ՀՐԱՊԱՐԱԿ
Հետադարձ կապ
Նամակ խմբագրին
Ազատ խոսքի հրապարակ
ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՇՏ
31 Հուլիս, 2010
Որոնում կայքում
Արխիվ
Hraparak daily newspaper
Byuzandi 1/3
0010 Yerevan, RA
tel. 52 66 70
info@hraparak.am
HRAPARAK DAILY

   
Շրջանառվում են տարբեր վարկածներ
31 Հուլիս [02:31] / Քաղաքական

Հուլիսի 26-ին "Դինո գոլդ մայնինգ քամփնիի" ֆինանսական բաժնի պետ Արա Մարկոսյանի "Տոյոտա" մակնիշի ծառայողական մեքենայի վրա  պայթուցիկ սարք տեղադրելու առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ըստ հավաստի աղբյուրների, իրավապահները բացառում են անձնական մոտիվները: Միջադեպը կապվում է ֆինանսական բաժնի պետի աշխատանքային գործունեության հետ: Նրա առաջարկությամբ, կոմբինատի տնօրինությունը մոտ 80 կազմակերպության հետ խզել է պայմանագրերը, ֆինանսական հոսքեր ապահովելով ձեռնարկություն: Մեր ունեցած տվյալներով, այդ կազմակերպությունները ձեռնարկությանը մատուցում էին տարբեր տիպի ծառայություններ, ասենք՝ մեքենայի լվացում, մեքենայի շարժիչների ստուգում եւ այլն: Նաեւ, որոշ տեղեկությունների համաձայն, Ա. Մարկոսյանին զանգել են փողոցներում դրված տաքսոֆոնից ու ասել, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի ու հեռանա Կապանից: Արա Մարկոսյանը Երեւանից է: Ձեռնարկության համայնքի եւ լրատվության կապերի պատասխանատու Նորայր Աղայանն այսօր տեղական "Սոսի" հեռուստատեսությամբ ասել է, որ ձեռնարկությունն աշխատում է բնականոն հունով: "Աշխատանքային ռիթմը մի փոքր խախտվել էր պատահարի ու հաջորդ օրերին: Այն էլ իրավապահներն էին  ստուգումներ իրականացնում",-ասաց նա:

Ափսոս էր Մովսիսյանը
31 Հուլիս [02:31] / Քաղաքական

Երեկ կայացան Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները: Սա այն մրցաշարն է, որից հայկական թիմերը խցանի պես շատ արագ դուրս թռան: Բայց գոնե գոհանանք, որ  մրցաշարին մասնակցում են հայազգի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանն ու Արմեն Մովսիսյանը, որոնք խաղում են դանիական "Ռանդերսում": Թիմի մրցակիցը Շվեյցարիայի "Լոզանն" էր: Շվեյցարացիներն ուժեղ գտնվեցին` հաղթելով 2:3 հաշվով: Մեզ առավել հետաքրքրում է ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը: Մովսիսյանը 7-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 81-րդ րոպեին այն դարձրեց 2:2: Սակայն հյուրերը 84-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ եւ տեղափոխվեցին հաջորդ փուլ:  Հանդիպմանը հայտավորված Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Շվեյցարիայում:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Վերանորոգման աշխատանքներ
31 Հուլիս [01:31] / Քաղաքական

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են գտնվում Ազգային ժողովի դահլիճի վերանորոգման աշխատանքները: Ըստ այդմ, արդեն ավարտում են դահլիճի առաստաղը, լրագրողների ու հյուրերի համար նախատեսված օթյակները եւ անցնում են դահլիճի մետաղական կոնստրուկցիաների տեղադրմանը: "Ամեն ինչ անում ենք, որպեսզի սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկը տրվի այս դահլիճում",-ասաց Գեղամ Ղարիբջանյանը:

Կնշանակեն
31 Հուլիս [01:31] / Քաղաքական

Օգոստոսի կեսին կենսաթոշակի է գնալու վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Սլավա Սարգսյանը: Դատական համակարգում այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում, թե ով է զբաղեցնելու այս պաշտոնը: Հավակնորդներն ակտիվ աշխատանք են տանում: Մեզ հասած տեղեկություններով՝ այս ուղղությամբ հատկապես մեծ հավակնություններ ունի վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը: Թեկնածուների թվում են նաեւ նույն պալատի դատավորներ Երվանդ Խունդկարյանը, Վարուժան Աբելյանը եւ Էրնա Հայրիյանը: Սակայն Խունդկարյանը երիտասարդ է՝ 1972 թվի ծնունդ, եւ միայն տարիքի պատճառով նրա թեկնածությունը կարող է մերժվել: Աբելյանի թեկնածությունը նույնպես կարող է մերժվել տարիքի պատճառով՝ նա 1950 թիվ է: Ամենահավանականը համարվում է Էրնա Հայրիյանը, որի նկատմամբ համակարգում որոշակի համակրանք կա, սակայն, մեզ հասած տեղեկություններով, Մաթեւոսյանը շատ ավելի ակտիվ է եւ վերեւների հետ "շփվելու" մեծ փորձ ունի:

Անիմաստ է
31 Հուլիս [01:31] / Քաղաքական

Հանրային խորհուրդը երեկ քննարկել է Ուսանողական այգու, Մաշտոցի պողոտայի "Մալիբու" սրճարանի հետնամասում Սամվել Կարապետյանի նախատեսած կառուցապատման եւ կանաչ տարածքների հաշվին մի շարք այլ կառուցապատումների հարցը: "Մեր քննարկումները գործնականում արդյունք չեն տալիս",- նկատել է պատմաբան Բաբկեն Հարությունյանը. "21 հազար ստորագրություն է ներկայացվել Ուսանողական այգու հետ կապված, ի՞նչ է փոխվել: Եթե մի տեղ օրենքը չի գործում, ինչի՞ մասին է խոսքը: Ամեն անգամ ասում են՝ էս վերջինն է, էլ չի լինի":

Աբգարը պատասխան է տալու
30 Հուլիս [21:30] / Քաղաքական

Ձեր օրաթերթի հուլիսի 3-ի համարում "ՀԳՄ-օֆիս" հրապարակման մեջ (հեղինակ՝ Աշխեն Քեշիշյան) հարցազրույցի հրավիրված Աբգար Ափինյանը նախ, բազմափորձ սովորույթի համաձայն, նենգափոխում է եղելություններն ու փաստերը, այնուհետեւ բացահայտորեն զրպարտում ինձ եւ Լ. Անանյանին: Այսպես. նա պնդում է, թե՝ "երբ ես ՀԳՄ քարտուղար էի, ունեի մեքենա, որը վաճառել է հենց Լեւոն Անանյանը":
Իմ հրապարակումներում ես նշել եմ, որ, հանդիսանալով ՀԳՄ "Նոր Դար Ազդարար" գրական-մշակութային ընկերության նախագահը, Ա. Ափինյանը չարաշահել է պաշտոնական դիրքը եւ գրական ընկերությանը նվիրված "ԳԱԶ-31" ավտոմեքենան ծառայեցրել նախ իր անձնական, ապաեւ ծառայողական կարիքներին: Սա քաջ հայտնի էր (եւ է) ինչպես "Նոր Դար Ազդարարի" երկու տասնյակ աշխատակից-գրողներին, այնպես էլ ՀԳՄ վարչությանը, նախագահությանը եւ գրողներին առհասարակ: Սակայն Ա. Ափինյանը բացահայտորեն զրպարտում է ՀԳՄ նախագահ Լ. Անանյանին եւ ինձ, ասելով. "Հետո էլ մենք կպարզենք, թե Լեւոն Անանյանն ինչ գնով էր պատվիրել այդ հոդվածը": Վերոնշյալի եւ հետեւյալի համար ("Պարզելու ենք, թե Լեւոն Անանյանն ինչ գնով է վաճառել ՀԳՄ մերձակա տարածքը") Ափինյանը ժամանակին, անկասկած, պատասխան կտա: Եւ անշուշտ, Ձեր իրավունքն է Ա. Ափինյանի նկարագրի մեկի բանսարկությունը հրապարակելը, ճաշակի խնդիր է: Սակայն առաջարկում եմ տպագրել իմ պատասխանը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
25.07.2010թ.  

Նռնակը՝ սաստելու միջոց
30 Հուլիս [21:30] / Քաղաքական

Օրերս "Հրապարակն" անդրադարձել էր Արմավիրի մարզի Արմավիր գյուղում տեղի ունեցած միջադեպին, երբ համագյուղացիների միջեւ 150 հազար դրամի պատճառով ծագած ռազբորկան, որին միջամտել էր նաեւ Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը, տխուր վերջաբան էր ունեցել: Գյուղի բնակիչ 72-ամյա Էդիկ Սադոյանը կամ, ինչպես գյուղական միջավայրում են ասում՝ Սադոյենց Էդոն, նռնակ էր պայթեցրել ու զոհվել, վեճի մյուս մասնակիցներն էլ վիրավորվել էին: Երեկ խմբագրություն էր այցելել Արմավիր գյուղի բնակիչներից մեկը, որը նաեւ զոհվածի ազգականն է, եւ որոշ մանրամասներ պատմեց: Մենք նշել էինք, որ 150 հազար դրամ գումարը պարտք է վերցրել Էդիկ Սադոյանի որդին, բայց պարզվում է, որ պարտք վերցնողը եղել է ոչ թե նրա որդին, այլ հեռու բարեկամը: Իսկ նրա որդին երկար տարիներ բացակայել է Հայաստանից եւ վերադարձել միայն միջադեպից հետո: Էդիկ Սադոյանի եւ պարտատերերի միջեւ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ պատկառելի տարիքի հասած Էդիկ Սադոյանը, տեսնելով պարտատիրոջ եւ պարտապանի միջեւ ծագած ծեծկռտուքը, փորձել է սաստել նրանց: Սակայն վիճողներն սկսել են հայհոյել Էդիկ Սադոյանին, պարտատերն անգամ ուժ է գործադրել: Հիշեցնենք, որ այս ամենը տեղի էր ունեցել գիշերը: Նռնակից օգտվելու կանոններին չտիրապետելը պատճառ է դարձել, որ զոհվի հենց ինքը՝ նռնակն օգտագործողը:

Մտահոգիչ վիճակագրություն
30 Հուլիս [21:30] / Քաղաքական

Քիչ չեն դեպքերը, երբ երեխան ծնվում է, եւ տարիներով նրա ծնունդը չի գրանցվում: Ներկայումս Տավուշի մարզում կա այդպիսի 11 երեխա` Բագրատաշեն, Դեբեդավան, Կողբ, Հաղթանակ եւ Թեղուտ համայնքներում: Տավուշի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Ավթանդիլ Մարկոսյանի խոսքով, նշված համայնքների խնամակալության եւ հոգաբարձության մարմինները հետեւողական աշխատանք չեն տանում իրենց համայնքներում ծնունդները չգրանցված երեխաների հայտնաբերման ու գրանցման կազմակերպման ուղղությամբ: Որոշ դեպքերում խնամակալության ու հոգաբարձության մարմինների անտարբերության հետեւանքով երեխաները դուրս են մնում հանրակրթությունից: Աչաջուր համայնքում 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում հայտնաբերվել է հանրակրթությունից դուրս մնացած 4 երեխա, որոնք բաժնի կողմից տարված համապատասխան աշխատանքի արդյունքում վերադարձվել են հանրակրթություն: Նման երեխաներ հայտնաբերվել են նաեւ Իջեւան, Գետահովիտ, Բագրատաշեն համայնքներում: Բոլոր երեխաները համապատասխան աշխատանքի արդյունքում վերադարձվել են հանրակրթություն: Վերջերս մոր ահազանգով հայտնաբերվել եւ ոստիկանության Իջեւանի բաժին էր բերվել Գետահովիտ համայնքի անչափահաս բնակչուհի Գ. Մ.-ն, որը Տավուշի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ ուղարկվել է ՀՕՖ-ի երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոն: Ներկայումս նրա հետ տարվում են համապատասխան հոգեբանամանկավարժական աշխատանքներ: Սակայն Գետահովիտ համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, Ա. Մարկոսյանի խոսքով, այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ չի ծավալում:

Հացի թանկացումն անխուսափելի է
30 Հուլիս [21:30] / Քաղաքական

"Աշխարհում ցորենի գինը թանկանալու է 40 տոկոսով",-երեկ լրագրողներին ասել է գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի զեկույցը: Անդրադառնալով այս օրերին թանկացած ալյուրին, վստահեցրել է, որ այն պայմանավորված է ալյուր արտադրող պետություններում ցորենի այս տարվա պակաս բերքով. "Հետեւաբար այդ մտավախությամբ ներկրող կազմակերպություններն ու մեր աշխատակիցները, որոնք եղել են Ստավրոպոլում, շատ ցածր բերք են կանխատեսում, ցորենի համար ահավոր վատ տարի է, հետեւաբար շուկան է որոշում գինը, եթե ապրանքի պահանջարկն ավելանա, գինն էլ կավելանա": Իսկ թե մինչեւ ինչքան պետք է բարձրանա հացի ու ալյուրի գինը, գյուղնախարարը կոնկրետ պատասխան չի տվել, սահմանափակվել է մոնիտորինգով. "Մենք հիմա մոնիտորինգ ենք իրականացնում, այդ հարցի շրջանակում համագործակցում ենք Տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ, տեսնենք ինչ կարող ենք անել, բայց ես կարծում եմ, որ դրա լավագույն տարբերակը ցորենի սերմնարտադրությունը զարգացնելն է":  Ամեն դեպքում, նախարարը նախազգուշացրել է, որ նախարարությունը գների վրա ազդելու գործառույթ չունի. "Բիզնեսմենները աշխատում են այդ պետությունների հետ ու ունեն բավականին լավ ինֆորմացիա, որ ցորենի գները տեղերում բարձրանում է, դրա համար մարդիկ այսօր այդ ուղղությամբ իրենց բիզնեսի շրջանակում իրենք իրենց գնային քաղաքականությունը իրականացնում են": Հիշեցնենք, որ մեր երկիր ցորեն է ներմուծվում Կանադայից, Ղազախստանից, որոշ խմբաքանակ՝ Ուկրաինայից ու հիմնական մասը՝ Ռուսաստանից:

Բոյկոտ ՎՏԲ-ին
30 Հուլիս [21:30] / Քաղաքական

Ողջունելով Թեղուտի պաշտպանության համար երկարատեւ պայքար մղող հասարակական կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին` այն համոզումին ենք, որ այն բանկերը, որոնք կֆինանսավորեն Թեղուտի հանքավայրի շահագործումը, կգործեն Հայաստանի Հանրապետության կենսական շահերի դեմ: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ժամանակավորապես ձեռնպահ մնալ ռուսական ՎՏԲ բանկի միջոցով ցանկացած գործարք իրականացնելուց, որը փորձում է այդպիսի ֆինանսավորմամբ արհամարհել Հայաստանի ժողովրդին եւ նրա կենսական շահը: Իսկ եթե ցինիզմը հասնի այն աստիճանի, որ, այնուամենայնիվ, ՎՏԲ բանկը հանդգնի իրականացնել Թեղուտի խայտառակությունը, ապա լիարժեքորեն բոյկոտել այդ բանկը` ազգային գիտակցության մեջ նրա ներկայությունը persona non grata համարելով Հայաստանի Հանրապետությունում:
 

Պահպանողական կուսակցություն

ՀԱՋՈՐԴ ՎԵՐՋ