| |
|
 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| 2010-07-31 02:07:04 |
Population Reference Bureau հետազոտական ընկերությունը հրապարակել է տվյալներ Երկրի բնակչության թվաքանակի փոփոխությունների վերաբերյալ: |
|
| |
Population Reference Bureau հետազոտական ընկերությունը հրապարակել է տվյալներ Երկրի բնակչության թվաքանակի փոփոխությունների վերաբերյալ:
Ընկերության կանխատեսումներով, 2025 թվականին Երկրի բնակչությունը կկազմի 8,1 միլիարդ, իսկ 2050-ին` 9,4 միլիարդ, եւ ավելի արագ մեծանալու է աֆրիկյան մայրցամաքի բնակչության թիվը: 2050թ. այն կկրկնապատկվի` հասնելով 2,1 միլիարդի: Ասիայում արդեն բնակվում է երկու անգամ ավելի շատ մարդ` 4,2 միլիարդ, իսկ 2050 թվականին նրանք կավելանան եւս 1,3 միլիարդով: Սա հիմնականում պայմանավորված է առավել մեծ բնակչություն ունեցող երկու երկրներով` Հնդկաստանով (1,2 միլիարդ բնակչություն, 2050թ.` 1,7 միլիարդ) եւ Չինաստանով (1,3 միլիարդ, 2050թ.` 1,4 միլիարդ): Փոխարենը, արագորեն նվազում է Ռուսաստանի բնակչությունը, որը 2025 թվականին կնվազի մինչեւ 133 միլիոնի, իսկ 2050 թվականին` 117 միլիոնի: Լավ չեն լինի Եվրոպայի գործերը: Ներկայում աշխարհում ապրում է 738 միլիոն եվրոպացի, իսկ 2050թ. նրանց թիվը կհասնի 702 միլիոնի: Ինչ վերաբերում է 310 միլիոնանոց ԱՄՆ-ին, ապա կշարունակի աճել ու բազմանալ, իսկ 2050 թվականին կարող է ունենալ 399 կամ 423 միլիոն, կամ էլ 458 միլիոն բնակչություն` կախված ներգաղթի ցուցանիշներից: Այսպիսով, ԱՄՆ-ն նույնպես կմտնի մեծ բնակչությամբ երկրների տասնյակի մեջ, որում այսօր տեղ են զբաղեցնում Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան (235 միլիոն), Բրազիլիան (193 միլիոն), Պակիստանը (185 մլն.), Բանգլադեշը (164), Նիգերիան (158), Ռուսաստանը (142) եւ Ճապոնիան (127): Ամերիկյան մասնագետները կարծում են, որ նույն երկրները որոշակի տարբեր դիրքերով կմնան առաջին 8 տեղերում, իսկ վերջին երկու հորիզոնականները 2050թ. կզբաղեցնեն Եթովպիան եւ Կոնգոյի Հանրապետությունը: |
| |
|
 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| 2010-07-31 02:07:09 |
Հուլիսի 20-ին տեղի ունեցավ հրապարակախոս, "Հրապարակ" թերթի լրագրող Գայանե Բաբայանի մահվան հանգամանքների վերաբերյալ դատավարության առաջին նիստը, ինչի մասին Բաբայանի իրավահաջորդը՝ դուստրը, ծանուցվել էր նիստից կես ժամ առաջ, մինչդեռ խոստացել էին հարազատներին տասն օր առաջ տեղեկացնել նիստի մասին: Տուժող կողմը միջնորդել էր հետաձգել նիստը, քանի որ չէր հասցրել պատրաստվել: |
|
| |
Հուլիսի 20-ին տեղի ունեցավ հրապարակախոս, "Հրապարակ" թերթի լրագրող Գայանե Բաբայանի մահվան հանգամանքների վերաբերյալ դատավարության առաջին նիստը, ինչի մասին Բաբայանի իրավահաջորդը՝ դուստրը, ծանուցվել էր նիստից կես ժամ առաջ, մինչդեռ խոստացել էին հարազատներին տասն օր առաջ տեղեկացնել նիստի մասին: Տուժող կողմը միջնորդել էր հետաձգել նիստը, քանի որ չէր հասցրել պատրաստվել: Վրաերթի գործով հապճեպ նիստը մի շարք հարցերի շուրջ կասկածներ է առաջացրել Գայանե Բաբայանի ամուսնու՝ պատմաբան Աշոտ Աբգարյանի մոտ:
- Կարճատեւ նիստից ի՞նչ տպավորություն ունեք:
- Առաջին նիստից տպավորվելու շատ բան չկար, 15-20 րոպե տեւեց, երբ տուժողի իրավահաջորդի միջնորդությամբ հետաձգվեց: Հակառակ դեպքում մեզ մնում էր բոյկոտել ու հեռանալ, ուրիշ ինչպե՞ս պետք է վարվեինք, եթե հանցագործի կողմը դատարանից ծանուցագիր է ստացել մեկ շաբաթ առաջ, իսկ մեզ ծանուցագիրը բերում են նիստից ընդամենը 30 րոպե առաջ:
- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են այդպես վարվել:
- Ինձ թվում է՝ դա ոչ թե անփութության պատճառ է, այլ միտումնավոր, որովհետեւ չմոռանանք, որ մենք գործ ունենք հայկական իրականության ամենակոռումպացված համակարգի հետ: Այդ միտումը նկատելի է ամբողջ նախաքննության նյութերի մեջ, դա ոչ թե քրեական գործ է, այլ հանցագործության մեղմացուցիչ հանգամանքների ժողովածու: Ես երբեք կողմնակից չեմ եղել կատարված ողբերգությանը սենսացիոն երանգ հաղորդելու, բայց հիմա արդեն չեմ բացառում կանխամտածված սպանության վարկածը: Դուք գիտեք, որ դեպքերին հաջորդող օրերին, առնվազն հասարակական կարծիքի մակարդակով, այդ կասկածները կային, մարդիկ ասում էին՝ իսկ հնարավո՞ր է, որ վրաերթը սարքած լինի, քանի որ խոսքը վերաբերում էր խիզախ ու ճանաչված լրագրողին:
- Հասարակության մեջ տարածված էր այդ կասկածը, մեզ էլ էին անընդհատ ասում, իսկ Ձեզ մոտ ինչո՞ւ են հիմա կասկածներ առաջացել:
- Նախաքննության նյութերին ծանոթանալը ինձ բերեց այդ համոզման: Եթե թեկուզ հասարակության մեջ այդ կասկածները կային, ինչո՞ւ ոստիկանությունն այդ վարկածը չի քննել, թող քններ: Եթե մարդկանց մեջ կան կասկածներ, նախաքննությունը պարտավոր էր այդ վարկածն ունենալ ու հերքել, ասելով, որ՝ ժողովուրդ, այդպիսի բան գոյություն չունի, բայց նախաքննությունը չի էլ հետազոտել այդ վարկածը, իսկ նախաքննության տարբեր օղակների մեջ ես արդեն տեսնում եմ հանցավոր համաձայնություն: Ես կարող եմ օրինակ բերել հանցագործի ավտոմեքենայի տեխնիկական զննության փորձաքննությունը: Այդ փորձաքննության մեջ կան, իմ կարծիքով, սարքովի տվյալներ, որոնք ընդհանրապես մեքենայի հետ կապված նյութի մեջ չպետք է լինեին: Ինձ թվում է, որ արվել է հանցանքը մեղմացնելու, հանցագործին հովանավորելու նպատակով: Ես կարծում եմ, որ այդ հովանավորումը ղեկավարվում է նույն կենտրոնից: Իմ տպավորությամբ՝ գործը միտումնավոր տարվում է՝ հանցագործին ջրից չոր հանելու համար:
- Դիտավորյալ սպանության կանխավարկածը պայմանավորում եք Բաբայանի սուր գրչո՞վ:
- Իմ մեջ կասկածները նախաքննության փուլում առաջացան այդ գործընթացի որակից: Ոչ թե քաղաքական պատվեր եմ համարում, այլ մարդկանց մի խմբի ոտքը կարող է տրորած լիներ: Ես ուզում եմ ընդգծել, որ, անկախ քաղաքական համակրանքներից, այս ամբողջ ընթացքում մեր կողքին են եղել եւ ընդդիմադիր, եւ իշխանական ճամբարից: Ես չեմ ուզում անուններ տալ, սակայն երախտապարտ եմ բոլորին: Ինչ վերաբերում է վերջին դատական նիստին, ապա կարծում եմ, որ նախաքննությունը շատ երկար ու դիտավորյալ ձգձգվեց, որպեսզի ժամանակ ունենան փոխշահավետ համաձայնության գալու հանցագործի հետ, եւ հետո մամուլի օրգանները արձակուրդ գնան: Այսինքն՝ բերեցին մի շրջանի հասցրին, որ հանրային ուշադրությունը շեղեն դատական գործընթացից: Դատախազը, երբ նախորդ նիստին պարզաբանող ելույթով հանդես եկավ, ավելի շատ հիշեցնում էր ոչ թե մեղադրողի, այլ մեղադրյալի պաշտպանի: |
| |
|
 |
|
| |
Իրանցի դիմորդները ոչ միայն բժշկական համալսարանով են հետաքրքրված, այլեւ մեծ հոսքեր կան գեղարվեստի ակադեմիա: Ըստ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի, պարսիկ ուսանողները նախընտրում են Հայաստանը, քանի որ այստեղ հնարավորություն ունեն բնորդներով աշխատել, ինչը չի թույլատրվում իրենց երկրում: "Բացի նրանից, որ մեր կրթությունը որակյալ է, պարսիկները իրենց երկրում պրոբլեմ ունեն կերպարվեստի բնագավառում, օրինակ, բնորդներ չեն օգտագործում, իսկ առանց բնորդի նկարիչը չի կարող նկարիչ դառնալ": Սակայն, Իսաբեկյանի հավաստմամբ, այլ պատճառներ էլ կան: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նույնպես սփյուռքահայերի ու արտասահմանցի ուսանողների հետաքրքրության ծիրում է, կոնսերվատորիայի ռեկտոր Տիգրան Ալիխանովի հավաստմամբ՝ դարձյալ կրթական բարձր որակն է պատճառը: Ռեկտորը, անդրադառնալով դիմորդների նախասիրություններին, ասաց, որ հետաքրքրությունն աճել է դուդուկի ու փողային գործիքների նկատմամբ, քանի որ նրանք սովորելուց հետո հնարավորություն ունեն օրկեստրներում աշխատել, իսկ դաշնամուրի բաժնում, հակառակը՝ դիմորդների քանակը նվազել է, ինչի պատճառը երաժշտական դպրոցների կրճատումն է. նախկին 250 դպրոցի փոխարեն մնացել է հարյուրը: |
| |
|
 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| 2010-07-31 02:07:27 |
Այս շաբաթ ամենասուր արձագանքին արժանացել է երեքշաբթի օրը մեր թերթի առաջին էջում տպագրված մի լուր. Արմավիրի մարզի Արմավիր գյուղում կենցաղային վեճ էր ծագել, որի արդյունքում տարեց մի մարդ նռնակ էր գործածել՝ ցանկանալով դրանով սաստել, վախեցնել վիճողներին, սակայն չէր իմացել, որ նռնակը որպես հանդարտեցման միջոց կիրառելի չէ, եւ ինքն էլ տուժել էր՝ սպանվել էր նռնակի պայթյունից: |
|
| |
Այս շաբաթ ամենասուր արձագանքին արժանացել է երեքշաբթի օրը մեր թերթի առաջին էջում տպագրված մի լուր. Արմավիրի մարզի Արմավիր գյուղում կենցաղային վեճ էր ծագել, որի արդյունքում տարեց մի մարդ նռնակ էր գործածել՝ ցանկանալով դրանով սաստել, վախեցնել վիճողներին, սակայն չէր իմացել, որ նռնակը որպես հանդարտեցման միջոց կիրառելի չէ, եւ ինքն էլ տուժել էր՝ սպանվել էր նռնակի պայթյունից: Վիրավորներ էլ կային, որոնց կյանքին վտանգ չէր սպառնում: Այս լուրի մեջ մի փոքրիկ անճշտություն կար՝ միջադեպը ծագել էր ոչ թե սպանվածի որդու վերցրած պարտքի ու դրա արդյունքում ծագած վեճի, այլ ազգականներից մեկի պարտքի պատճառով, ինչն անչափ վրդովեցրել էր սպանվածի հարազատներին: Նրանք "Հրապարակի" էլեկտրոնային փոստը հեղեղել էին հերքում-սպառնալիք-պահանջներով: Անանուն, անհասցե նամակներով մեզնից պատիվ էին պահանջում, հայտարարում, որ մենք մեծ, անչափ մեծ մեղք ենք գործել՝ հանցանք: Եվ միայն նրանցից մեկն այցելեց խմբագրություն եւ բացատրեց, թե ինչ են ուզում մեզնից Արմավիր գյուղի զայրացած բնակիչները: Մենք սիրով ներկայացրինք դեպքի մանրամասները: Միանգամայն հասկանալի է, որ մարդիկ շատ զգայուն են, եւ գրավոր խոսքի մեջ առկա նրբությունները, անգամ շեշտադրումներն են կարեւոր, սակայն հեռու-հեռավոր գյուղում տեղի ունեցածի մանրամասները խեղաթյուրելու նպատակ, բնականաբար, չենք ունեցել, եւ մեզ անհայտ մարդկանց "անվան" հետ խաղալու իմաստ էլ չկար, ուստի ամեն դեպքում զարմանալի էր այն ատելությունն ու զայրույթը, որով մեր նամակագիրները գրում էին, որ իրենց հարազատին ոչ թե Սարդարի Էդո էին ասում, այլ Սադոյի Էդո: Ինչեւէ, հուսանք կոնֆլիկտը հարթված է:
Հուլիսի 28-ին մեր "Ռալֆ Յիրիկյանը Քոչարյանի թեկնածո՞ւ" հոդվածն էլ չանտեսվեց ընթերցողների կողմից: Արձագանքների գերակշռող մասն, առնվազն տարօրինակ էր, քանի որ մարդիկ չէին ասում՝ ձեր գրածն անհիմն է կամ այդպիսի բան չկա, այլ ասում էին՝ ինչո՞ւ եք կենդանացնում Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ եք նրան ելք հուշում, ուղղություն ցույց տալիս: Մեր նամակագիրներից մեկն այդպես էլ գրել էր. Դուք Քոչարյանին գլխի եք գցում, որ կարող է Ռալֆի միջոցով վերադառնալ մեծ քաղաքականություն, դուք այս ազգի թշնամի՞ն եք: Միամիտ մոտեցում է, բայց իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում:
Հետաքրքիր արձագանքների են մշտապես արժանանում միասեռականների մասին հոդվածները: Մի կողմից հոմոֆոբիան մեզանում նորություն չէ, բայց մյուս կողմից այդ թեման, թերեւս որպես արգելված պտուղ՝ գայթակղիչ է ու հետաքրքիր: Այս անգամ էլ մեր հրապարակումից հետո մարդիկ հետաքրքրվում էին՝ իրո՞ք անցյալում մուրացկանությամբ զբաղված, որբ ու անապահով ընտանիքների զավակները մեծանալով զբաղվում են մարմնավաճառությամբ եւ համալրում միասեռականների շարքերը: Անգամ որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հետաքրքրվեցին այդ թեմայով, այն կարող է միջազգային կառույցների ուշադրության առարկա եւ գրանտներ ստանալու հնարավորություն լինել: |
| |
|
 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| 2010-07-31 01:07:50 |
Տավուշի Չինարի գյուղի Մեհրաբ զորամասում կասկածելի հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացած Արտակ Նազարյանի հուղարկավորությանը գնալիս՝ ճանապարհների ցցաձողերին ամրացրած "Մեր անունն է հայկական բանակ" վերտառությամբ գովազդային պաստառները աներեւակայելի ճնշող, կեղծ ու անտանելի էին: |
