Հիմնական Էջ
Լուրեր
Քաղաքականություն
Հասարակություն
Մշակույթ
Տարածաշրջան
Որոնում Կայքում
Արխիվ
Նամակ Խմբագրին
ՍԵՎԱԿԳՐԻԳՈՐՅԱՆ
sevak@hraparak.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱ ՄԵԶ ԲՄԲՈՒԼ ՊԵՏՔ Ա՞
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
26 Մայիս [03:05]

Հայաստանի գրեթե բոլոր վարչապետները երեկ հավաքվել էին մեկ դահլիճում՝ ճգնաժամը հաղթահարելու մեթոդների մասին խոսելու:

ԲԱ ՄԵԶ ԲՄԲՈՒԼ ՊԵՏՔ Ա՞

 

Հայաստանի գրեթե բոլոր վարչապետները երեկ հավաքվել էին մեկ դահլիճում՝ ճգնաժամը հաղթահարելու մեթոդների մասին խոսելու: Հրավեր էին ստացել երկրի անկախության պատմության 12 վարչապետներից 7-ը. Անդրանիկ Մարգարյանն ու Վազգեն Սարգսյանը չկան, Արմեն Սարգսյանն ապրում է Մեծ Բրիտանիայում ու այս պահին Լոնդոնի հիվանդանոցում բուժվում է, իսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, պարզ է՝ չէին գա:

 

Հիմնական վերլուծությունը ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Նա վեր հանեց ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արեւմուտքում եւ ընդհանրապես՝ աշխարհում խորացող տնտեսական ճգնաժամի պատճառները: Բագրատյանի ելույթի պահին նախկին վարչապետներից մեկը՝ Գագիկ Հարությունյանը, հեռացավ: Նա շատ վաղուց ՍԴ նախագահ է աշխատում, ցմահ նստած է այդ պաշտոնին, թքած ունի Հայաստանի ներկայի վրա էլ, ապագայի վրա էլ: Նա իր երբեմնի գործընկերոջ գլոբալ վերլուծությունը բացարձակապես չէր լսում, էկրանին, որտեղ Բագրատյանը համակարգչով ցուցադրում էր ուսումնասիրությունների արդյունքները, չէր նայում եւ ընդհանրապես՝ քաղաքավարությունից դրդված էր եկել: Իսկ մեկ այլ նախկին վարչապետ՝ Վազգեն Մանուկյանը, բացի անտարբեր պահվածքը, նույն ընթացքում մի շատ կարեւոր գործով էր զբաղված. թղթի վրա տենդագին նկարում էր:

Հրանտ Բագրատյանը խոսում էր բարդ տնտեսագիտական տերմիններով, բերում էր համաշխարհային տնտեսության վերջին տարիների վիճակագրությունից տվյալներ, բացահայտում Ռոբերտ Քոչարյանի փչած տնտեսական աճ-փուչիկի ամբողջ սնանկությունը: Պարզվում է՝ պետությունների մեծ մասում տնտեսությունը ճգնաժամի պատճառով -3,5, -4,1 նիշով է նվազել, Հայաստանում՝ -16,8 (Ուկրաինայում եւ Ռուսաստանում նույնպես տխուր վիճակ է՝ մինուս 12-14% անկում): Ադրբեջանում եւ Վրաստանում այս տարվա առաջին չորս ամիսներին համախառն ներքին արդյունքն աճել է, Հայաստանում՝ 9,7%-ով նվազել: Հրանտ Բագրատյանն անգամ բացատրեց թե ինչ է համախառն ներքին արդյունքը, բայց Խոսրով Հարությունյանին, Վազգեն Մանուկյանին ու Գագիկ Հարությունյանին տնտեսագիտություն դասախոսելը բացարձակապես անիմաստ էր: Երբ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին Բագրատյանից հետո տրվեց ձայնի իրավունք, խեղճ մարդը կաշկանդվեց ու խոստովանեց նախորդ բանախոսի ֆոնին իր ոչ նախանձելի վիճակը: Նրա խոսքը ոչնչով չէր տարբերվում փողոցում մանրածախ առեւտրով զբաղվող բազազի տրտունջից: "Մաքսակետում ներկրողից ավելացված արժեքի հարկ են գանձում, բայց պետք է սպասեն՝ գործարարն իր ապրանքը տեղ հասցնի, իրացնի, նոր գանձեն", "հարկայինի տեսուչը գալիս-ասում է՝ բացել եմ զրոյականը, ինչ-որ բան պիտի գրեմ, եթե չգրեմ՝ մյուս գալուցս ավելի վատ կլինի", ու այս կարգի բողոքներ, որոնցով նախկին վարչապետը պարզապես մատնում էր, որ անձամբ խրված է ապրանքի մաքսազերծման կամ հարկային ծառայության տեսուչների հետ բազարներում:

Աշխարհում նորմալ ճգնաժամ է, որովհետեւ դեֆլյացիա է, ապրանքներն էժանանում են, իսկ Հայաստանում՝ ինֆլյացիա է, կառավարությանը ծաղրում էր Հրանտ Բագրատյանը: Եւ թե որոնք են հայկական ճգնաժամի խորացումը կանխելու, իրավիճակից դուրս գալու հիմնական մեթոդները, Բագրատյանը թվարկեց. ապամենաշնորհացնել տնտեսությունը, ռեզերվները շինարարությանն օգնելու փոխարեն ուղղել այլ ոլորտներ, որովհետեւ այդ շինարարությունն էր ճգնաժամի հիմնական օջախը, թույլ տալ, որ դրամն արժեզրկվի, քանի որ մեզ ուժեղ դրամ պետք չէ, իսկ արժեզրկված դրամը գնանկման հետ կապ չունի, եւ, չորրորդ՝ քրեորեն հետապնդելի արարք որակել վերավարկավորումը: Վերջին պրոբլեմը հատկապես խորացած է շինարարության ոլորտում: Հրանտ Բագրատյանի տվյալներով, Հյուսիսային պողոտայի բոլոր կառույցները մի քանի անգամ վերավարկավորված են (դա նախկին վարկը փակելու նպատակով նոր վարկ ստանալն է): Նա ունկնդիրների խնդրանքով թվարկեց նաեւ իր պաշտոնավարման տարիների առաջին երեք սխալները. նախ՝ կադր չունեին, մրցույթով նախարար էին նշանակում, երկրորդ՝ պետք է ստրատեգիական նշանակության օբյեկտներն առաջնային սեփականաշնորհման դնեին, որովհետեւ "ԱրմենՏելի" ու կոնյակի գործարանի օրինակով համոզվել է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը շատ ապաշնորհ կերպով է դրանք ապապետականացրել, եւ, երրորդ՝ բանկերի ստաբիլությունն ապահովելու նպատակով ուղղակի լկտիացրել էին բանկերին: Վերջին առումով նախկին վարչապետը զգուշացրեց, որ վտանգավոր է, երբ բանկը վարկավորում է բիզնեսը եւ բիզնեսում փայ մտնում: Այս դրսեւորումներն ամբողջ աշխարհում կան եւ ճգնաժամ են ստեղծել: Բիզնեսում փայ մտնող բանկը չի կարող անաչառ վերահսկողություն իրականացնել վարկի արդյունավետ ծախսման նկատմամբ: Տիգրան Սարգսյանը նույնպես հրավիրված էր, նա շատ օգտակար բաներ կլսեր, մի քիչ կտխրեր Բագրատյանի ուսումնասիրություններից, բայց դե՝ մարդը խորհրդի ու ընդդիմախոսների կարիք չունի, տնտեսագիտության գիգանտ է եւ ժամանակ չունի նման միջոցառումների ներկայանալու: Միջազգային տնտեսագիտական ֆորումը կազմակերպել էր ամերիկյան PFA կազմակերպությունը, վերնագրված էր "Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին":