Հիմնական Էջ
Լուրեր
Քաղաքականություն
Հասարակություն
Մշակույթ
Տարածաշրջան
Որոնում Կայքում
Արխիվ
Նամակ Խմբագրին
ՆունեՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
info@hraparak.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Եթե բռնցքամարտիկ չլինեի Բրյուսովում կդասախոսեի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
03 Նոեմբեր [03:11]

"Դեռ երբեք չէր եղել այնպես, որ միանգամից այսքան աղջիկների հետ հանդիպեմ: Նույնիսկ մի փոքր վախենում եմ, որովհետեւ տղաների հետ կարող եմ լեզու գտնել, բայց աղջիկների հետ մի քիչ դժվար է"

Եթե բռնցքամարտիկ չլինեի Բրյուսովում կդասախոսեի

 

"Դեռ երբեք չէր եղել այնպես, որ միանգամից այսքան աղջիկների հետ հանդիպեմ: Նույնիսկ մի փոքր վախենում եմ, որովհետեւ տղաների հետ կարող եմ լեզու գտնել, բայց աղջիկների հետ մի քիչ դժվար է",- կատակելով ասաց IBF վարկածով աշխարհի չեմպիոն, արքա Արթուր Աբրահամը, որը  երեկ հանդիպման էր Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Նա 31 մենամարտ է ունեցել՝ բոլորն էլ հաղթանակով է ավարտել:
Հանդիպման համար տրամադրել էին մոտ 200 հոգանոց դահլիճ, որը շատ փոքր էր բոլոր ցանկացողներին տեղավորելու համար, եւ ուսանողների միայն 10 տոկոսը կարողացավ ներս մտնել: Որոշ մասը ոտքի վրա էր մնացել, իսկ հավատարիմ երկրպագուների մի ոչ ստվար զանգված էլ դրսում վանկարկում էր՝ "Արթուր", քանի որ ներս մտնելու հնարավորություն չունեին: Ռեկտոր Սուրեն Զոլյանն ասաց, որ եթե իմանային այսքան մարդ կգար, հանդիպումը դրսում կկազմակերպեին:   
"Առավոտյան 20-25 ուսանող Արթուրին սպասում էր "Շանթ" հեռուստաընկերության մուտքի մոտ՝ լուսանկարվելու ու ինքնագիր վերցնելու համար: Եկել ենք, որովհետեւ չգիտենք՝ կկարողանա՞նք արդյոք ներս մտնել հանդիպման ժամանակ, թե՞ ոչ",- պատմեց սպորտային մեկնաբան Վարդան Թադեւոսյանը:
Բռնցքամարտի արքա Արթուր Աբրահամն իրեն արքա չի համարում. "Ես սովորական մարդ եմ: Ինձ պահում եմ սովորական մարդու նման": Նա նաեւ պատասխանեց ուսանողների հարցերին: Ասաց, որ մենամարտերից առաջ եւ հետո միշտ մայրիկին է զանգում՝ հանգստացնում նրան: "Երբ հաղթում եմ, հանգստանում եմ: Կարծես 100 կիլո բեռ ընկնի ուսերիցս: Մենամարտերի ժամանակ միայն մարզչիս ու եղբորս ձայնն եմ լսում: Կարծում եմ, որ ամենադժվար բանն է, երբ եղբայրը կռվում է, իսկ մյուսը ոչինչ չի կարող անել":
Արթուրն օգնության կարգով մի քանի մենամարտ է մեկնաբանել Գերմանիայի հեռուստաընկերություններից մեկով, բայց կզբաղվի՞ արդյոք այդ աշխատանքով բռնցքամարտից հեռանալուց հետո եւ ի՞նչ մասնագիտություն կընտրեր, եթե բռնցքամարտիկ չլիներ՝ պատասխանեց. "Ես չեմ պատրաստվում մեկնաբանությամբ զբաղվել: Եթե այս մասնագիտությունը չունենայի՝ Բրյուսովում կդասավանդեի": Ապա ժպտալով ավելացրեց. "Երեւի մյուս դասախոսներն ինձ չսիրեին":
Հայաստանում Արթուրը չի մարզվում՝ պայմաններ չկան: "Սովորաբար ես մարզվում եմ 3-4 ամիս, ապա 3 շաբաթ հանգստանում եմ՝ ուտում հաց, պանիր, կանաչի ու խորոված: Յուրաքանչյուր օրգանիզմ հանգստի կարիք ունի":
Աբրահամը հանդես է գալու "Super six" մրցամարտերին, որոնց մասնակցելու են աշխարհի 6 լավագույն բռնցքամարտիկներ: "Մենամարտերը կավարտվեն  2011թ.-ին: Մասնակցելու համար փոխել ենք քաշային կարգս՝ ավելացնելով 1 կիլոգրամ: Հունվարի 23-ին ես մենամարտելու եմ Անդրե Դիրելի հետ:  Ես նպատակադրվել եմ Հայաստանում մի մենամարտ կազմակերպել, որի ժամանակ հանդես եմ գալու մեր դրոշի ներքո":