|
| |
Տավուշի Չինարի գյուղի Մեհրաբ զորամասում կասկածելի հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացած Արտակ Նազարյանի հուղարկավորությանը գնալիս՝ ճանապարհների ցցաձողերին ամրացրած "Մեր անունն է հայկական բանակ" վերտառությամբ գովազդային պաստառները աներեւակայելի ճնշող, կեղծ ու անտանելի էին: Բանակի հետ ոչ մի կապ չունեցող ռեժիմի ծաղրածուների նկարներն են՝ երգիչ-երգչուհիներ, շտատով մտավորականներ, սպորտի ոլորտի ձեռնասուններ, գիտեք, չթվարկեմ, ամեն օր անցնում եք նրանց տակով, շարք կանգնած, կեղծ ժպիտները երեսներին սառած, իբր թե ներշնչում են մեզ, որ բանակ ունենք, ու որ այն դեռեւս տարածաշրջանի ամենամարտունակն է: Իսկ մենք գնում էինք թաղելու այդ բանակի լուսավոր կետը, մի տղայի, որի մտավոր պաշարը չէր համընկել մաուզերի, անլվա ոտքերի, արյան հոտին ընտելացած, սերժանտության սահմանած հասկացություններին, ու նրան սպանել էին կամ միգուցե հասցրել այն անելանելությանը, որ ինքն անի նրանց սեւ գործը: Նրանց՝ մարդասպանների, որոնց ֆիզիկական գոյությունն արդեն քանի՜ տարի խնամքով խրում են հասարակության կոկորդը եւ ստիպում ծամել ու հարմարվել այն մտքի հետ, որ ե՛ւ կան, ե՛ւ չկան: Ու քանի դեռ ոչ ոք նրանցից չի բացահայտվել, չի դատվել ու չի կրել իր արժանի պատիժը, մարդասպաններն ու մարդասպանության դրդողները կմնան որպես ֆանտոմ՝ կլինեն ու չեն լինի: Չեմ ուզում նկարագրել այն վիշտը, որ համակել էր Արտակի մորը, քույրերին, հարազատներին, ընկերներին: Չեմ ուզում, որովհետեւ ցանկացած մարդ, որն ունի սիրտ, հոգի, խիղճ, կարեկցանքի զգացում ու երեւակայություն, պիտի հասկանա ու պատկերացնի այդ վիշտը: Իսկ ով չունի, նրա համար գրած պատկերավոր խոսքը կարող է էժանանալ ու չեզոքացնել սակրալության խորհուրդը:
Վիշտը վերածվեց անմարդկային ճիգով զսպված մի ցասման ալիքի, երբ ներս մտավ բանակը՝ ի դեմս մի սմքած փոխգնդապետի ու դաշտային հագուստով մի քանի սպաների: Պահն անհեթեթացավ՝ ոչ այն պատճառով, որ զինվորական հագուստը վաղուց, դեռ մինչեւ այս կոնկրետ դժբախտությունը, մարտի 1-ից հետո առաջացնում է արգահատանքի ու, չասեմ վախի, ասեմ անհանգստության զգացողություն, այլ այն պատճառով, որ այդ զինվորականները յախեքն արձակած, դաշտային հագուստով էին: Ընդունված է, ընդունված պիտի լինի, որ զինվորականին հրաժեշտ տալիս զինվորականը պիտի տոնական հագուստով գա, զուսպ լինի ու պատիվ բռնի: "Ո՞վ եք, ինչո՞ւ եք եկել, ի՞նչ պատասխան եք բերել, ո՞վ է սպանել որդուս....",-հեծկլտում էր Արտակ Նազարյանի մայրը: Սրանք հազիվ էին մոտեցել Արտակի հորը, որ ձեռքը սեղմեն, բայց ներկաների հարցական հայացքներին եւ որդեկորույս մոր հառաչանքներին չդիմանալով, դուրս գնացին: "Ո՞ւր եք գնում, սպասեք, պատասխան տվեք, մի վախեցեք, ես նույնիսկ ձեզ չեմ անիծել, ոչ ոքի չեմ անիծել, թող իմ որդին վերջին զոհը լինի, մի գնացեք, պատասխան պիտի տաք...",-հառաչում էր Արտակի մայրը: Գնացին: Բակում հեռու էին կանգնել հավաքված ժողովրդից, կարելի է ասել՝ թաքնվել էին մոտակա խանութում, երեւի մտածելով, որ կարող է ժայթքել լցված բաժակն ու փոթորիկ առաջացնել: Մոտեցա նրանց, հույսով, որ որպես Արտակի հետ ծառայած անձինք, մի քանի խոսք կասեն նրա մասին կամ գոնե կհայտնեն իրենց ափսոսանքն ու կարեկցանքը: Բայց սխալվեցի: Փոխգնդապետը ոչ միայն չներկայացավ, այլեւ շատ ագրեսիվ պահանջեց հեռու գնալ: Հետի յախեքն արձակածներն էլ ինչ-որ բան փնթփնթալով ցրվեցին, հետո կրկին միացան հանդիպակաց շենքի ծառերի տակ: Որքան փորձեցի այդ կոնկրետ մարդկանց չնույնացնել բանակում մարդ հոշոտող գիշատիչների հետ, չստացվեց. նրանց վարքագիծը չափազանց ցայտուն էր մատնում "մարտունակ բանակում" տիրող վայրագ մթնոլորտը: Մտածեցի՝ ի՞նչ կապ ուներ այդ կիրթ երիտասարդն այս անթրաշ, անպլաշ, ինչպես ասում են, արարածների մեջ: Թեպետ պատասխանն էլ ամփոփված էր Արտակ Նազարյանի համեստ բնակարանում՝ սոցիալական, ավելի ճիշտ, հացի խնդիրը:
Երբ դուրս բերեցին հայկական բանակի իրական, վերջին շպարի տակից աղաղակող պատկերը, ու անողոք ռեալիզմն ի ցույց դրվեց բակում հավաքված հասարակությանը, ու մինչ կհնչեր՝ "Եվ եւս խաղաղությամբ զ՛Տեր աղաչեսցոն", մի տարեց մարդ բարձրացավ շքամուտքի հարթակ ու բացականչեց. "Մինչեւ ե՞րբ, մինչեւ ե՞րբ պիտի լռենք, ժողովուրդ, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժենք մեր որդիների սպանությունները հայկական բանակում, դեռ քանի՞ այսպիսի զոհ է հարկավոր, որ ոտքի կանգնենք, պահանջենք հրաժարական, իշխանությունների, Սեյրան Օհանյանի հրաժարականը": |
| |
|
 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| 2010-07-31 02:07:31 |
Երեւանցի Կարո Այվազյանը հայր չուներ: 3 տարեկանից միայնակ մոր՝ Մարո Միքայելյանի հետ տուրիստական վիզայով տեղափոխվել էր ԱՄՆ՝ այլեւս չվերադառնալու մտադրությամբ: 13 տարեկանում տղան բանտ է ընկել ու էլ բերդերից դուրս չի եկել մինչեւ 2009 թվականը: Մայիսին խաթարված առողջությամբ եւ վատ հայերենով արտաքսվել է Հայաստան: |
|
| |
Երեւանցի Կարո Այվազյանը հայր չուներ: 3 տարեկանից միայնակ մոր՝ Մարո Միքայելյանի հետ տուրիստական վիզայով տեղափոխվել էր ԱՄՆ՝ այլեւս չվերադառնալու մտադրությամբ: 13 տարեկանում տղան բանտ է ընկել ու էլ բերդերից դուրս չի եկել մինչեւ 2009 թվականը: Մայիսին խաթարված առողջությամբ եւ վատ հայերենով արտաքսվել է Հայաստան: Նրա 70 տարեկան պապը խնդրել է Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանին, որ թոռանն ազատի բանակից անկայուն հոգեվիճակի, վատ առողջության պատճառով կամ գոնե որպես միակողմանի ծնողազուրկի, ծառայության ուղարկի մոտ զորամաս: Ծերունուց այդ ծառայության համար 4 հազար դոլար են ուզել, որը թոշակառուն, բնականաբար, չի ունեցել:
Ուղարկեցին Ղարաբաղ
Կարոյին ուղարկում են ԼՂՀ Մարտունու շրջան: Այս պատմությունը սոսկալի ավարտ է ունենում. 1 տարի անց, հուլիսի 28-ի գիշերը զինծառայող Այվազյանը հրազենից կրակ է բացում 5 զինվորականների վրա եւ վերջում ինքնասպան լինում: Այս վարկածը տարածել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա, զինծառայող Այվազյանը "պոստում" քնած է եղել: Դիրքերը ստուգող սպան արթնացրել եւ նվաստացրել է տղային: Հոգեկան հավասարակշռությունից դուրս գալով, երիտասարդը կրակել է: Ողբերգությունից հաշված ժամեր անց աշխարհի լրատվամիջոցները ծաղկացնելով տարածեցին լուրը: Ադրբեջանական կայք-էջերը գրեցին հայկական բանակում զինծառայողների զանգվածային նվաստացումների եւ սպանությունների մասին, "Կովկասյան հանգույցը" հիշեց այլ դեպքեր բանակում, իսկ մոսկովյան "Նոյյան տապանի" վարկածով, քնած զինծառայողները երկուսն են եղել, որոնցից մեկին են վիրավորել, իսկ մյուսը կրակել է: Երեկ կեսօրից հետո ՀՀ ՊՆ-ն վերջապես կցկտուր տեղեկություն տարածեց՝ "մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով" զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը: "Իմ թոռանը եւ մյուս տղաներին սպանել են",- վստահեցնում է Կարոյի պապը՝ Ջիվան Միքայելյանը, իսկ քեռին՝ Անուշավան Միքայելյանը պատմում է, որ մի տասն օր առաջ է գնացել Մարտունի՝ զարմիկին տեսնելու: Նրան սնունդ է տարել եւ սեղան է նստել զորամասի տղաների հետ. "Կարոն հաճույքով տղերքին հյուրասիրում էր, ստիպում էր, որ էլի վերցնեն: Երեւում էր, որ նրանց լավ է վերաբերվում: Ո՞նց կարող էր սպանել իր ընկերներին: Իմ ուղեղում չի տեղավորվում":
N զորամասի Բեն Լադենը
Զորամասում Կարոյին կատակով ասում էին Բեն Լադեն: Նախ, որովհետեւ հայերեն վարժ չէր խոսում: Նաեւ գիտեին նրա բանտային անցյալի մասին, որ արտերկրում զենք է կրել, "կրուտոյ" է եղել, մի քանի անգամ փախել է ամերիկյան բերդից, ինչը հեշտ չէ: Կարոյի պապը պատմում է, որ տղայի մահից մի քանի օր առաջ իրեն զորամասից զանգեցին եւ զգուշացրեցին, որ Կարոն ուզում է փախչել: Պապը զարմացել է, թեեւ խոստովանում է, որ միշտ էլ սիրտը վատ բան էր զգում՝ այն պահից, երբ օդանավակայանում տեսավ 20 տարեկան թոռնիկին: "Նրան երկու օր չէին թողնում, որ երկիր մտնի: Ուզում էին փող տամ: Մինչեւ չասեցի՝ չեմ տանում, ուղարկեք Թուրքիա, չթողեցին գա: Ասում էին՝ ՀՀ քաղաքացի չի: Եթե պետք չէր, թող չտանեին իմ երեխուն բանակ",- մղկտում է ծերուկը: Բանակի հարցը բարձրացավ, երբ պապ ու թոռ գնացին անձնագիր հանելու: Անձնագրայինից ուղարկեցին զինկոմիսարիատ: Երկու օրից ծանուցագիրը եկավ: Ջիվան Միքայելյանը ԱՄՆ-ի բերդերի թղթերը ձեռքին ընկավ դռնեդուռ: Զինկոմիսարիատում բացատրեց, որ իր թոռը եղել է հոգեբուժարանում, որ ԱՄՆ բերդից թուղթ ունի, որ նրան արգելվում է զենք կրել. "Զինկոմիսարիատի բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանը ինձնից պահանջեց 4 հազար դոլար՝ տվեք, ասեց, էս երեխային չենք տանի բանակ: Մենք էլ չունեինք: Ասեց՝ դե տես ինչ եմ անելու: Ինքն էլ կազմակերպեց, եւ երեխուն տարան: Ես բողոքեցի՝ Արմեն Հակոբյանին հանեցին, մի քանի ժամանակ մնաց կադրերի տրամադրության տակ, հետո տարան ուրիշ զինկոմիսարիատ": Ջիվան պապը վստահեցնում է, որ Արմեն Հակոբյանն արեց իր խոստացած վատությունը: Կարոյի հետ նույն օրը բանակ մեկնած 29 զինակոչիկներից միայն իրեն տարան Ղարաբաղ:
Հորդ մահվան մասին տեղեկանք չես բերել
Բայց պապը չհանգստացավ: Բողոքը բողոքի հետեւից ուղարկում էր դատախազություն, ՊՆ, հանրապետական զինկոմին, զգուշացնում էր, որ իր թոռը վտանգավոր հոգեվիճակ ունի, պահանջում էր, որ թոռանը որպես անհայր երեխայի՝ տեղափոխեն մոտ զորամաս, քանի որ նա միակողմանի ծնողազուրկ է: "Զինծառայողի տեղափոխումը զորամասից զորամաս կատարվում է բացառիկ դեպքերում, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից",- պատասխանում է ԶՈւ կազմզորամասային վարչության պետ գնդապետ Մարտիկյանը: "Բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում է միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ մոր կամ հոր միակ զավակը",- պատասխանում է գեներալ-մայոր Չալյանը: Իր բողոքի վերջին եւ ամենացնցող պատասխանը ծերունին ստացավ մեկ շաբաթ առաջ՝ 21.07.2010-ին Արաբկիրի զինկոմիսարիատի պետ գնդապետ Քարամյանից. "Ձեր թոռնիկի՝ 89թ. ծնված Կարո Այվազյանի նկատմամբ վերոնշյալ օրենքի պահանջները չեն կիրառվել, քանի որ նրա կողմից Արաբկիրի զինկոմիսարիատում զորակոչային հանձնաժողով անցնելու ժամանակ ծնողի մահվան փաստի մասին որեւէ հայտարարություն չի արվել եւ համապատասխան փաստաթուղթ զինկոմիսարիատ չի ներկայացվել": Մինչդեռ Կարոյի մայրը միայնակ էր, իսկ հորը տղան չի էլ հիշել: Այժմ վշտից կորած ծերունին չգիտի ոնց է թաղելու թոռանը: Նա ապրում է իր 93 տարեկան մոր հետ, որը ոչ լսում է, ոչ տեսնում: Պատին՝ հանգուցյալ կնոջ նկարը, անխնամ սեղանին՝ մի երկու շիշ օղի, որի շուրջ իրենց վիշտը ծնկներին առած մի քանի տղամարդ են: Րոպեն մեկ ԱՄՆ-ից զանգում է Կարոյի մայրը՝ Մարոն: Նրա եղբայրը՝ Ղարաբաղում կռված ազատամարտիկ Անուշավանը, չի մոտենում հեռախոսին, քրոջ ձայնը լսելու համարձակություն չունի: Փախչում է: "Իմ երեխային կերավ ձեր երկիրը",- քցում է դեմքիս Մարոն: Իսկ ծերուկին ասում է, որ չի գալու, ու փող չկա: |
| |
|
 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| 2010-07-31 02:07:27 |
Հաճախ կարելի է լսել խոսակցություններ այն մասին, որ "Հայաստանը ուրույն քաղաքակրթություն է": Դժվար է հասկանալ որն է "ուրույնի" արժեքը, եւ ինչպես է, որ բոլոր քամիների առաջ բաց Հայաստանը ազդեցություններ չի կրել: Ավելի շուտ՝ այս խոսակցություններն այն բանի ախտանիշն են, որ Հայաստանը դառնում է "փակ հասարակություն": |
|
| |
Հաճախ կարելի է լսել խոսակցություններ այն մասին, որ "Հայաստանը ուրույն քաղաքակրթություն է": Դժվար է հասկանալ որն է "ուրույնի" արժեքը, եւ ինչպես է, որ բոլոր քամիների առաջ բաց Հայաստանը ազդեցություններ չի կրել: Ավելի շուտ՝ այս խոսակցություններն այն բանի ախտանիշն են, որ Հայաստանը դառնում է "փակ հասարակություն": Կան օբյեկտիվ պատճառներ: Առաջինը երկրի տեխնոլոգիական հետամնացությունն է, ինչն արգելակում է նոր գաղափարների եւ տեխնոլոգիաների մուտքը եւ կիրառումը: Մյուսը շրջափակումն է, ինչը խանգարում է ավելի ինտենսիվ փոխանակմանը: Երրորդն օլիգոպոլիաներն են, որ խանգարում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մեր հայրենակիցներին կամ չհայրենակիցներին ներդրումներ կատարել եւ նոր տեխնոլոգիաներ բերել: Մյուսը մեր հայրենակիցների հակաարեւմտյան ազգայնականությունն է, որոնք հակազդում են նոր գաղափարների մուտքին: Եթե համեմատենք ներկա Հայաստանը 60-ականների Հայաստանի հետ, ապա վերջինի ինովացիաների քանակը եւ ծավալը պարզապես զարմացնում է: Եթե 50-ականներին Հայաստանը ագրարային երկիր էր, որտեղ արդյունաբերությունը ներկայացված էր հանքարդյունաբերությամբ, ինչպես հիմա, ապա 60-ականներին Հայաստանն առաջատար դիրք սկսեց գրավել գիտատար եւ աշխատատար բարձր տեխնոլոգիական ոլորտում: Ուրեմն հնարավոր է արմատական բեկում մտցնել: Մտածեք միայն՝ Արարատյան դաշտի հիմնական կուլտուրաները բամբակը եւ բրինձն էին, կարծես մի երկրորդ Ուզբեկստան: Հետագա տարիները նորամուծությունների ներդրման տեսակետից շատ ավելի համեստ էին, կարծես երկիրը հոգնել էր նորություններից: Պարզվեց, որ մենք հին եւ հարուստ մշակույթ ունեցող երկիր ենք եւ նույնիսկ Ուրարտուի մշակույթն էլ է հայկական: Դժբախտ է այն մարդը, ասում էր Ս. Կերկեգորը, որի հույսն անցյալում է:
Նայեք մեր գրականությանը: Ժամանակակից գրականությունը հազարավոր ժանրեր եւ ուղղություններ ունի, բայց անկախության տարիների բերած միակ նորամուծությունը քֆուրով ոտանավորն է: Մի ֆանտաստ ունեինք, այն էլ չի գրում եւ փախել է հեռավոր Արեւմուտք:
Ավանդապահ հասարակությունում, համասեռ, միանման, բոլորին նույն արշինով չափող հասարակությունում տարբերության միակ ձեւը հակահասարակական պահվածքն է: Եթե տաղանդը, ինտելեկտը, ազնվությունը, աշխատասիրությունը տարբերություն չեն մտցնում, մնում է միայն քրեականի տեսակը: Իսկ ավանդապահ՝ նշանակում է գոհ լինել եղածով, բավարարվել առկա կարգավիճակով, եթե նույնիսկ դա չքավորությունը եւ իրավազրկությունն է: Միջնադարում, երբ գյուղ օտարական էր գալիս, հարցուփորձ էին անում՝ ինչ կա ուրիշ երկրներում: Ինֆորմացիա կրողն արտաքին դիրք ունի համակարգի նկատմամբ: Եթե բոլորը "մերոնքական" են, ոչ մի ինֆորմացիա չի առաջանում: Մեր հասարակությունում ով ինֆորմացիայի կրող է, գրավում է գլխամասային դիրք: Մեր հասարակությունը նման է որդի. ինֆորմացիան մտնում է գլխից, եւ ստորին մասեր հասնում է միայն աղբը: Իսկ ինֆորմացիան աղբ սարքողը հեռուստատեսությունն է, ավելի շուտ՝ նրա իշխանական մոնոպոլիան: Այսինքն հասարակության մեջ ինֆորմացիան չի շրջանառվում, այլ օղակից օղակ անցնելով՝ փչանում է:
Որպեսզի այդպես չլինի, հասարակությունը պետք է լինի բազմազան: Նրա ամեն մի մասը հավասարազոր պետք է լինի մյուս հատվածների նկատմամբ եւ տարբեր՝ "օտար": Նրա ամեն մի մասն ուղղված է դուրս, դեպի թարմ օդը, կլանում է նոր ինֆորմացիա:
Գաղջահոտ է մեր փակ սենյակում: Չօդափոխե՞նք:
Վարդան ՋԱԼՈՅԱՆ
մշակութաբան |
| |
|
 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| 2010-07-31 02:07:38 |
Դյորդյ Պետրին ծնվել է 1943-ին, մահացել 2000-ին՝ կոկորդի քաղցկեղից: Փոքր հասակից տպագրվել է, բայց, զգալով իր վրա Յոժեֆ Աթիլայի` հունգարական Չարենցի ուժեղ ազդեցությունը, առժամանակ թողել է գրելը: Տարբեր ուսումնական հաստատություններ է հաճախել` բժշկից մինչեւ իրավաբանի ու փիլիսոփայի մասնագիտություններով հրապուրված: 70-ականների սկզբին հրատարակում է երկու ժողովածու, ապա նորից դադարում գրել` անտեսման այն մթնոլորտի ճնշման ներքո, որ նրա շուրջ ստեղծում էին մշակութային պաշտոնյաները: |
|
| |
Դյորդյ Պետրին ծնվել է 1943-ին, մահացել 2000-ին՝ կոկորդի քաղցկեղից: Փոքր հասակից տպագրվել է, բայց, զգալով իր վրա Յոժեֆ Աթիլայի` հունգարական Չարենցի ուժեղ ազդեցությունը, առժամանակ թողել է գրելը: Տարբեր ուսումնական հաստատություններ է հաճախել` բժշկից մինչեւ իրավաբանի ու փիլիսոփայի մասնագիտություններով հրապուրված: 70-ականների սկզբին հրատարակում է երկու ժողովածու, ապա նորից դադարում գրել` անտեսման այն մթնոլորտի ճնշման ներքո, որ նրա շուրջ ստեղծում էին մշակութային պաշտոնյաները: Գրական ընկերների հետ միասին հրապարակայնորեն պաշտպանում է չեխական "77-ի խարտիան", դառնում հունգարական ամենահեղինակավոր "սամիզդատների" հիմնադիր խմբագիրներից մեկը:
1981-ին լույս տեսած "Հավերժ երկուշաբթի" ժողովածուն բացառիկ ընդունելություն գտավ ազատամիտ ընթերցողների շրջանում: Իսկ Նյու Յորքում 1984-ին հրատարակված "Ձնագունդը ձեռքին" գիրքը նրան վերջնականապես դարձրեց իշխանությունների աչքի փուշը առաջին հերթին "Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւ" բանաստեղծության պատճառով:
Հաջորդող տարիներին նա մասնակցում է երկրի քաղաքական կյանքին, կարեւոր հունգարական կուսակցություններից մեկի հիմնադիրներից է: Հետագայում լքում է ակտիվ քաղաքականությունը, բայց բոլոր էական խնդիրներում շարունակում է արտահայտել իր դիրքորոշումը: 90-ական թվականներից սկսում է ստանալ երկրի բարձրագույն գրական մրցանակները:
ԴՅՈՐԴՅ ՊԵՏՐԻ ԺՊԻՏ
Մեռնելու եմ: Շատ չի մնացել:
Նույն թեթեւ գլխապտույտն եմ զգում,
ինչ ջահել օրերիս՝ սկսնակ ծխող,
պատշգամբում առավոտները ներս քաշած
մի քանի մուխից: Դա իհարկե անցել է,
շատ ուրիշ բաների պես:
Եթե մնացած հաշվենք, մի բան է մնացել,
որի համար, այո՜, փա՛ռք քեզ Աստված:
Դա աչքերիս սովն է,
հետաքրքրասիրությունը:
Հայացքի հրաշքը, այն, որ ամեն պատկեր
տարբեր գույնի խինդ է պատճառում.
նույնչափ սիրուն են ձյութը եւ ծորացող
մեղրը,
կաթսայատունը կապկպող խողովակները՝
փաթաթված ապակեբամբակով ու
կապարաթիթեղով...
Կամ լեռնային լճի փիրուզե լռությունը
կապույտ լույսերի միջեւ
եւ օդի պաղ ապակին: Դեն նետված
ծխախոտատուփի աննպատակ
ցատկռտուկը ճամփի բետոնին
փոփոխական քամու քմահաճույքի
համաձայն: Ժպիտը
մի ջադուի դեմքին՝
աչքի անկյունում արցունքի դեղին
խեժակաթիլ,
ճիշտ ինչպես՝ պրկամիս պարմանուհու
կզակի մի կոհակ ծալքը, ատամների
ցուցահանդեսային ճերմակը,
որը նա՝ չէ-չէ, բայց շատ էլ լավ
ցուցադրում է.
դժբախտություն մի՛ համարեք՝
գեղեցկության
համեմունքն ու աղբյուրը սխալն է:
Հիշեմ նաեւ բանվորուհի կանանց
այտուցված երակներով ոտքերը
եւ շուկայում ձկնավաճառուհու՝ արյունից
ու թեփուկներից
ճաքճքած, մանուշակագույն դառած
ձեռքերը: -
Քանի որ հրեշտակը մանրուքների մեջ է
ապրում:
ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉ ԲՐԵԺՆԵՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Տապալվեց ծուռբերան քոթուկը.
սկսվեց ռուս-հունգարական
միապետության վերջը:
Յարուն ու Չաուն` անդուր դեմքով
գերեզմանապահ,
Արեւելյան Եվրոպայի սնանկացման երկու
կառավարիչ
այցելում են նրան` միգուցե թեյավճարի
հաշի՞վ կա:
Փնչում են, քաշքշում ծաղկեպսակները:
Ականջ են դնում. համազարկը չտվեցի՞ն:
Ինչ որ է` մեռավ:
Էլ մեջտեղ չի հանի
շեռալաքայոտ շորի ճեղքից Հոկտեմբերյան
Մեծը:
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԿԱՊՐԻՉԻՈ
Ով որեւէ բանի հավատում է, հիմար է:
Կամ գունակույր է իրականության
ծիածանի հանդեպ:
Ակնհայտ է. ամեն բան ճիշտ. թե՞ կեսը, մեկ
երրորդը, քառորդը:
Կամ ավելի շուտ՝ անվերջ մեկ
տասներորդը:
Կասեի, հա, հանաքով՝
քաշվի տիրոջդ մոր տ-...ը ... Բայց չեմ ասի,
քանի որ կատակի հավես չունեմ:
Հոկտեմբերի քսաներեքն է:
Այժմ եւ հավիտյանս հավիտենից:
Հունգարերենից թարգմանեց
Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ |
| |
|
 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| 2010-07-31 02:07:57 |
5 երեխաների մայր Մարուսյա Դանիելյանը 90-ական թվականներին երեխաներից մեկի ուսման համար ստիպված ժամանակավորոպես Արցախից տեղափոխվում է Երեւան ու բնակարան վարձում: Իսկ երբ սկսվում է Արցախյան պատերազմը, նա ընտանիքով տեղափոխվում է Մասիսի շրջանի Նորաբաց գյուղ: Իր միջոցներով գյուղում գնում է հողամաս եւ անձնագիր չունենալու պատճառով հողամասը ձեւակերպում դուստրերից մեկի՝ Արեւիկ Ասրյանի անունով: |
|
| |
5 երեխաների մայր Մարուսյա Դանիելյանը 90-ական թվականներին երեխաներից մեկի ուսման համար ստիպված ժամանակավորոպես Արցախից տեղափոխվում է Երեւան ու բնակարան վարձում: Իսկ երբ սկսվում է Արցախյան պատերազմը, նա ընտանիքով տեղափոխվում է Մասիսի շրջանի Նորաբաց գյուղ: Իր միջոցներով գյուղում գնում է հողամաս եւ անձնագիր չունենալու պատճառով հողամասը ձեւակերպում դուստրերից մեկի՝ Արեւիկ Ասրյանի անունով: Հետագայում հողամասի վրա կառուցում են փոքրիկ տուն, անասնագոմ: Իսկ հիմա դատական գործ է հարուցվել. աղջիկը չի ցանկանում վերադարձնել հողամասի սեփականության իրավունքը մորը՝ տիկին Մարուսյային: "Հրաժարվում ա, ասում ա՝ հողը տամ, որ տաս տղայի՞դ: Բայց էդ իմ հողն ա, ես եմ առել, իմ սեփականությունն ա, ում ուզեմ, նրան էլ կտամ: Մի մինուճար տղա ունեմ, բա ո՞ւմ պիտի տամ",-ասում է տիկին Մարուսյան: Աղջիկը Երեւանում երկու բնակարան ունի, արդեն երկար տարիներ բնակվում է Ռուսաստանում, բայց հիմա ոչ մի կերպ չի համաձայնում ծնողների սեփականությունը հետ վերադարձնել: Մայրը կարծում է, որ աղջկա հոգեկան վիճակը խանգարված է. "Նրա ամուսինը մահացել ա ավարիայից, ու դրա համար մեղադրում ա տղայիս, բայց տղաս ոչ մի կապ չունի էդ ամեն ինչի հետ: Հետո նա ամուսնացել ա մի ռուսի հետ, բայց մեր հետ ոչ մի կապ չունի, չի շփվում ոչ մեկիս հետ: Դատարան էլ չի գալիս: Իրա ներկայացուցիչն ա գալիս: Բայց հաստատ նրա հոգեկանը խանգարված ա: Ինձ ասում ա կախարդ, մարդասպան": Տիկին Մարուսյան կարծում է, որ այդ հողատարածքը բնավ էլ պետք չէ աղջկան, պարզապես նա դիտմամբ չի տալիս, որ այն եղբորը չտան: Մոր համար ամենացավալին այն է, որ ինքը երբեք ոչինչ չի խնայել աղջկա համար, իսկ հիմա հարազատ աղջիկն այդպես է պատասխանում իրեն: "Ախր ես նրա համար ինչ ասես որ չեմ արել: Անձնագիր չունեի, բայց մի կերպ գնացի Ռուսաստան, որ իրա երեխուն պահեմ: 6 ամիս բետոնից գետնին պառկած, Ռուսաստանի ցրտին երեխուն պահեցի ու ոտի կանգնեցրի: Հետո տղային դպրոցից հեռացրել էին: Ուղարկեց ստեղ: Տարա Ղարաբաղ, ատեստատ հանեցի ու հետ ուղարկեցի: Դրանից հետո տղան էկավ ու բանակ գնաց: Ես էլ 2 տարի իրա հետ համարյա ծառայեցի ու ողջ-առողջ հետ ուղարկեցի",- զայրացած ասում է մայրը:
Նա որոշել է դիմել դատարան, որպեսզի դառնա գոնե համասեփականատեր: Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը տիկին Մարուսյային ճանաչել է համասեփականատեր, բայց աղջկա բողոքի հիման վրա դատարանի վճիռը բեկանվել է: Սակայն, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի 1-ին կետի, Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը Մարուսյա Դանիելյանին ու Ռուբեն Ասրյանին ձեռքբերման վաղեմությամբ ճանաչել է գույքի սեփականատեր: Հիմա նորից Արեւիկ Ասրյանի լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Տիկին Մարուսյայի կարծիքով՝ աղջիկն այս ամենից անգամ տեղյակ էլ չէ. "Աղջիկս չի մասնակցում էս դատերին: Իրա ներկայացուցիչը՝ Գեւորգ Գեւորգյանն ա շարունակում էս դատը: Աղջիկս բանից խաբար էլ չի երեւի: Էդ փաստաբանը ստից գործը շարունակում ա, որ Արեւիկից ինչքան կարա շատ փող պոկի": Մենք զանգահարեցինք Արեւիկ Ասրյանի լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանին՝ պարզելու համար, թե որն է դատական գործընթացը շարունակելու իմաստը, եթե արդեն առաջին ատյանի դատարանը ճանաչել է Մարուսյա Դանիելյանի եւ նրա ամուսին Ռուբեն Ասրյանի սեփականության իրավունքը այդ հողատարածքի նկատմամբ: Սակայն փաստաբանը հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ պատճառաբանելով, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: Հհրաժարվեց նաեւ հանդիպել եւ զրուցել մեզ հետ. "Ես հիմա թեմայի շուրջ հանդիպելու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ցանկություն": |
| |
|
 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| 2010-07-31 02:07:23 |
- Դուք, որքան ինձ հայտնի է՝ առանձնակի ընդդիմադիր հայացքներ չունեք եւ այդ դեպքում ինչո՞ւ չկաք Սերժ Սարգսյանին կից Հանրային խորհրդում, այլ դասախոսում եք "Գլաձոր" համալսարանում՝ գլխավորելով ժուռնալիստիկայի ամբիոնը: |
|
| |
- Դուք, որքան ինձ հայտնի է՝ առանձնակի ընդդիմադիր հայացքներ չունեք եւ այդ դեպքում ինչո՞ւ չկաք Սերժ Սարգսյանին կից Հանրային խորհրդում, այլ դասախոսում եք "Գլաձոր" համալսարանում՝ գլխավորելով ժուռնալիստիկայի ամբիոնը:
- Նախ, Հանրային խորհրդում հայտնվելը իմ ուզել-չուզելու հետ չի կապված: Հանրային խորհուրդը ձեւավորվում է ուրիշ սկզբունքներով, ուրիշների կողմից, եւ եթե անկեղծ ասեմ՝ առանձնապես դրան չեմ էլ ձգտել: Առհասարակ, հանրային գործունեությունից ինձ այժմ կամա-ակամա հեռու եմ պահում, ուզում եմ լինել, ինչպես ասում են, պայքարից վեր. հիմա հասարակական խմորումներն այնքան բուռն են, իրարամերժ, որ մտավորականի համար երբեմն ավելի ձեռնտու է կողմնորոշվելու համար դիտել կողքից:
- "Պայքարից վեր" կամ դիտել կողքից՝ մի բան, ինչի համար մտավորականությանը շատ են քննադատում. լռում էր ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկի ժամանակ, ասելով` "ինչո՞ւ խռպոտենք մեր ձայնը, եթե այն միեւնույն է՝ լսող չի լինելու", քաղաքացիական դիրքորոշում չէր հայտնում օտարալեզու դպրոցներին "ոչ"-ի շրջանակներում: Եվ մյուս կողմից՝ այդ նույն մտավորականները ակտիվ մասնակցում են իշխանական զանազան պրոյեկտների, նախագծերի, քարոզչության, չգիտեմ... "Իմ երգն իմ զենքն է", "Իմ զենքն իմ արվեստն է":
- Կողքից դիտելը բնավ չի նշանակում լինել անհաղորդ, եւ, բնականաբար, հասարակության մեջ, մեր երկրի կյանքում տեղի ունեցող երեւույթների նկատմամբ ես ունեմ ակտիվ վերաբերմունք, բայց նախ` այդ ակտիվ վերաբերմունքը բարձրաձայնելու հնարավորությունը չունեմ եւ, անկեղծ ասած, առանձնապես չեմ էլ որոնում այդ ճանապարհը:
- Դա կարող է լինել հրապարակախոսություն, բաց նամակ...
- Խնդիրն այն է, որ մտավորականությունը, սկսած 80-ականների վերջերից, ինչ-որ չափով մոլորված է եղել, այն արժեքները, դիրքորոշումները, չափանիշները, որոնք գործում էին մինչեւ 88-ը, ինչ-որ չափով մշուշվել են, եւ մտավորականությունն ինքը, ինչպես հասարակության ուզածդ խավ, որոնումների մեջ է: Եվ քանի որ մտավորականության ձայնին սպասում են, իսկ դու դեռ չգիտես, ինքդ քեզ համար չես պարզել ինչ-որ իրողություններ, ուրեմն բարձրաձայնել՝ նշանակում է քո մոլորությունը բազմացնել, փոխանցել հասարակության մյուս անդամներին: Եվ քանի որ մտավորականության ներկայացուցիչները, գոնե նրանց մի մասն ունի որոշակի հեղինակություն, ապա չչափված, չձեւած, չհստակված դիրքորոշումը կարող է ունենալ ոչ ցանկալի հետեւանքներ, եւ դրա համար ես մոլորությունը բաղդատում եմ զգուշավորության հետ` յոթ չափիր, մեկ կտրիր սկզբունքով: Նա, ով ունի պատասխանատվության զգացում, չպիտի շտապի գնահատականներ տալ: Կարող եմ հիշել դեպքեր, երբ մարդիկ դավանել են, քարոզել են գաղափարներ, տեսակետներ, հետո շատ կտրուկ գունափոխվել են, կարող եմ անվանել մարդկանց, որոնք սկսել են որպես կոմունիստ, հետո դարձել են ՀՀՇ-ական, հետո` դաշնակցական, հետո` "Ժառանգության" անդամ:
- Լավ, է՞լ ինչ պետք է կատարվեր, որպեսզի, ասենք, մտավորականներն իրենց դիրքորոշումը՝ օրինակ "Լեզվի մասին" օրենքում հայտնի փոփոխությունների հետ կապված հայտնեին:
- Ինքս դեմ չեմ օտարալեզու դպրոցներին, մանավանդ որ դրանց քանակությունը շատ քիչ է, եւ ես անձնապես զգում եմ իմ լեզվաիմացության պակասը: Բարեբախտաբար, ունեցել եմ ռուսաց լեզվի լավ ուսուցիչներ, բայց կարիք ունեմ նաեւ անգլերենին տիրապետելու, որովհետեւ մեր ժամանակ գիտեիր անգլերեն թե չգիտեիր՝ ոչ մի նշանակություն չուներ: Այստեղ իր դերն էր խաղում երկաթյա վարագույրը. ինչի՞ համար սովորես, եթե չես օգտագործելու: Նույնիսկ մենք շեքսպիրագետներ ունեինք, որոնք անգլերեն չգիտեին: Բայց ասեմ, որ մի քիչ կասկածանքով եմ վերաբերվում այդ "մրցունակ-ոչ մրցունակ" հասկացություններին: Կարծում եմ, որ օտար լեզուն հիմնավոր անցնել մեր հանրակրթական դպրոցում ուտոպիա է, հնարավոր չէ: Մենք ոչ այդ մասնագետներն ունենք, ոչ այդ հոգեբանությամբ տոգորված ծնողներ ու աշակերտներ: Ես հարցնում եմ՝ "այդ էլիտար" դպրոցներում անգլերեն ո՞վ պետք է աշխարհագրություն դասավանդի, ո՞վ պետք է հանրահաշիվ անցնի, կենսաբանություն: Մենք ունե՞նք այդ ուսուցիչները: Դրա համար պրոցես է հարկավոր, հարկավոր է, որ անգլիախոս աշխարհագետներ ունենանք, անգլիախոս պատմաբաններ" Այնպես որ, սկզբունքորեն կողմնակից եմ, բայց ինձ թվում է, որ գործնականում մենք շտապում ենք: Դա պետք է բնականոն, աստիճանաբար հասունանա, այլ ոչ օրենքներով:
- Դուք մոտ 3 տարի` 88-ից մինչեւ 91, Հեռուստառադիոպետկոմի նախագահն էիք: Ինչպե՞ս եք գնահատում մեր հեռուստատեսությունների վիճակը:
- Եթե հիմա շատ տարածված տասը միավորանոց սկզբունքով գնահատելու լինեմ, ապա՝ 3-4: Այսինքն` վատի եւ միջակի մեջտեղում: Ես չեմ ուզում իդեալականացնել մեր ժամանակվա ռադիոն եւ հեռուստատեսությունը, բայց այն ժամանակ, բացի գաղափարական թելադրանքից, ժուռնալիստների, հեռուստաֆիլմեր նկարահանողների, բեմադրություններ անողների մեջ պատասխանատվության զգացումն ավելի բարձր էր: Ես առաջին անգամ չէ, որ ասում եմ՝ գրաքննությանը դեմ եմ, բայց կողմ եմ խմբագրի ինստիտուտին, որը վերացել է: Հիմա կարող է մի միջակ մակարդակի հեռուստատեսության սեփականատեր սերիալների սցենարներ գրել: Կամ՝ հայտնի հեռուստատեսության տերը կարող է երկու ժամ շարունակ էկրանի վրա կիսագրագետ հայերենով քարոզ կարդալ: Մի իսկական "հեռուստատնամերձ է", որի այսպես կոչված հաղորդումները չգիտեմ ինչ հեռահար նպատակներ ունեն, բայց փչացնում են մեր մտածողությունը, փչացնում են մեր լեզուն: Դրա փայլուն օրինակն են սերիալները: Ընդ որում, սերիալների հասցեին հնչած քննադատությունից հետո, թե ինչու են բարբառով խոսում, ինչու են օգտագործում ժարգոն, արգո, սկսել են մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնել: Խոսում են փողոցի լեզվով, մեկ էլ գողականը հանկարծ ասում է` "թերեւս", "աներկբայելիորեն":
- Բայց ի վերջո ի՞նչ լեզվով պետք է խոսեցնել:
- Դրա համար պետք է կարդալ Հրանտ Մաթեւոսյան, Պերճ Պռոշյան, Լեւոն Հախվերդյան, որոնք կարողանում էին մաքուր գրական հայերենով այնպես խոսեցնել իրենց հերոսներին, որ թվում էր, թե խոսում են բնական, կենդանի խոսակցական լեզվով: Հայերենում, ցավոք սրտի, գրավոր եւ բանավոր լեզուների միջեւ կա անջրպետ: Բայց դրա հաղթահարումն էլ տաղանդի խնդիր է: Ես լուրջ պահանջներ ունեմ մեր հաղորդավարներից, որոնք հիմնականում կարդում են հուշարար էկրանից, մեքենայորեն, առանց կարդացածին խորամուխ լինելու: Դժգոհ եմ այդ առավոտյան հաղորդումներ, խոհանոցային հաղորդումներ վարողներից, "Երջանկության մեխանիկայի" հաղորդավարուհուց: Ո՞ր մեկն ասեմ: Կամ՝ ահա էկրանավորում են Ռեմարկի "Երեք ընկերը" եւ վայրն ու գործողությունները տեղափոխում են մեր ժամանակներ: Ռեմարկն այդ վեպը գրել է Առաջին համաշխարհայինի հետեւանքով դժբախտացած մարդկանց, կորուսյալ սերնդի մասին: Հիմա բոլոր գործողությունները տեղափոխել են հայկական միջավայր, կապել Ղարաբաղյան պատերազմի հետ: Կատարյալ անհեթեթություն: Բայց վերադառնանք լեզվին. վերջերս նայում էի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը եւ ինչ մեղքս թաքցնեմ` երբեմն ստիպված էի մեկնաբանների ձայնն անջատել, որովհետեւ, բացի այն, որ մեծ մասը նկարագրում էր այն, ինչ առանց այդ էլ տեսնում էի, խոսում էին ահավոր սխալներով` լեզվական, տրամաբանական: Նախ, այն տպավորությունն էր ստեղծվում, որ նրանք Իլֆի եւ Պետրովի հերոսուհու պես օգտվում են միեւնույն աղքատիկ բառապաշարից, նույն արտահայտություններով են մեկնաբանում խաղը՝ "բավական փորձառու է", "Մեսին գրագետ փոխանցում կատարեց": Ախր դու ո՞վ ես, որ Մեսիի պես գերաստղի գրագիտությանը գնահատական տաս, ֆուտբոլի դպրոցի առաջին դասարանցո՞ւ հետ գործ ունես, որ գրագիտությունից ես խոսում: Կամ` "գնդակը դուրս է հանում", կարծես կարելի է ներս էլ հանել, "փոխում է իրադարձությունը", պետք է ասի` իրադրությունը, "փոխանցում բարձրից": Ո՞ր մեկն ասեմ. "շատ հաճախակի", "որեւէ այլընտրանք", "արագ թիմ է" եւ այլն, եւ այլն: Ի դեպ, ես դժգոհ եմ նաեւ տպագիր մամուլից, որը չունի այն լսարանը, ինչ հեռուստատեսությունը: Իմ գործընկերներից շատերը մոռացել են ժուռնալիստական էթիկայի մասին, ընդհանրապես մարդկային էթիկայի, վարվեցողության կանոնների մասին: Մարդու մասին գրում են` "խժռում է խոզի պես": Կար մի թերթ, որը հիմա լույս չի տեսնում, մի հայտնի մարդու մասին գրում էր, թե մանկապարտեզում ինչպես է վստահել, որ իր հետույքը սրբի մանկապարտեզի վարիչը: Ընդ որում, "հետույք" բառն օգտագործվում էր այն բառով, որով փողոցում են խոսում: Հայհոյախոս է դարձել ժուռնալիստիկան: Որոշ ժուռնալիստներ համարում են, որ գողական ժարգոնով խոսելը ամենացայտուն, ամենահասանելի, ամենաներգործող բառամթերքն է. այսպես են հայտնվում "ռազբորկան", "ռասկրուտկան":
- Վերադառնանք հեռուստատեսությանը. Հանրային հեռուստատեսության ղեկավարներն այն դժգոհությանը, թե հեռուստաեթերի առյուծի բաժինը էժանագին հաղորդումները, զվարճալի ծրագրերն են` դասական երաժշտության, կրթադաստիարակչական, գիտահանրամատչելի հաղորդումների փոխարեն, պատասխանում են, որ արդի հեռուստատեսության նպատակը չպետք է լինի կրթելը, ճաշակ ձեւավորելը:
- Ես համաձայն չեմ, որովհետեւ մենք գործ ունենք զանգվածային տեղեկատվական միջոցի հետ: Հեռուստատեսության վիրուսը վարակիչ է, հեռուստատեսության հեղինակության ներգործությունը շատ մեծ է: Այդ վիրուսը կարող է լինել եւ դրական, եւ բացասական: Երբ դու մի բան հաղորդում ես, ապա այն, ուզես թե չուզես, հաճախ ընկալվում է որպես չափանիշ: Վերջերս մի քիչ ավելի ուշադիր եմ սկսել լսել մեր այդ փոփսային երաժշտությունը: Դա ահավոր մակարդակ է: Այն, ինչ հաղորդում ես, դա էլ ընկալվում է, արմատավորվում է, այն, ինչ ցույց ես տալիս սերիալներում, ընկալվում է որպես կյանքի մեջ իր տեղը գտած օրինակ, եւ դա խեղումներ է հարուցում, ճաշակ փչացնում: Թող մեր հեռուստատեսությունը այնպիսի հաղորդումներ տա, ինչպես Մոսկվայի "Կուլտուրա" ալիքը: Մենք էլ ստեղծեցինք մշակութային ալիք: Որ ասեմ, թե լրիվ ինձ բավարարում է՝ ոչ, բայց թարմ շունչ հաղորդեց... Այս իմաստով մեր Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության մրցակցության մեջ ռադիոն, իր բոլոր թերություններով հանդերձ, հաղթում է, քանի որ պահպանել է իր հաղորդումների ոսկե ֆոնդը: Եվ ի վերջո, եթե եթերը գաղափարական, դաստիարակչական խնդիրներ չի կատարում, հապա ինչո՞ւ են նախընտրական շրջանում բոլորն ուզում հատկապես հեռուստաեթերում հանդես գալ: Ում ձեռքին է հեռուստատեսությունը, նա էլ ձեւավորում է ճաշակ, քաղաքականություն, դիրքորոշում, վարքագիծ:
- Այսինքն, Դուք Հանրային խորհրդի դիրքորոշմանը համամիտ եք:
- Ես հարց եմ տալիս՝ իսկ ովքե՞ր են դատավորները: Չափորոշիչների մշակումը, որքան գիտեմ, տվել են հեռուստատեսություն ստեղծողներին. ինքն իր թանին կարո՞ղ է թթու ասել ... |
|