Հիմնական Էջ
Լուրեր
Քաղաքականություն
Հասարակություն
Մշակույթ
Տարածաշրջան
Որոնում Կայքում
Արխիվ
Նամակ Խմբագրին
ՍԵՎԱԿԳՐԻԳՈՐՅԱՆ
sevak@hraparak.am
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Կուպիտ» են արե՞լ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
27 Հունիս [03:06]

Նախորդ տարի Թասկերը բացահայտեց 2000-2005թթ. ջրամատակարարման բարելավման նպատակով հատկացված վարկերի փոշիացում...

«Կուպիտ» են արե՞լ

 

Բրիտանացի փորձագետ Բրյուս Թասկերը 2003-2004 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովում ստեղծված օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների եւ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում: Նախորդ տարի Թասկերը բացահայտեց 2000-2005թթ. ջրամատակարարման բարելավման նպատակով հատկացված վարկերի փոշիացում, այլ վարկերի յուրացման դեպքեր, ընդհանուր առմամբ` 200 մլն. դոլար: Փաստերը քննարկվեցին անգամ ամերիկյան Մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կազմակերպությունում (GAP): Դրանք բրիտանացի փորձագետը տրամադրել էր նաեւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ինստիտուցիոնալ կարգապահության բաժնին (INT): Երեկ մենք ՀԲ երեւանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Վիգեն Սարգսյանից փորձեցինք ճշտել` ինչ ընթացք է տրվել գործին: Հիշեցնենք, որ վարկերի յուրացման մեղավոր էին համարվել նաեւ ԱՄՀ երեւանյան գրասենյակի նախկին տնօրեն Ջեյմս Մաքյուն եւ ՀԲ երեւանյան գրասենյակի նախկին տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: Մամուլի պատասխանատուն ոչ մի ասելիք չուներ, նրա խոսքերից հասկացվեց, որ այնքան էլ լավ չի տրամադրված բրիտանացու դեմ. «Ես իմ անձնական կարծիքն ունեմ, բայց չեմ ասի»,- Թասկերի գործողությունների դրդապատճառի մասին արտահայտվեց Վիգեն Սարգսյանը:

Փորձագետի բացահայտումների թղթապանակն այն ժամանակ պահանջել եւ ստացել է դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, բայց մի թեթեւ աչքի տակով անցկացնելուց հետո դրել է դարակներից մեկում ու փակել: Նախօրեին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը հրապարակել էր զեկույց, որը կոչվում է «կոռուպցիան` ջրային ոլորտում»: Փաստաթուղթը մի շարք խնդիրներ է վեր հանում` սկսած ամբողջ աշխարհում ջրամատակարարման ոլորտում մանր կենցաղային կաշառակերությունից` մինչեւ ոռոգման համակարգերի եւ հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված պետական միջոցների վատնումը: Նշված է, որ արդյունաբերական ձեռնարկությունները թաքցնում են շրջակա միջավայրի աղտոտման փաստերը: 2007-ի հոկտեմբերի սկզբին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Համաշխարհային բանկին կոչ էր արել պարզել մեր երկրում ջրամատակարարման բարելավման 35 մլն. դոլար վարկի փոշիացման փաստերը: Հենց այդ ժամանակ Թասկերը թարմացրել էր իր աղմկահարույց բացահայտումների թեման եւ նյութեր էր հրապարակում հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների` թալանին մեղսակից լինելու մասին: Պաշտոնյայի կոնկրետ անուն այն ժամանակ չնշվեց, սակայն բրիտանացուն շատ քիչ էր մնացել` սկանդալի ամենահետաքրքիր մասին հասնելու համար: Այդ 35 միլիոնանոց վարկային ծրագրի իրական նպատակն էր` վերանորոգել ջրի խողովակաշարերը եւ բարելավել Երեւանի ջրամատակարարումը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն վերածվել էր ջրաչափերի տեղադրման ծրագրի: Յուրաքանչյուր ջրաչափի տեղադրման համար բնակիչներից գանձում էին 10 դոլարին համարժեք գումար՝ այն դեպքում, երբ ջրաչափի միջին ինքնարժեքը 1,5 դոլար էր:

Հոկտեմբերյան աղմուկից հետո բրիտանացի փորձագետը վերադարձել է հայրենիք, գործը ՀԲ-ում քնած է, իսկ Բրյուս Թասկերից նոր տարվանից այս կողմ ձեն-ձուն չկա: Նա պիտի ինտերնետային ստորագրահավաք իրականացներ` փետրվարի 15-ին սկանդալը ՀԲ հետաքննության կազմակերպությանը հանձնելու համար: «Որեւէ տեղեկություն չունենք, կհետաքննեն` կհաղորդեն արդյունքների մասին, այդ ժամանակ էլ կիմանանք»,- երեկ անտարբեր տոնով արձագանքեց ՀԲ երեւանյան գրասենյակի լրատվականի պետը: Եւ արդեն ստիպված ենք հավատալ շրջանառվող կասկածներին, որ արտասահմանցին ընդամենը շանտաժի միջոցով փորձել է յուրացված վարկերից իր «դոլյան» ստանալ, ինչը նրան, ըստ ամենայնի, հաջողվել է. ջհանդամը էդ հայերի սերունդների ուսերին թթվող 200 միլիոն գռփված դոլարը: