքին գործակալական ցանցը: Բացահայտել նրանց, ովքեր ժամանակին "ստուկաչությամբ" են զբաղվել, նրանք, ովքեր այսօր էլ իրենց պատվիրատուների ու ղեկավարների առջեւ են հաշվետու եւ ոչ թե ժողովրդի առջեւ: Չեմ ասում նրանց դատափետենք, պատասխանատվության ենթարկենք, նրանք այդ պատասխանատվությունը երկնքում ինչ-որ պահի կստանան՝ Աստծո դատաստանի առջեւ կանգնելիս: Հիմա գոնե ընդամենը մի փոքրիկ բան է հարկավոր՝ նրանք այլեւս իրավունք չպետք է ունենան պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու: Ինչո՞ւ: Որովհետեւ ելնելու են ոչ թե տվյալ երկրի շահերից՝ Հայաստանի կամ տվյալ դեպքում նաեւ Ադրբեջանի շահերից, այլ ելնելու են իրենց տերերի շահերից, այսինքն Սովետական Միության իրավահաջորդ Ռուսական կայսրության շահերից: Եւ նրանք պարզապես չեն կարող խաղաղություն բերել տարածաշրջան: Հիմա մենք այդպիսի մի նախաձեռնությամբ ենք պատրաստվում հանդես գալ, դիմել քաղաքական բոլոր ուժերին՝ մի օրինագիծ մշակելու կամ հայտարարությամբ հանդես գալու, որպեսզի ներքին գործակալական ցանցը բացահայտվի: Միանգամից իրավիճակը կփոխվի Հարավային Կովկասում: Թեեւ ռոմանտիզմից եթե դուրս գանք, գիտեմ, որ այդպիսի քայլին խոչընդոտողները շատ ավելի մեծաթիվ կլինեն, քան պաշտպանողները: Նրանք մտացածին պատճառներ կբերեն, կասեն` դե գիտեք, ընտանիքներ են հետեւում կանգնած, խայտառակ կլինեն: Բայց մենք տեսնում ենք, որ խաղաղության մեջ կարող են ապրել Արեւելյան Եւրոպայի ու Մերձբալթիկայի այն երկրները, որոնք գաղտնազերծեցին ներքին գործակալական ցանցերը: Իրենք էլ պակաս սահմանային վեճեր չունեին հարեւանների հետ: Հիմա Հայաստանի քաղաքական դաշտը, անկախ նրանից՝ իշխանական թե ընդդիմադիր են իրենց համարում, քաղաքական ողջ վերնախավը պետք է ձերբազատել չեկիստներից, ԿԳԲ-շնիկներից: Այդ դեպքում նոր Հայաստանում որակ կփոխվի, այլապես չեկիստի զավակը ծպտյալ չեկիստ է, եթե բացահայտված չէ:
Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Պահպանողական
կուսակցության նախագահ
Հայանպաստ չէր, բայց հակահայկական էլ չէր
08 Հուլիս [17:36] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը, այսինքն այն տարբերակը, որը պաշտպանվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից (դա դարձյալ միջնորդների տարբերակն էր), իհարկե, իդեալական չէր, իհարկե այդ տարբերակը հայանպաստ համարել չի կարելի, բայց նաեւ հակահայկական չի կարելի համարել այդ տարբերակը: Խնդրի լուծման բոլոր տարբերակներն ունեն լուծման մի տրամաբանություն: Նախ, վերացվում են պատերազմի հետեւանքները, երկրորդ՝ երկու պետությունների միջեւ վստահության միջավայր է ստեղծվում եւ նոր՝ երրորդ փուլում հնարավորություն է ստեղծվում լուծել կարգավիճակի խնդիրը: Առաջարկված բոլոր տարբերակների մեջ ավելի հաջող տարբերակ, քան փուլային տարբերակն էր, չի եղել: Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմից եմ, այլ օբյեկտիվորեն՝ որպես պատմաբան, որպես քաղաքագետ: Նախ այն պատճառով, որ այնտեղ հստակորեն երաշխավորվում էին Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքները, երկրորդ՝ քննարկման թեմա չէր Լաչինի եւ Քելբաջարի տարածքների պատկանելության հարցը, երրորդ՝ կարգավիճակի հարցը մնում էր առկախ, եւ այդ պայմաններում իսկապես կարող էր մրցակցությունը որոշել Ղարաբաղի կարգավիճակի ելքը: Այսինքն, Հայաստանի եւ Ադրբեջանի, այսպես ասեմ, տնտեսական եւ քաղաքական մրցակցությունը տարիներ հետո կկանխորոշեր Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Եւ ամենակարեւորը՝ այն փուլում, երբ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր այդ լուծումը, դիսբալանս չկար Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական զարգացումների միջեւ: Այսինքն, ռեալ հնարավորություն կար ուժեղի դիրքերից խաղաղության համաձայնագիր կնքելու: Ցավոք սրտի, քաղաքական վերնախավը եւ հասարակությունը չանսացին առաջին նախագահի հորդորին: Իհարկե, որոշակի մեղքի բաժին ուներ նաեւ առաջին նախագահը, որովհետեւ հասարակական-քաղաքական համապատասխան միջավայր չէր ձեւավորված, եւ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ զգուշացնելով հնարավոր հետեւանքների մասին: Քոչարյան-Սարգսյան զույգի պաշտոնավարման 12 տարիները եկան այդ հետեւանքները հաստատելու: Դրանից հետո կարգավորման փաստաթղթերը գնալով ավելի անբարենպաստ են դառնում հայկական կողմի համար: Ստատուս-քվոն բացարձակապես չի պահպանվել, որովհետեւ Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից: Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն հավասարվել է Հայաստանի ամբողջ բյուջեին: Միջազգային կազմակերպությունները, փոխլրացնելով միմյանց, ընդունել են խիստ անբարենպաստ բանաձեւեր Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով, որոնցում Ղարաբաղի ինքնորոշման պայքարի դրոշակակիր Հայաստանը վերածվել է օկուպանտի: Հայաստանում տեղի են ունեցել երկու ողբերգական իրադարձություններ՝ հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը, որը բովանդակազրկել է մեր երկիրը եւ թույլ չի տալիս, որ արժանապատիվ դիրքերից ներկայանա բանակցային գործընթացին: Էլ չեմ ասում այն մասին, որ այս 10-12 տարիներին Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի երկու սիմվոլներից մեկը սպանվել է, մյուսը տարիներ շարունակ գտնվում էր Շուշվա բերդում: Հիմա էլ 14 քաղբանտարկյալների մեջ 5-6-ը շատ հայտնի հրամանատարներ են:
Սուրեն ՍՈւՐԵՆՅԱՆՑ
"Հանրապետություն" կուսակցության քաղխորհրդի անդամ
Հայաստանը "ոտքը կախ գցելու" ժամանակ չունի
07 Հուլիս [19:02] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ
Իմ կարծիքով, երեք նախագահների վերջերս Կանադայում ստորագրած համատեղ հայտարարությամբ վերահաստատվել եւ, կարելի է ասել, մի փոքր խստացվել են անցած տարի Իտալիայում նույն ձեւաչափով արված հայտարարության դրույթները։ Կարծում եմ, սա խոսում է երեք տերությունների միջեւ առկա որոշակի կոնսենսուսի մասին, որը կողմերին՝ եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին մանեւրելու շատ քիչ հնարավորություններ է տալիս: Այստեղ շատ կարեւոր է անդրադառնալ այն փաստին, որ Ռուսաստանը հայտարարության տեքստը տարածելիս դուրս էր թողել "օկուպացված շրջաններ" արտահայտությունը, բայց այդ "բացթողումը" չի փոխում նոր հայտարարության գլխավոր շարժառիթը՝ Ղարաբաղի ազատագրված տարածքները ճանաչել որպես օկուպացված։ Որքանո՞վ է դա վտանգավոր մեզ համար: Բանն այն է, որ առաջին անգամ այդ բարձրության, այդ մակարդակի վրա արձանագրվում է տարածքների այդպիսի կարգավիճակ, եւ դա արդեն նշանակում է, որ տարածքների շուրջ սակարկելը դառնում է բավականին անհեռանկար։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունում են, որ Ղարաբաղը շրջապատող տարածքներն օկուպացված են, ուրեմն նրանք փաստում են դրանց ազատման անքննելիությունը եւ կանաչ լույս են վառում Ադրբեջանի համար։ Խաղաղ բանակցություններում այդ տարածքները կորցնում են սակարկելիության գործառույթը, իսկ պատերազմ թույլ տալը կամ թույլ չտալը կախված է մնում այդ տերությունների նպատակահարմարությունից եւ շահերի համընկնումից։ Ռուսաստանը, ըստ իս, կամ պարտադրված է ստորագրել այդ փաստաթուղթը, կամ ստորագրելուց հետո է գլխի ընկել, որ դրանով լրջորեն վտանգում է իր կողմից փայփայվող ստատուս քվոն, եւ այդ պատճառով դիվանագիտական սխալը փորձել է ուղղել տեքստը սրբագրելով։ Այսուհանդերձ՝ միանշանակ գնահատական տալ, թե առաջիկայում ինչ կարող է լինել, շատ դժվար է: Որոշ վերլուծաբաններ խոսում են պատերազմի վերսկսման հնարավորության մասին, մյուսները բացառում են դա: Ես կարծում եմ, որ առաջիկայում պատերազմի հնարավորությունը մեծ չէ, որովհետեւ Ադրբեջանը չունի բավարար վստահություն եւ բավականաչափ միջազգային աջակցություն։ Համանախագահները փորձում են ամեն ինչ անել եռյակի նոր հայտարարությունից հետո բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, բայց ամեն ինչ կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի շահագրգռվածությունից։ Ադրբեջանը, ըստ էության ստանալով "օկուպացված տարածքներ" ձեւակերպումը, կարող է չշտապել, հատկապես որ հիացած չէ փաստաթղթի մյուս կետերով՝ ԼՂ ժամանակավոր կարգավիճակ, հանրաքվեի անցկացում եւ այլն։ Հայաստանին գուցե ձեռնտու լինի թայմաուտը, եթե նկատի ունենանք, որ բանակցությունների ձգձգման ամեն մի օրը երկարացնում է ներքաղաքական խնդիրների մեջ թաղված իշխանության կյանքը։ Բայց եթե հաշվի առնենք, որ տասը-տասներկու տարի շարունակվող ձգձգումները միայն թուլացրել են Հայաստանի դիրքերն ու նվազեցրել հնարավորությունները, ապա նույնիսկ այս՝ մեզ համար ոչ ձեռնտու փաստաթղթով Հայաստանը պետք է շարունակի բանակցություններն ու փորձի կորզել այսօրվա հնարավորը։ Հայաստանը "ոտքը կախ գցելու" ժամանակ չունի նաեւ այն պատճառով, որ համանախագահներից առնվազն երկուսը՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ եւ սահմանի բացմամբ, ինչը Թուրքիան անթաքույց կերպով կապում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու, բանակցությունների այս փուլը հետաձգելու միակ տեսանելի ճանապարհն իշխանափոխությունն է եւ նոր ընտրությունների անցկացումը, բայց գործող իշխանությունները դեռ չեն տեսնում այդ քայլի անհրաժեշտությունը, որովհետեւ նրանց թվում է, թե ձգձգման ռեսուրսն անսպառ է։
Սաքոն Բազազի աշխատասենյակի դուռը բացեց, եւ նրանք ներս մտան: Գոքորը հայացքով փնտրեց Բազազին, բայց Բազազը չկար: Գոքորը հետաքրքրությամբ չորս բոլորն էր նայում, հայացքով փնտրում էր իր ապագա շեֆին ու միաժամանակ սենյակն էր ուսումնասիրում:
Բազազի աշխատասենյակը, ուր նա հանգստանում էր, հյուրեր էր ընդունում եւ որոշումներ էր կայացնում, շքեղության, ճոխության եւ անճաշակության հավասարը չունեցող մի ցցուն նմուշ էր: Սենյակի մի հատվածը նվիրված էր Բազազի ձեռքբերովի հոբիին՝ որսագողությանը: Քոչարյանի արատավոր զբաղմունքը վարակիչ էր եղել նրա համար, բայց ի տարբերություն նախկին նախագահի, Բազազը միլիարդներ չուներ, որ աֆրիկաներում էկզոտիկ կենդանիներ սպաներ, նա բավարարվում էր մեր լեռների կուսական բուսականությամբ եւ տեղական-ցեղական կենդանիներով: Պատից կախ թուրքական ու հնդկական գորգերի ֆոնին ցուցադրվում էին նրա գործող հրացաններն ու թուր-թվանքը, որոնց մի մասը հնություն էր, իսկ մնացածը` հնությանը նմանեցրած նոր աշխատանքներ: Գորգերի վերեւում՝ միջնադարյան "անշուք" ամրոցի պատի ձեւ տված պատին գլխատված կենդանիների գլուխներ էին՝ արջի, եղնիկի, վարազի, եւ նապաստակի ու արջի մորթիներ: Ցուցադրվող նմուշների մեծ մասը Բազազն իհարկե գնել էր, բայց հյուրերի առջեւ պարծենում էր, թե որսացել է: Գիպսե նախշերով զարդարված առաստաղից ոսկեգույն շատ մեծ ոսկեգույն ջահ էր կախված: Պատերից մեկը բիբլիական սարի պերճաշուք պատկերով երկվորյակ վերնիսաժային մասիսանկարներ էին զարդարում: Սենյակի հատակի կեսը կաղնեփայտե մանրահատակ էր, կեսը՝ իսպանական բարձրորակ սալիկ: Որսավարի ցուցանմուշների դիմաց թանկարժեք խմիչքների ցուցափեղկով ժամանակակից բարն էր, կողքի պատի մոտ` աշխատանքային սեղանը, որի վրա դրված էին փոքրիկ եռագույնը եւ միլպետ աշխատած տարիներից մնացած մի լուսանկար, որտեղ ոստիկանի համազգեստով Բազազը սեղմում էր հանրապետության գլխավոր դատախազի ձեռքը: Սեղանի դիմաց երկու կաշեպատ բազկաթոռ էր դրված, իսկ իր բազկաթոռի վրա Բազազը մյուսներից տարբերվելու համար ինչ-որ կենդանու մորթի էր գցել տվել: Բազազի աթոռի վերեւում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր, որ Բազազը վերջերս՝ քաղաքականություն մտնելուց հետո էր փակցրել: Սենյակն ամբողջացնում էին հեռավոր անկյունում սարքված ջակուզիի էֆեկտներով լողավազանը եւ լողավազանի հարեւանությամբ մարզասարքերը: Իհարկե Բազազը տանը առանձին լողավազան, խոհանոց ու բար ուներ. այդ սենյակում Բազազը փորձել էր հավաքել լավագույնը:
Գոքորը հիացած նայում էր այդ ճոխությանը եւ աչքը չէր կշտանում: Նա մտածում էր, որ երբ հարստանա, գյուղի իրենց տունը այդ տեսակ ճոխ ու շքեղ է սարքելու:
Բոյ-ԲՈՒՍԱԹՈՎ
Գիքորին
30 Հունիս [19:30] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ
Գիքորը, Համբոն եւ նրանց ազգական Սաքոն մեկ ժամից ավել էր, ինչ Բազազի շքեղ, պարսպապատ առանձնատան պահակակետի մոտ կանգնած սպասում էին` մինչեւ նա կբարեհաճեր նրանց ընդունել: Սաքոն Բազազի միլպետ աշխատած տարիներին նրա ձեռքի տակ էր աշխատել եւ հիմա էլ շարունակում էր մանր-մունր ծառայություններ մատուցել նրան: Իմանալով, որ Բազազն իր բիզնեսները մեծացնելուն զուգահետ նոր մարդկանց կարիք էլ է սկսում զգալ, նա Գոքորի համար բարեխոսել էր, եւ Բազազը չէր մերժել: Սաքոյի համար Բազազի բարեհաճությանը սպասելը սովորական բան էր, բայց Սաքոյին գյուղում կարեւոր մարդ գիտեին, եւ հիմա նա վատ էր զգում, որ ազգականների ներկայությամբ իրեն սպասեցնում են:
Առանձնատան դիմաց կայանված մեքենաների մոտ կանգնած էին Բազազի սեւազգեստ, սափրագլուխ թիկնապահները՝ Վասոն ու Վաչոն: Գոքորը պահակակետի մոտ կանգնած հետեւում էր նրանց շարժուձեւին, փորձում էր որսալ նրանց խոսակցությունը: Վասոն Վաչոյից բարձրահասակ էր, մշտապես ժպիտը երեսին եւ եթե դեմքի երկար՝ ճակատից մինչեւ կզակը իջնող սպին չլիներ, նրա դեմքը վախ չէր ներշնչի: Եթե սպին չլիներ, Բազազը նրան թիկնապահ չէր էլ վերցնի: Վաչոն չնայած որ ցածրահասակ էր, տեսնողի աչքին հսկա էր երեւում, որովհետեւ լայնաթիկունք էր, անպարկեշտության աստիճանի ուռած, պիրկ մկաններ ուներ եւ դեմքը բութ դաժանություն ու դաժան բթություն էր արտահայտում: Գոքորը նայում էր նրանց, նայում եւ չէր պատկերացնում, թե ոնց պիտի նրանց հետ հարաբերվի:
Վերջապես Սաքոյին ասացին, որ նրանք կարող են բարձրանալ Բազազի մոտ: Համբոն ուզում էր Սաքոյի ու Գոքորի հետ վերեւ բարձրանալ, բայց Սաքոն չթողեց.
-Դու սպասի, մի բարձրացի,-ասաց Սաքոն,-աննպատակ խոսալու ես, գործը փչացնես:
Գոքորն ու Սաքոն բարձրացան առանձնատան երրորդ հարկը, որտեղ Բազազի աշխատասենյակն էր: Մինչ տեղ հասնելը, Սաքոն խրատում էր Գոքորին, թե ոնց պետք է իրեն պահի."Շեֆի մոտ ձիգ կկանգնես, որ բոյդ ու ջանդ տեսնի, հարց կտա՝ կպատասխանես, չէ` ուրեմն սուս կմնաս, ավել անունով չդիմես, մինչեւ չասի՝ չնստես, որ խոսացնի՝ կասես, որ բարբի ես գնացել, կարող ա մարդ կանչի, քեզ գործի մեջ փորձի, աշխատի մի հետից գետնովը տաս դրան":
Նրանք անցան փորագրերով զարդարված դռնով եւ մարմարյա աստիճաններով բարձրացան վերեւ: Ամեն ինչ անծանոթ էր Գոքորին, ամեն ինչ գրավում էր նրա հայացքն ու միտքը, եւ Սաքոյի խրատները սահում էին նրա ականջների կողքով:
-Արա, ինձ լսի,-ասաց Սաքոն,-տունը դեռ կհասցնես աչքի անցկացնել:
Վերջապես հասան Բազազի աշխատասենյակի դռանը, որտեղ նա հանգստանում էր: Սաքոն դուռը զգուշորեն թակեց՝ այնպես, որ ձայնը լսվի, բայց Բազազին բարձր չթվա:
-Ով ա, ներս արի,-լսվեց Բազազի ձայնը:
Գոքորը, գյուղից Երեւան գալու ճանապարհի ընթացքում Բազազի մասին իր լսած տարաբնույթ խոսակցությունները իմի բերելով, փորձել էր իր մտքում պատկերացնել նրա կերպարը: Բազազի ձայնի մեջ հեգնանք կար եւ Գոքորը փորձեց այդ նոր "գույնը" ավելացնել իր պատկերացրած Բազազին, բայց դրա ոչ ժամանակը կար, ոչ էլ կարիքը, որովհետեւ Սաքոն դուռը բացեց եւ նրանք ներս մտան աշխատասենյակ:
Բոյ-ԲՈՒՍԱԹՈՎ
Կառուցողական միտքը
30 Հունիս [19:30] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ
Մայիսի 28-ին "Նարեկացի" մշակութային կենտրոնում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը վարպետության դաս անցկացրեց, որի ժամանակ Առնո Բաբաջանյանի ջութակի համար գրված սոնատի եւ իր ալտի համար գրված սոնատի օրինակներով կարեւոր շեշտադրումներ արեց: Ներկայացնում ենք մի հատված նրա խոսքից:
ՖԻԼԱԴԵԼՖԻԱՅԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՎ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԽՈՀԱՆՈՑԸ
Որտեղից այս ծրագիրը գոյացավ: Ասեմ ձեզ, որ ես հաճախ արտասահմանում եմ լինում, եւ երբ լինում եմ դրսում ամեն անգամ ինձ հետ տանում եմ մի փունջ ձայնագրություններ, առանց որոնց դժվար կլինի ինձ: Ես այդպիսի խումբ ձայնագրություններ ունեմ, որ ամեն անգամ նորոգում եմ, բայց ինձ հետ կան միշտ: Այս անգամ այնպես եղավ, որ ես ինձ հետ ունեցա Առնո Բաբաջանյանի ջութակի սոնատը: Իմ հինգ ամիս ճամփորդելու ընթացքին մշտապես ինձ հետ էր, եւ ես այդ սոնատի հետ մեծ ուրախության պահեր ապրեցի, այդ սոնատի հետ ես ինձ զգացի ամուր հողի վրա, հարստության տեր, հուզմունքներ ապրեցի, տարօրինակ, տարօրինակ, ինչ ասեմ, մարդկային ապրումներ ունեցա` հիշելով մեր անցյալը, հիշելով Առնո Հարությունովիչին մեր քաղաքում՝ Երեւանում: Ես ցանկություն ունեցա նյութ պատրաստելու եւ ձեզ հետ կիսվելու այդ հարցի շուրջ: Դա եղավ Ֆիլադելֆիայի հյուրանոցում՝ առավոտ շուտ արթնացել եմ, մի շքեղ սենյակ, սառը, որովհետեւ ընդունված է այնտեղ, որ ննջասենյակը պետք է սառը լինի: Ես էլ չգիտեմ, թե ինչպես պիտի տաքացնեմ, եւ չգիտեմ, թե ում պետք է խնդրեմ, որ գա, եւ այդ ժամանակ անկողնում նորից լսեցի սոնատը: Եւ ինձ համար երջանկություն էր այդ պահը՝ ինչերի միջով ես անցա: Չարենցը եւ Բաբաջանյանի մանկությունը: Իգդիրից փախած ընտանիքի տասը-տասնմեկ տարեկան այս զավակը, որի հայրը Չարենցի ընկերն էր, եւ ինքն առիթ ուներ շփվելու Չարենցի հետ... Ես հիշում էի վերջին տարիների իր խոհանոցը, որտեղ իր հետ հանդիպում էի: Այդ շրջանում քանի անգամ որ իր տուն այցելեցի, իր խոհանոց մտա, սեղանին նույն գիրքն էր՝ մի ռուսերեն բառարան, եւ բառարանի էջը բացված էր նույն տեղում, եւ այդ էջին պատմական Հայաստանի քարտեզն էր, եւ այդպես իմ հիշողության մեջ մնաց Բաբաջանյանի խոհանոցը` այդ բառարանով եւ կորցված հայրենիքով: Հիշում եմ նրա մորը, երբ որ գալիս էր լճի ափի նստարանների մոտ՝ նույն նստարաններն էին այն ժամանակ: Գալիս նստում էր, եւ երբ ես հանդիպում էի, միշտ ուզում էի, որ ինքը ինձ պատմեր Բաբաջանյանի մասին, կամ իր մասին: Պատմություններ էր պատմում: Շատ բարձրահասակ էր Բաբաջանյանի մայրը, մի քիչ էլ կորաքամակ... Եվ այս ամբողջը Ֆիլադելֆիայի այդ շքեղ հյուրանոցի անկողնում, որտեղ ցուրտ էր: Ես լսում էի ու մտածում, շատ ավելի ճարտար էր իմ միտքը՝ երանի թե այն ժամանակվա փշրանքները կարողանայի ձեզ փոխանցել: Բայց ինչ որ ասում եմ` մի պատահական օրվա կամ մի որոնումի արդյունք չեն. երկար եմ սրա շուրջ մտածել եւ երկար ապրումների, մտորումների արդյունք են:
ՄԱՇՏՈՑԻ ՏԱՂԸ, ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՍՈՆԱՏԸ
63 թվականին հրատարակված այս սոնատը Բաբաջանյանը մի քանի տարի առաջ էր վերջացրել: Ես առաջին անգամ այդ սոնատը լսեցի կոմպոզիտորների միության դահլիճում, Հակոբ Վարդանյանը եւ ինքը միասին նվագեցին: Դա մի անմոռանալի երջանկություն էր, որ մարդը հազվադեպ է ունենում իր կյանքում: Դա մի ծնունդ էր, դա մի շքեղություն էր` կատարումի, ըմբռնումի, երաժշտության տոնակատարություն էր, որը քիչ է պատահում: Ես համենայն դեպս հայ երաժշտության մեջ այդպիսի պահ հազիվ մեկ-երկու անգամ ունեցած լինեմ: 63 թվին Կոմիտասը դեռ 100 տարեկան չէր: 69-ին պիտի դառնար հարյուր տարեկան: Երբ մտածում ես, թե ահավասիկ դեռ հարյուրը չէր բոլորել մեր ակադեմիական երաժշտության մեծ վարպետը, հիմնադիրը, եւ իր դրած հիմքի վրա գոյանում է մի այնպիսի կոթող, դու ապշում ես, թե էդ ինչ հարուստ արմատներ ունես, եւ ինչ մեծ հիմնադիր է դպրոցը կայացրել, ինչ հսկա երեւույթ է եղել եւ ինչ մեծ աշակերտներ է ծնել իր դպրոցը հանձին Բաբաջանյանի այս սոնատի: Իրոք կա այդ զգայությունը , այս հստակ միտքը, որ դպրոց է սա: Եւ սա մի գործ է՝ Բաբաջանյանի գործը, որն անմիջականորեն, ամբողջ էությամբ, ամբողջ իր բովանդակությամբ եւ հյութեղությամբ, գեղագիտական միջոցների ընտրությամբ սերում է մեր հայ մեղեդուց: Տրամաբանելու իր ամողջ շերտերը, իր կարողությունները այնտեղից են՝ նազանքները, խրթությունները, զսպվածությունը, թուլանալը, քնքշությունները, պարկեշտությունը: Այնքան բաներ են կապում այս գործը դպրոցի հետ, որ Կոմիտասը հիմնեց: Այնքան նույնություններ կան: Զարմանում ես, բայց այստեղ նախ եւ առաջ ներկայանում են ելեւեջները, եւ դրանց միջոցով` մնացածը: Երբ ասում ենք Կոմիտաս, մեզ ներկայանում է մեր կառուցողական մտքի ամբողջ շքեղությունը, հայրենները, տաղաչափությունը, ճարտարապետությունը: Կառուցողական միտքը երաժշտության մեջ պարզում է զարմանալի բաներ, երբ հինգերորդ դարից Մեսրոպ Մաշտոցի տաղը գալիս հասնում է մեր օրերը, եւ այսօր մեր սրահում հնչում է: Դա ապշելու բան է: Բայց ինչն է ապշեցնող բան, նախեւառաջ կառույցի ամրությունը, բայց այնպիսի կառույց, որը կարող է իբրեւ պոեզիա, իբրեւ գեղեցկություն մշտական թռիչքի մեջ լինել: Այնպիսի կառուցիկություն, որ հավերժ ռիթմերի, հավերժ տիեզերական շարժումների թեւին է կպած:
Տիգրան
ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
Հատված վարպետության դասի ժամանակ ասված խոսքից