Որպես "Հայլուրի" ռեպորտաժի հեղինակ՝ իրավապահներին զուգահեռ ես էլ իմ հետաքննությունն անցկացրեցի: Նախնական տեղեկությունը սեռական ոտնձգությունների, նաեւ դպրոցի հակահիգիենիկ պայմանների, վատ սննդի, ուսման ցածր որակի մասին ստացել էի ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ դպրոցում ծրագիր իրականացնող երիտասարդների խմբից: Կամավորներից ամենաակտիվը Մարիամ Սուխուդյանն էր: Կամավորները տարբեր պաշտոնյաների էին դիմել, պատգամավորների: Ուզում էին, որ հզոր մեկը օգնի՝ բացահայտելու դպրոցի պրոբլեմները: Անարդյունք: Բայցեւայնպես, ինձ համար դժվար էր համոզել Մարիամին, որ լավագույն տարբերակը "Հայլուրն" է: Նա չէր հավատում Հանրային հեռուստատեսությանը, չէր տալիս սեռական ոտնձգությունների մասին պատմող աղջկա` Դ. Ա.-ի, իր կատարած տեսագրությունը: Նա վախենում էր Դ.-ի համար, որ նրան կծեծեն, կճնշեն: Մի կերպ համոզեցի Մարիամին՝ տալ ինձ սկավառակը, խոստանալով, որ կգնամ Դ. Ա.-ի տուն եւ հարցազրույց կվերցնեմ նրանից: Ես կատարեցի խոստումս, եղա Դ. Ա.-ի տանը, եւ նա հաստատեց այն, ինչ ասել էր Մարիամին: Ռեպորտաժի ցուցադրությունից անմիջապես հետո` նոյեմբերի 13-ին, իմացա, որ Դ. Ա.-ի մայրը` Նաիրան, ճնշում է աղջկան, փակել է տանը: Զանգահարեցի նրան եւ փորձեցի համոզել, որ չծեծի երեխային: "Արդեն ծեծել եմ, էնպես եմ ջարդել, հենա` դիվանին քցած ա: Էլ մեզ չանհանգստացնեք",- եղավ մամայի պատասխանը:
Հետագայում ինձ զանգահարեց 11-րդ դպրոցի մեկ այլ նախկին սան` Հասմիկ Սինանյանը, որը նույնպես հայերենի ուսուցչի "զոհերից" էր: 1 տարի առաջ նա եկավ Նորք, Հ1, եւ պատմեց, թե ինչպես էր հայերենի ուսուցիչը "ձեռ-մեռ" գցում իրեն:
Այսօր, երբ Մարիամ Սուխուդյանի դեմ սուտ մատնության մեղադրանք է "սարքված", եւ նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում, մեր զրույցը պետք է որ հետաքրքրի ոչ միայն սուր զգացողությունների սիրահարներին:
"Չգիտեմ մամաս ոնց կվերաբերվի, իմանալով, որ ես եկել եմ ստուդիա՝ դպրոցի մասին խոսելու",- սկսեց Հասմիկը: Նա ամենեւին էլ մտավոր թերզարգացած երեխայի տպավորություն չէր թողնում: Վրդովված էր Դ. Ա.-ի վարքից, որը "Հայլուրով" ճիշտն ասելուց հետո մորից վախեցել եւ ոստիկանությունում գրել է, թե իբր սուտ է ասել: "Ո՞նց կարելի է խոսել մի բանի մասին, որը ճիշտ ա, հետո ճիշտը վերցնել, սուտը տեղադրել",- ասում էր Հասմիկը` աչքերում փայլ:
- Մի անգամ Լ. Ա.-ն ինձ կանչեց սուրճ դնելու: Գնացի: Որ բաժակները լվացա, եկավ, ինձ գրկեց, ձեռքը տարավ մեջքիս, նստատեղիս: Մտածեցի՝ նորմալ ա, իրա երեխաներից փոքր ենք մենք, երեւի ծնողի նման մեզ սիրում ա, գիտի, թե ծնողի ջերմությունն ինչ ա մեր համար: Մի անգամ տենց եղավ, 2 անգամ: Մտածեցի՝ էս ծնողի բան չի: Ո՞նց կարող է ծնողն իր աղջիկների հետ էդպես վարվի: Ձեռք ա տալիս կրծքերիս, գրկում է, սեղմում է: Մի օր գիշերը ինձ կանչեց, ասեց. "Արի սուրճի բաժակները լվա": Լվացի, խոսեցինք: Ասեցի, ընկեր Ա., էդ ինչի՞ց է, որ երեխաներին ուսուցիչները ձեռ-մեռ են գցում: Մի տեսակ խուճապի մատնվեց, ասեց. "Էդ ո՞ր դպրոցում ա եղել": Ասեցի. "Պարզապես հետաքրքիր է, մեր դպրոցի մասին չի խոսքը": Բա, թե՝ դա մեր խնդիրը չի, ամեն ինչ աշակերտից է գալիս: Ասեցի՝ մի հոգուց չի, երկու հոգուց չի, բոլորից հո չի՞ գալիս: Ասեց, թե դա արդեն մեր խնդիրը չի, որ տանեմ բաժակներս լվանամ: "Մեր դպրոցին չի վերաբերվում", տենց:
- Այդ նույն պատմությունը՝ բաժակները լվանալու, պատմում էր Դ. Ա.-ն:
- Հա, ինքը բոլորին էլ տանում էր բաժակներ լվանալու:
- Իսկ մեծերին, դաստիարակներին չէի՞ք ասում:
- Մի անգամ ընկեր Վարդուհուն ասեցինք: Ասեց. "Ծնող ա, ո՞նց կարա տենց բան լինի": Հետո գիշերային դաստիարակ Վադյան Աշոտին ասեցինք, ինքը, թե՝ ո՞նց կարող է նման բան լինել: Էլ ոչ մեկի չասեցինք, մեր մեջ պահեցինք: Հետո Մարիամենք եկան դպրոց, բայց ես էդ ժամանակ էլ այնտեղ չէի: Ես սկզբում չէի հավատում, մինչեւ որ ինձ հետ չկատարվեց:
- Երբ ձեռք տվեց կրծքիդ, էդ ժամանա՞կ համոզվեցիր:
- Հա, որովհետեւ ծնողը երբեք իրեն թույլ չի տա իր աղջկա կրծքին ձեռք տալ: Տնօրենը` Ենգիբարյանը, մեզ ասեց, որ նա միամիտ է ձեռքը կպցրել:
- Իսկ ծնողիդ ասե՞լ ես, որ ուսուցիչ Լ. Ա.-ն էս ձեւով է վարվել:
- Չէ, ամոթ եմ արել, ո՞նց կարող էի ասել, որ ընկեր Ա.-ն ինձ ձեռք-մեռք է գցում, անվայել բաներ է անում: Ամաչել եմ միշտ մամայիցս:
- Իսկ որ մայրդ իմանար, ի՞նչ կաներ:
- Ինձ թվում է, մամաս ինձ կհաներ էդտեղից:
Հասմիկ Սինանյանը 8 տարի է սովորել 11-րդ հատուկ դպրոցում: Նա մտավոր արատներ չունի, իր բանաստեղծությունները բերել էր հետը ստուդիա, կարդում էր, ամեն կերպ ապացուցում էր, որ ինքը առողջ է ու խելացի: Հատուկ դպրոցի ատեստատը վերցնելուց հրաժարվել էր: Գտնում էր, որ այդպիսի դպրոցի ատեստատը "խանգարվածի թուղթ" է եւ իրեն միայն կխանգարի կյանքում: Մի քանի անգամ նա հարցրել է մորը, թե ինչո՞ւ չի սովորում "մասսայական" դպրոցում, բայց թեման փոխվել է. "Մաման չէր ցանկանում էդ թեմայով խոսել": "Մաման" աշխատում էր, տանը երեխաների` Հասմիկի եւ նրա եղբոր հետ ծեր տատիկն էր մնում եւ երկար չդիմացավ: Երեխաներին դասավորեցին "թերզարգացածների" դպրոց:
"Ես որ գնացել էի ընդունվելու, տնօրենը` ընկեր Ենգիբարյանը, ասել էր, որ թուղթ պետք է բերեմ, խանգարվածի թուղթ: Չգիտեմ տատիկս ինչ արեց, ինչ չարեց, տենց թուղթ ճարեց, ինձ ընդունեցին էդ դպրոցը: Մենք կարող ա 12 հոգի լինեինք դասարանում, բոլորս միասին նստում էինք` նորմալ թե սակավամիտ, միասին վեր էինք կենում: 50-ի քառակուսին հարցրեցին մի օր, չգիտեի, արցունքները գնացին աչքերիցս: Հիվանդները խոսում էին, մենք չէինք լսում ուսուցչին: Ներվերս քայքայվում էին: Մեր ռուսերենի դասատուն` Բելբելյան Լիլիթը, միշտ գալիս էր, դասը գրում էր գրատախտակին ու գնում էր մյուսների հետ հաց ուտելու: Ես սովորել եմ 8 տարի, այդ ամբողջ ընթացքում իմ աչքերից արցունք էր գնում": Իրենց գյուղում Հասմիկը տարածել էր, թե Երեւանում նորմալ` "մասսայական" դպրոց է գնում:
- Ես նորմալ չեմ հաճախել էդ դպրոց: Ուտելիքը "վերջն" էր: Տալիս էին ճաշեր, որոնց չէիր ուզում նայել: Ջուր ու քիչ կռուպեղեն: Սոված էի մնում: Մամային պատմում էի, ասում էր. "Ո՞նց կարա տենց բան լինի: Ոչ ոք չի բողոքում, դու ե՞ս բողոքում": Մենակ հացից էինք կշտանում, փլավները փոխում էինք: Մեկս ինչ չէր ուտում` մյուսին էր տալիս. մի կերպ ապրում էինք:
- Երեխաներին հաճա՞խ էին լողացնում:
- 2 շաբաթը մեկ, ինչքան հիշում եմ՝ երեքշաբթի օրերը:
- Դու հայտնվեցիր այդ դպրոցում որպես առո՞ղջ երեխա: Ես տպավորություն ստացա, որ ձեր դպրոցում առողջ երեխաներ կան:
- Իհարկե: Շատ էին առողջները: Մի անգամ ստուգողներ էին գալու դպրոց: Մեզ ասեցին, որ պետք է ամենքս մի թերությունով ձեւանանք: Ես պետք է լինեմ սկլերոզ, դալտոնիկ:
- Այսինքն, պետք է ձեւացնեիք, որ առո՞ղջ չեք:
- Հա, ստուգողները եկան, ուրախացան, գոհ էին, որ տենց երեխաներ ենք: Բոլորս էլ ձեւացնում էինք, որ աննորմալ ենք: Ստուգողները հարցեր էին տալիս, մենք էլ գժի պես նայում էինք կողքերս:
Թերզարգացած երեխաների դպրոցում անցկացրած տարիների թերեւս միակ տեսանելի հետքը կրծած եղունգներն էին եւ այն, որ աղջիկը խոսելիս հաճախ աչքերը լցնում էր: Մնացածը չքնաղ է` խարտյաշ մազեր, բարձր հասակ, ճերմակ եւ անաղարտ մաշկ: Նա ուզում էր բաց դեմքով նկարվել: Չթողեցի` ի վերջո, Հայաստանում ենք ապրում: Կանխատեսելով, որ ոստիկանները հնարավոր է ճնշումներ գործադրեն նրա կամ ծնողի վրա, վերջին հարցն եմ տալիս. "Կարո՞ղ է ծնողդ ասի, որ սուտը գրես՝ Դ. Ա.-ի պես": Պատասխան. "Իմ մաման սուտը չի սիրում, իսկ ճիշտը մեկն է":
ՀԳ - Հասմիկ Սինանյանի հետ իմ այս հարցազրույցից մի հատված օգտագործել եմ 1 տարի առաջ "Հայլուրի" համար պատրաստած ռեպորտաժում, իսկ "հում" նյութը տրամադրել եմ նախաքննության մարմիններին: Աղջկան հարցաքննել են: Նա քննիչների մոտ կրկնել է այն, ինչ ինձ էր պատմել: Ապա իր ցուցմունքները պնդել է նաեւ Լ. Ա.-ի հետ առերես հարցաքննության ժամանակ: Անհասկանալի է, թե ինչու գործը քննող Վիգեն Մեսրոպյանը եզրակացություններ չի արել նախաքննության այս դրվագից: Չէ որ անգամ եթե ենթադրենք, թե աղջկա ցուցմունքները սեռական ոտնձգության վերաբերյալ ընդամենը նրա վառ երեւակայության արդյունքն են, դրանք արդարացիորեն գնահատելու դեպքում Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը աբսուրդի է վերածվում: